83 սոճենի է հատել. պատճառվել է 5.646.000 դրամի վնաս

2017թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ստեփանավանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲ ընկերության վերականգնողական կենտրոնի աշխատակից Հ.Ն.-ն, աշխատանքային պայմանագրով պարտավոր լինելով բարեխղճորեն վերաբերվել գործատուի գույքին, իսկ վերջինիս պաշտպանությանը սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել նրան, վարձակալությամբ ընկերությանը տրամադրված տարածքից 4 անձանց օգնությամբ ապօրինի հատել է թվով 83 սոճենի ծառ՝ նրանց վստահեցնելով, որ ծառահատումն իրականացվում է օրինական կարգով: Արդյունքում Ստեփանավան համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.646.000 ՀՀ դրամի վնաս:

Այս մասին հայտնում է  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017թ. հոկտեմբերի 18-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3 մասով Հ.Ն.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը  դատարանի որոշմամբ մերժվել է:

Գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այս որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017թ. նոյեմբերի 16-ի որոշմամբ բավարարվել է և արդյունքում Հ. Ն. նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարվել դատախազի բողոքում նշված այն պատճառաբանությունը, որ Հ. Ն.-ն, ազատության  մեջ մնալով կարող է խոչնդոտել մինչդատական վարույթին՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի նյութերը ոչնչացնելու կամ թաքցնելու միջոցով:

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և մեղադրական եզրակացությամբ 28.12.2017թ. գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նշված քրեական գործի շրջանակներում ՀՀ բնապահ­պանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից կատարված տեղանքի զննությամբ հայտնաբերվել են ևս թվով 720 հատ տարբեր տրամագծերի սոճենի տեսակի ծառերի կոճղեր, որի կապակցությամբ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույ­թում:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել