Նորություններ

Որքան զբաղված է կինը, այդքան ճիշտ է պլանավորում իր ժամանակը. Ջեմմա Բաղդասարյան

Կենսաբանության ուսուցչուհի, 2009-2017թթ.՝ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանն ասյօր օրենսդիր մարմնում է: Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

«Կանայք օրենսդիրում» շարքի շրջանակում Իրավաբան.net-ը պատգամավորի հետ զրուցել է գալիք տոների, ԱԺ-ում իր աշխատանքի և ընտանիքի մասին:

Տիկին Բաղդասարյան, երկար տարիներ զբաղվել եք հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով, իսկ Հաշմանդամների միջազգային օրը Ազգային ժողովում հանդես եկաք հայտարարությամբ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում այս ոլորտում և ի՞նչ առաջընթաց:

Այո, ես այդ օրվա առթիվ Ազգային ժողովում հայտարարությամբ եմ հանդես եկել, քանի որ ողջ աշխարհում դեկտեմբերի 3-ը և դրան հաջորդող օրերը հնարավորություն են համախմբելու բոլոր շահագրգիռ կառույցների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների ջանքերը, բարձրացնելու հաշմանդամության հիմնահարցերի մասին հանրության իրազեկվածության աստիճանը, նպաստելու հաշմանդամություն ունեցող անձանց, որպես լիարժեք և լիիրավ քաղաքացիների՝ հասարակության բոլոր մակարդակներում ներառմանը և հավասար մասնակցությանը:

Ինչպես գիտեք, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան մեր երկիրը վավերացրեց 2010 թվականին, ինչը նոր որակ հաղորդեց բոլոր իրադարձություններին շեշտը դնելով մարդու իրավունքի և իրավունքի վրա հիմնված մոտեցումների վրա: Ես հիշում եմ այդ օրը, երբ կոնվենցիայի վավերացման հարցն էի ներկայացնում  Ազգային ժողովում, որպես փոխնախարար, հարցերը շատ էին, ակնկալիքները՝ մեծ:

Այս ընթացքում մեր երկրում իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանադամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, համապատասխան վերականգնողական ծառայությունների զարգացմանը:

Այս առումով Հայաստանում շատ բան է փոխվել, և դա չի կարելի չտեսնել: Փոխվել է առաջին հերթին հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ: Նրանք հասարակության կողմից այևս չեն ընկալվում այնպիսի մարդիկ, որոնց օգնություն ու աջակցություն է անհրաժեշտ, այլ մարդիկ, ովքեր ունեն իրավունք բոլորին հավասար աշխատել և դառնալ հասարակության լիարժեք անդամ:

Իմ ԱԺ ելույթն էլ հենց դրան էր նվիրված: Ես, արդեն որպես պատգամավոր, կոչ եմ արել իմ գործընկերներին, պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներին, քաղաքացիական հասարակությանը և գործատուներին որպեսզի յուրաքանչյուրս մեր մասով և բոլորս միասին մեր ամենօրյա աշխատանքով, մեր վերաբերմունքով, մեր հստակ մոտեցումներով և կոնկրետ քայլերով ապահովվենք ներառական հասարակության համար անհրաժեշտ պայմաններ:

Իսկ ի՞նչ համակարգային խնդիրներ եք տեսնում:

-Առաջին կարևորագույն խնդիրը, ինչպես արդեն ասացի, ֆիզիկական միջավայրի մատչելիության  ապահովումն է, մյուս կարևոր հարցը համայնքային վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունն է, դա զբաղվածության խթանումն է՝ մարդուն իր հնարավորություններին համապատասխան աշխատանքով ապահովելն է:

Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին  հասարակության իրազեկվածությունը նույնպես շատ կարևոր է, որովհետև իրազեկված մարդը  ճիշտ որոշում է կայացնում, իրազեկված մարդը խնդրի նկատմամբ ճիշտ մոտեցում է ցուցաբերում, ինչի արդյունքում նաև ճիշտ վերաբերմունք է ձևավորվում:  Հիշում եմ, մի երիտասարդ աղջիկ, որը օգտվում էր սայլակից, ասաց, որ իր վրա այդքան հաշմանդամությունը չի ազդում, ինչքան հասարակության վերաբերմունքն իր նկատմամբ:

Շատերը ձևական են համարում «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը, և նախընտրում են «հաշմանդամ» բառը: Ձեր կարծիքով՝ այս երկու հասակացությունների միջև տարբերությունը մե՞ծ է:

Հարցն այն է, որ «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը պարզապես չենք վերցրել և տեղայնացրել, նոր ձևակերպումը նաև նոր մոտեցում է: Այս ոլորտում ոչ մի քննարկում չի անցել առանց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿների մասնակցության: Քննարկումներից մեկի ժամանակ ՀԿները տարբերակներ էին առաջարկում, քննարկվում էր նաև «սահմանափակ կարողություններ ունեցող անձինք» տարբերակը և ես հիշում եմ «Ունիսոն» կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքը, ով ասաց՝ ինչո՞ւ սահմանափակ կարողություններով մարդ, չէ որ բոլորս էլ սահմանափակ կարողուոթյուններ ունենք. «Օրինակ՝ ես կարողանում եմ երաժշտական գործիքի վրա նվագել, իսկ դուք՝ ո՛չ»: «Հաշմանդամություն ունեցող անձ» տերմինը ավելի ճիշտ է, քանի որ առաջին հերթին մենք պետք է տեսնենք մարդուն՝ իր իրավունքներով, հետո նրա խնդիրը, դա է սոցիալական մոդելի սկզբունքը:

Առաջին մասնագիտությամբ մանկավարժ եք, կրկին ընտրելու դեպքում ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:

Իմ կյանքն այնպես դասավորվեց, որ դրա մեծ մասը սոցիալական պաշտպանության ոլորտում եմ աշխատել, սակայն մանկավարժի մասնագիտությունը ինձ միշտ օգնել է: Բայց և այնպես, իմ աշխատանքի ընթացքում առնչվելով մարդու իրավունքների և առհասարակ իրավագիտության հետ, նորից ընտրության հնարավորություն ունենալու դեպքում երևի թե իրավաբանի մասնագիտությունը կընտրեի:

Իմ աշխատանքի ընթացքում տարբեր վերապատրաստումներ եմ անցել՝ և՛ մասնագիտական, և՛ կառավարման համակարգի, որոնք ինձ նոր գիտելիքներ և հնարավորություն են տվել: Գտնում եմ, որ մարդ ամբողջ կյանքում պետք է աշխատի ու սովորի, դա իմ սկզբունքն է:

-2001 թվականից եղել եք գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող խմբի անդամ։ Ի՞նչ առաքելություն եք իրականացրել այդ խմբում:

Այդ հանձնաժողովի հիմնական խնդիրները անհայտ կորածների և գերության մեջ գտնվող անձանց որոնողական աշխատանքներն էին, միջազգային կազմակերպությունների հետ բանակցային գործընթացների վարումն էր: Սակայն կոնկրետ ես, որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար զբաղվում էի անհայտ կորածների և գերության մեջ գտնվող անձանց ընտանիքների հարցերով: Յուրաքանչյուր ընտանիքի կարիք գնահատվում էր և փորձում էինք օգնել նրանց: Ես հանդիպումներ եմ կազմակերպել ընտանիքների հետ թե՛ Երևանում, թե՛ հանրապետության մարզերում՝ փորձելով լսել յուրաքանչյուրի խնդիրը,իրազեկել գործող ծրագրերի մասին և հնարավորության սահմաներում աջակցել նրանց:  

Հայաստանի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում տարիներ շարունակ չարաշահումներ են եղել, որոնց անդրադարձել է թե՛ դատախազությունը, թե՛ Վերահսկիչ պալատը, թե՛ԱԱԾն: Ի՞նչ կարծք ունեք այս մասին:

Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) ոլորտը այդ առումը ռիսկային է: Այստեղ չի բացառվում մարդկային և սուբյեկտիվ գործոնը: Բազմաթիվ իրավական ակտերում փոփոխություններ են եղել և բոլորի նպատակը մեկն է եղել՝ կոռուպցիոն  ռիսկերը նվազեցնել: Մի շարք քայլեր են արվել այս ուղղությամբ: Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին հնարավորություն էր տրվել մասնակցել ԲՍՓ հանձնաժողովի նիստերին, սակայն քչերն էին այս հնարավորությունից օգտվում: Թույլ էր տվել նաև, որ ԲՍՓին դիմող մարդը իրեն բուժող բժշկին հրավիրի հանձնաժողով: Առողջապահության նախարարությունից են համապատասխան ներկայացուցիչներ հրավիրվել: Մենք տեսանք սակայն, որ այդ էվոլյուցիոն աշխատանքները սպասվելիք արդյունքներ չտվեցին:

Համակարգում տիրող իրավիճակը մեզ անհանգստացնում էր և որոշում կայացվեց համակարգում արմատական փոփոխություններ  կատարելու վերաբերյալ: Մենք սկսել էինք և ներկայումս ընթացքի մեջ է համակարգի բարեփոխումները, որոնք նպաստելու են ինչպես ընդհանուր համակարգի բարեփոխմանը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, սուբյեկտիվ մոտեցումների բացառմանը, մարդկային գործոնի նվազագույնին հասցնելուն: 2018 թվականից, որպես առաջին քայլ, էլեկտրոնային եղանակով կներդրվի ԲՍՓ դիմող անձի առողջական վիճակը ներկայացնող՝ ՀՀ առողջապահության համակարգի կազմակերպությունների կողմից տրվող ֆորմուլյարը կամ օգտաքարտը:

Ի՞նչ դժվարություններ եք հանդիպում, որպես պատգամավոր, ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում:

Երկար տարիներ գործադիրում եմ աշխատել ու դա շատ է ինձ օգնում տեսնել այն բացերը, որոնք առկա են դաշտում: Այսօր արդեն ԱԺն նոր օրենքի նախագիծ է քննարկում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված: Ես հասկանում եմ, որ միայն այս օրենքով չենք կարող դաշտը ամբողջությամբ կանոնակարգել և ներկայումս աշխատում եմ նաև այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու ուղղությամբ, ինչը կբերի այդ խնդիրների հնարավորինս ամբողջական լուծման

Մեծ անելիքներ եմ տեսնում դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և սպասարկաման կազմակերպման հարցերում: Անհրաժեշտ է անել ամեն ինչ նրանց ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի ապահովման համար: Անելիքներ եմ տեսնում նաև մատուցվող ծառայությունների հասցեականության բարձրացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ: Այս խնդիրները նույնպես օրենսդրական կարգավորում են պահանջում և առաջիկայում աշխատանք ենք տանելու համապատասխան նախագծեր մշակելու և քննարկելու համար:

Տիկին Ջեմմա, մի քանի երկրների բարեկամական խմբերում եք ընդգրկված, իսկ Բուլղարիայի դեպքում հայբուլղարական միջխորհրդարանական խմբի ղեկավարն եք, ի՞նչ քայլեր եք նախաձեռնում Բուլղարիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

-ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման նստաշրջանի այս  ժամանակահատվածում Հաայստան են այցելել բուլղարա-հայկական բարեկամական խմբի ներկայացուցիչները: Նրանք նոր ընտրված պատգամավորներ են և իրազեկման խնդիր ունեին: Ես հանդիպումներ, քննարկումներ եմ կազմակերպել նրանց հետ, այդ թվում ՀՀ ԱԺ փոխնախագահի մոտ: Բուլղարիայի խորհրդարանում շատ պատգամավորներ կան, որոնք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛  Թուրքիայի բարեկամական խմբերում ընդգրկված են: Հասկանում ես, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք կա դեռ կատարելու: Փոխադարձ այցեր են նախատեսվում, և ընդհանրապես, ամեն ինչ դեռ առջևում է:

Որպես կին ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում անձնական և գործնական կյանքում:

Ինձ համար կյանքում շատ կարևոր են ազնվությունը, նվիրվածությունը, սկզբունքայնությունը, կողքինիդ հանդեպ սերն ու հարգանքը: Կարևոր է, որ մարդը միշտ պահպանի մարդկային իր տեսակը:

Որպես կին քաղաքական գործիչ ես փորձում եմ առաջին հերթին լինել խիստ և պահանջկոտ հենց իմ նկատմամբ:  Շատ աշխատել, միշտ սովորել և դրա հետ մեկտեղ  կանացի մնալ:

Դուստր, կին, մայր, տատիկ, պաշտոնյա. ինչպե՞ս եք համատեղում և հասցնում, բողոքներ չկա՞ն:

Ես երջանիկ եմ իմ ընտանիքում, որովհետև կողքիս կա իսկական ընկեր, որը հասկանում է ինձ և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում: Ինչ ունեմ և ինչին հասել եմ դա իմ ծնողների շնորհիվ է: Երկու տղաներս իրենց ընտանիքներով, հրաշք թոռնիկներս իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն են: Իրենց հաջողություններն են նաև ոգևորում ինձ աշխատանքում, որը ինձ համար շատ կարևոր է՝  երջանիկ լինելու համար:  Սիրում եմ ընտանիքիս համար ուրախ պահեր ստեղծել, փոքր և մեծ տոնական միջոցառումներ, փորձում եմ պահպանել ընտանիքի ավանդույթներըՓորձում եմ այնպես անել, որ ամեն ինչ հասցնեմ, ինչը դեռևս ինձ հաջողվում է: Իմ փորձից եմ ասում՝ որքան զբաղված է կինը, այդքան ճիշտ է պլանավորում իր ժամանակը:

-2017 թվականը մնաց անցյալում, ի՞նչ տվեց այն մեր երկրին:
-2017 թվականը  գրեթե բոլոր ոլորտներում  լուրջ բարեփոխումների տարի էր:  Բարեփոխումներն, ինչքան էլ բարդ լինեն, ուղղակի այլընտրանք չունեն:   Նրանք այլևս իրականացման ճանապարհին են:

Այս տարի  մեր  երկիրը  անցում է կատարել կառավարման նոր համակարգին, քայլեր է արվել ժողովրդավարությունը արմատավորելու,  կայուն առաջընթացի ապահովման համար:

2017 թվականի նոյեմբերի 24-ին  ստորագրվեց  ՀՀ-ԵՄ  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչը կդառնա նաև տնտեսական  համագործակցության շարժիչ ուժ և թույլ կտա լիովին օգտագործել մեր երկրին ընձռած այս հնարավորությունը:

Ինչպե՞ս եք նշելու Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

Իհարկե, Երևանում, իմ տանը, ընտանիքիս, ծնողներիս ու բարեկամներիս հետԻ դեպ, երեկ բակն եմ զարդարել, թոռնիկներս շատ էին ուրախացել:

Ի՞նչ ավանդական ուտեստներ եք պատրաստում Ամանորին:

Ես խոհանոցում լիցքաթափվում եմ, շատ եմ սիրում պատրաստել: Գովում են իմ պատրաստած «խոլոդեցը»: Սիրում եմ խոհանոցում և՛ ավանդական ուտելիքներ պատրատել, օրինակ, տոլմա, հարիսա, և այլն, և՛ իմպրովիզացիա անել: Ամեն անգամ նոր բաներ եմ ավելացնում:

Հավատու՞մ եք ամանորյա հրաշքներին և ի՞նչ հրաշքի եք սպասում 2018 թվականին:

Ոչ թե հրաշքի եմ սպասում, այլ ուզում եմ, որ խաղաղություն լինի, դա ամենակարևորն է, որ  երբ մեր տղաները բանակ գնան, մայրերը չանհանգստանան: Երազում եմ, որ 2018 թվականը մեր  երկրի համար դառնա նոր ձեռքբերումների և հաջողությունների տարի:

-Ի՞նչ նվեր են խնդրել Ձեր թոռնիկները Ձմեռ պապիկից:

-Թոռնիկներիցս մեկը մեքենա ուզել, 2,5 տարեկան է: Ամենափոքր դեռ ոչինչ չի կարողանում ասել, դեռ մի տարեկան էլ չկա: Մյուս երկուսը նամակներ են գրել Ձմեռ պապիկին, դեռ չենք կարդացել:

-Ձեր տան Ձմեռ պապիկը ո՞վ է: 

-Ես և ամուսինս: Միշտ էլ այդպես է լինում:

Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել