Ձմեռ պապիկից խնդրել եմ, որ օրը 26 ժամ դարձնի․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը Ձմեռ պապիկից խնդրել է, որ օրվա ժամերն ավելն լինեn։ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը պատասխանել է  Իրավաբան.net-ի ամանորյա հարցերին։

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ կամ անհաջողություններ ունեցաք այս տարի։

-2017 թվականն առանձնահատուկ էր ինձ համար։ Մասնակցեցի միանգամից երկու ընտրությունների, որոնցից մեկում պարտվեցի ձայների փոքր տարբերությամբ, իսկ մյուսում հաջողեցի։ Արդյունքում ներկայումս գլխավորում եմ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը։ Շարունակում եմ նաև իմ ամենասիրած աշխատանքը՝ դասավանդումը Երևանի պետական համալսարանում։ 2017-ին հիմք եմ դրել մի շարք նախագծերի, որոնք իրենց արդյունքը տալու են հաջորդ տարի, այդ պատճառով 2018 թվականին սպասում եմ անհամբերությամբ։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Տնտեսագետ Արտակ Մանուկյանը, կարծում եմ։ Նա իր հետևողականությամբ, բացահայտումներով, պրոֆեսիոնալ աշխատանքով և մոտեցումներով առանձնացել է մեր փորձագիտական դաշտում։ Կուզեի նշել նաև Դանիել Իոաննիսյանին և նրա «Իրազեկ քաղաքացի» կազմակերպությունը, որոնց բացահայտումները նույնպես կարևոր էին մեր հանրային-քաղաքական կյանքում։

-Աշխատանքային ի՞նչ զավեշտալի դեպքեր են պատահել։

-Գիտեք, որ վերջին շրջանում ակտիվ զբաղվում եմ մանկապարտեզների խնդիրներով։ Առաջին հարցը, որին անդրադարձա՝ մանկապարտեզների անկանոն աշխատանքն էր՝ ժամային տեսակետից։ Շատ հաճախ մանկապարտեզներում ծնողներին ստիպում էին երեխային սահմանված ժամից շուտ տանել տուն։ Այս հարցի բարձրաձայնումն ու հանրայնացումը լուրջ արձագանք գտավ մամուլում ու պետական ատյաններում, և մանկապարտեզների տնօրեններին խիստ հրահանգվեց ժամը 17։00-ից շուտ երեխաներին տուն չթողնել։ Եվ երբ դրանից հետո ծնողները գնում էին ժամից շուտ իրենց երեխաներին վերցնելու, տնօրենները դռները փակում էին՝ ասելով, ոչ, Հարությունյանը կգա կհաշվի երեխաների թիվը ու մեզ նկատողություն կտան։ Հիմա սկսել են իրար վախեցնել՝ բա որ Հարությունյանը գա։ Դրանից հետո դարձա տնօրենների «բոբոն»։

-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում։

-Այն, որ պետական և համայնքային կառավարման ոլորտներում շատ են պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք քաղաքական այլ պայմաններում մեծ օգուտ կտան մեր պետությանն ու Երևան քաղաքին։ Մինչդեռ ներկայիս անտաղանդ կառավարիչների ղեկավարությամբ նրանք չեն կարողանում աշխատել նույն արդյունավետությամբ և օգտակարությամբ։ Ու չնայած ես ընդդիմադիր «Ելք» դաշինքից եմ, այդ մասնագետները, երբեմն նաև՝ բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ ոչ հրապարակային մեծ աջակցություն են ցուցաբերում ինձ իմ գործունեության ընթացքում։ Սակայն մի վատ արձանագրում էլ եմ արել․ ցավոք, տարեց տարի Հայաստանում ընկնում է կրթական մակարդակը, ու դրան ամենաշատը նպաստում են գործող իշխանությունները։ Անգրագետ քաղաքացին քիչ ավելի պահանջներ է ունենում ապօրինի իշխանություններից, քանի որ նրան ավելի հեշտ է մանիպուլացնել ու կառավարել։ Դրա վառ ապացույցը տգետների շքերթն է մեր հիմնական հեռուստաալիքներով՝ իրենց միջնադարյան գաղափարներով ու պնդումներով։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ պատգամավոր, ի՞նչ փոփոխություն կակնկալեիք:

-Ինձ լիովին կբավարարի, եթե պատգամավորը լինի պատգամավոր, բայց լիարժեք իրացնի այդ լիազորություններն ու պարտականությունները, որով նրան օժտել է մեր ընտրողի քվեն։ Եթե դա անի, կդառնա Ձմեռ պապ: Ցավոք, լիարժեք իրենց պարտականությունները կատարող պատգամավորներ շատ քիչ ունենք։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Նոր տարին և ծննդյան տոները սկսում եմ նշել ընտանիքիս հետ։ Միայն մեկ անգամ եմ խախտել այդ ավանդույթը, երբ սովորում էի Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ տարի պետք է պաշտպանեի թեկնածուական ատենախոսությունս ու ստիպված տոներին չվերադարձա Հայաստան։ Մնացած բոլոր դեպքերում Ամանորն ազդարարող զանգերը լսել եմ իմ տանը՝ մերոնց շրջապատում։ Այս տարի բացառություն չի լինի, մանավանդ, որ 2017 թվականին գործի բերումով շատ քիչ հնարավորություն եմ ունեցել լինել հարազատներիս հետ։ Ամանորը միջոց է այդ բացը լրացնելու համար։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Սիրով դա անում եմ, տան կանանց օգնում եմ։ Նման աշխատանքը հնարավորություն է տալիս կտրվել աշխատանքային հոգսերից։ Հետո էլ դա նաև հնարավորություն է հյուրերի մոտ գլուխ գովելու՝ «այս ուտեստն իմ պատրաստածն է, այն աղցանն՝ իմ կտրատածը»:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Արդեն նշեցի, որ 2017 թվականին հանդես եմ եկել մի շարք նախաձեռնություններով, որոնց արդյունքը կլինի 2018 թվականին։ Ակնկալիք չունեմ, որ 2018 թվականն ավելի հեշտ է լինելու՝ 2017 թվականի համեմատ աշխատանքի ծավալով ու լարվածությամբ։ Կարևորը՝ մարդիկ ապրեն խաղաղության մեջ, լինեն առողջ։ Մնացած բոլոր խնդիրների լուծումը կարելի է գտնել։

-Ունե՞ք Ձմեռ պապիկից խնդրած և չստացած նվեր։

-Այո, մի մեծ ակնկալիք ունեմ Ձմեռ պապիկից՝ խնդրել եմ, որ օրը 26 ժամ դարձնի։ Ավել ժամերն այն էր, ինչի պակասն ամենաշատն եմ ունեցել 2017 թվականին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել