«Սատկում-սատկում ես, բայց չես սատկում». սպանված էսքստրասենսի մայրը՝ ամբաստանյալին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով` ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար։

Մինչ դատական նիստի սկսվելը  նիստի քարտուղարուհուց տեղեկացանք, որ Մուշեղ Մխիթարյանի համար կրկին շտապ օգնություն է կանչվել: Մուշեղ Մխիթարյանը դատարան մտավ հազիվ քայլելով՝ ձեռնափայտը ձեռքին:

Դատարանը վիճաբանությունների փուլը հայտարարեց բացված, սակայն այսօր ևս չլսվեց մեղադրական ճառը:

Պաշտպան Մարինե Ֆարմանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց այն մասին, որ իր պաշտպանյալը չի կարողանում նստել և ասում է, որ չի կարողանա նիստին մասնակցել, քանի որ շատ թույլ է:

Պաշտպանը նաև  դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ շտապ օգնության բժիշկը հայտարարությամբ հանդես գա Մուշեղ Մխիթարյանի առողջական  վիճակի վերաբերյալ:

Դատարան մտավ շտապ օգնության բժիշկը և ասաց, որ Մուշեղ Մխիթարյանի մոտ նկատվել է սուր գլխացավ, շնչառության արագացում, իսկ ճնշումը 120/80 է: Նշեց նաև, որ ներարկում է արվել ցավի դեմ: Մուշեղ Մխիթարյանի վիճակը գնահատեց բավարար և ասաց, որ նա կարող է մասնակցել դատական նիստին:

Մեղադրող դատախազ Սաֆարյանը մինչ կանցներ մեղադրական ճառը կարդալուն, հազիվ լսելի ձայնով Մուշեղ Մխիթարյանն ասաց, որ չի կարող մասնակցել դատական նիստին, քանի որ իրեն լավ չի զգում: Դատարանը շտապեց ընդհատել նրան և հիշեցրեց, որ դատական նիստի ժամանակ չի կարելի տեղից խոսել:

Այդ պահին Մուշեղ Մխիթարյանի մոտ ջղաձգություն սկսվեց, և նա բավական բարձր ձայնով, այդուհետև,  գրեթե բղավելով դատարանի վրա՝  ասաց. «Դուք չե՞ք հասկանում, որ ես չեմ կարող մասնակցել նիստին: Ես ինձ լավ չեմ զգում»:

Սկսվեց թեժ վիճաբանություն Մուշեղ Մխիթարյանի և դատավոր Վարդան Աբրահամյանի միջև.

-Ես չեմ կարող նստել ու լսել նիստը: Ի վիճակի չեմ: Ես չեմ կարող հասկանալ, թե ինչ մեղադրական է հնչելու:
-Դու խոսում ես, հասկանում ես, ուրեմն քեզ լավ ես զգում: Կվերցնես ձայնագրությունը և հետո կլսես: Դուք առանձնապես ոչինչ չեք անելու: Մեղադրողը կարդալու է մեղադրական ճառը:

-Ձայնագրությունները չեմ կարող լսել: Ձայները հազիվ լսելի են լինում,- բղավելով ասաց Մուշեղ Մխիթարյանը, ապա շարունակեց,- կլինի՞ ես գնամ:Միգուցե ձեր այդ օրենքներով հնարավոր է, որ թվա, թե լավ եմ զգում, բայց ես չեմ կարող այլևս նստել, իսկ ես հիմա ձեզ հետ պարզապես զրուցում եմ: Մեղադրական ճառում հնչելու են օրենքների վերաբերյալ հղումներ, որոնք ես այս պահին չեմ կարող ընկալել:

Մուշեղ Մխիթարյանի ամբողջ մարմնով դող անցավ և նա գլուխը կախ գցեց իր ջղաձգությունից:

Դատական նիստին ներկա էր նաև տուժողի իրավահաջորդ մայրը(Անի Մաջնունյանի մայրը՝ տիկին Լորետան): Այդ վեճի պահին նայելով Մուշեղ Մխիթարյանի, ապա դատարանի ուղղությամբ, տիկին Լորետան ասաց. «Նա սուտ է խոսում: Սկի էլ իրեն վատ չի զգում: Այդպես է անում, որ նիստերն անընդհատ հետաձգվեն: Թե ինչի՞ է ուզում դրանով հասնել»: Ապա տուժողի իրավահաջորդի ձայնը լռեցրեց դատարանը:

Տեսնելով, որ ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը շարունակում է բղավելով պնդել, որ ինքնազգացողությունը վատ է և ընկալունակ չէ նիստին մասնակցելու, դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել և հաջորդ նիստի օր նշանակել 2018 թվականի հունվարին:

Այն պահին, երբ Մուշեղ Մխիթարյանը մի կերպ հևիհև իր ձեռնափայտով քայլելով դուրս էր գալիս նիստի դահլիճից, տուժողի իրավահաջորդ մայրը բղավելով ասաց. «Սատկում-սատկում ես, բայց չես սատկում»:

Մայրն արցունքն աչքերին, բարեկամի ձեռքին հենված մի կերպ դուրս գալով, ճանապարհին կանգնելով և կրկին շարունակելով քայել՝ հեռացավ նիստերի դահլիճից:
Իրավաբան.net-ի հետ զրույցում պաշտպան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ Մուշեղի մոտ հոգեբանական ծանր վիճակ է, և նա դեռ հոգեպես պատրաստ չէ լսել մեղադրական ճառը:

Մեր այն հարցին, թե՝ անցած դատական նիստի ժամանակ Մուշեղ Մխիթարյանի մոտ հայտնաբերված աղիքային ինֆեկցիայի վերաբերյալ արդյո՞ք պաշտպանը հարցում է արել «Նուբարաշեն» ՔԿՀ, Մարինե Ֆարմանյանն ասաց, որ ինֆեկցիայի վերաբերյալ հարցում արել է, բայց պատասխան դեռ չի ստացել:

Լուսանկարում՝ Անի Մաջնունյանը

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել