Նորություններ

Թոռնիկներիս իրական Ձմեռ պապը ես եմ. Դավիթ Ավետիսյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ վաստակավոր իրավաբան, ԵՊՀ դասախոս, վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանը:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-Երկրում կարծես թե տնտեսական աճ է արձանագրվել, բացասական երևույթների դեմ պայքարը նոր հարթության վրա է տեղափոխվում, Եվրոպայի հետ համագործակցությունը նոր ճանապարհներ են բացում, երիտասարդների համար կրթություն ստանալու հնարավորությունները մեծանում են, երկրի զինված ուժերում  իրականացվում են բարեփոխումներ, որոնք անկասկած բարձրացնելու են մեր բանակի մարտունակությունը, միանգամայն դրական եմ գնահատում «Ազգ բանակ» ծրագիրը:

Բացթողումների մասին. դրանք կան մեր հանրային կյանքի  բոլոր բնագավառներում՝ առանց բացառության, նրանցից մեկ-երկուսը առանձնացնելը արդար չի լինի: Հիշեցի անգլիացի փիլիսոփայի խոսքը, որն ասում էր,  կարևոր չի, թե որ կետում ես գտնվում, կարևորն այն է, թե ինչ ուղղությամբ ես գնում, եթե ուղղությունը ճիշտ է, ուրեմն հաջողության կհասնես: Հուսանք, որ մեր ընտրած ուղին ճշմարիտ է:

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Դատավորների, դատախազների, փաստաբանների մեջ, իրավապահ և գործունեության այլ ոլորտներում, գիտության բնագավառում պրոֆեսիոնալներ շատ կան, ամեն մեկը պրոֆեսիոնալ է իր գործի մեջ ու նրանցից մեկին առանձնացնելը դժվար է:

-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերում,  դատական  կամ իրավական ակտերում):

-Իհարկե, հանդիպել եմ, դրանց մասին գրել եմ  «Կյանքը երեկոյան սրճարանում» իմ պատվածքների ժողովածուի մեջ: Օրինակ, մի  քաղաքացիական գործով դատավորը գրել էր. «Ա-ից  հօգուտ Բ-ի բռնագանձել  մեկ գլուխ կով, երկու ոչխար և քսան  գլուխ անասուն…»:

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Իմ գործունեության ոլորտը հիմա դասախոսկան աշխատանքն է: Ի դեպ, մեր ընտանիքը դրանով է զբաղված, ես, տղաս, հարսս դասավանդում ենք Երևանի պետական համալսարանում, կինս՝ դպրոցում: Ես փորձում եմ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները և դրանց հիման վրա ստեղծված գիտագործնական հետազոտությունները դարձնել ուսանողների սեփականությունը, այսօր առանց այդ նյութի իմացության հնարավոր չէ պատկերացնել իրավաբանի մասնագիտությունը: Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում ակադեմիկոս Գ. Ղազինյանի ղեկավարությամբ պրոֆեսորադասախոսական հզոր կազմ է աշխատում, ուր դասավանդում են միայն տասնվեց դոկտոր պրոֆեսորներ, տաղանդավոր երիտասարդ գիտնականներ: Մենք այդպիսի պոտենցյալ երբևէ չենք ունեցել: Ինչ խոսք, մեծ պատիվ է այդպիսի մարդկանց հետ աշխատելը: Սակայն ինձ ավելի շատ զարմացնում են ուսանողները: Ես մագիստրատուրայում եմ դասավանդում, միայն տեսնել է պետք, թե ինչ խելացի երիտասարդներ ունենք:

Իսկ ինչ վերաբերվում է նոր օրենքների և օրենսգրքերի ընդունմանը, դրանց հետ կապված զարմանալու ոչինչ չունեմ, 90- ական թվականից սկսած օրենքներ ենք ընդունում, դատաիրավական բարեփոխումների մի փուլից անցնում ենք մյուսը: Ափսոս, նրանց մեջ չկա բարեփոխումների իմ տեսլականը: Զարգացած իրավական ավանդույթներ ունեցող երկրներում արդարադատության 20-30 տոկոսը իրականացվում է հասարակական հիմունքներով, ժողովուրդը մասնակցություն է ունենում նաև պետության կողմից վճարվող դատավորների կողմից իրականացվող արդարադատությանը: Առարկում  են, թե մենք փոքր երկիր ենք, դա մեզ մոտ հնարավոր չի: Ես դրա հետ համաձայն չեմ: Միջազգային փորձը հակառակն է վկայում: Նորմալ չեմ համարում, երբ արդարադատության ակադեմիան ավարտած և դատավորի փորձ չունեցող անձը միայնակ ցմահ ազատազրկման դատավճիռ է կայացնում: Թեև իրականացվող բարեփոխումներում առաջընթաց քայլեր նկատում եմ, սակայն ես ռադիկալ փոփոխությունների կողմնակից եմ և գտնում եմ, որ դատաիրավական բարեփոխումները պետք է տարվեին այն ուղղությամբ, որ ժողովուրդը անմիջական մասնակցություն  ունենար արդարադատության բուն գործընթացին, միայն այդ ճանապարհով է հնարավոր ապահովել դատարանների նկատմամբ հանրության վստահությունը: Դատարաններում գործերի քանակը ավելանում է աստղաբաշխական թվերով: Անըդհատ դատավորների քանակ ավելացնելով խնդիրը չի լուծվի, այն էլ այս աաղքատիկ բյուջեի պայմաններում: Մենք պետք է ունենանք վարձատրվող դատավորներ և հասարակական հիմունքներով գործող կամավորներ, որոնք իրենց ուսերին  կկրեն արդարադատության իրականացման ծանր բեռը, ասենք ինչպես Անգլիայում, մեր հարևան Վրաստանում և ուրիշ շատ երկրներում:

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Ես կուզեի, որ Ձմեռ պապը բարի օլիգարխ լիներ, օրինակ, Մանթաշովի կամ Գյուլբենկյանի նման մեկը, և հասկանար, որ եթե երկրի տնտեսության մեջ  գերակա դիրք է գրավում, ուրեմն պետք է հանրային պատասխանատվություն ստանձնի, ժողովրդի սոցիալական վիճակը ոչ միայն իշխանությունների, այլ նաև օլիգարխների խնդիրն է, նրանք պիտի Ձմեռ պապի նման բարի և առատաձեռն գտնվեն: Գնահատեն արվեստը, գիտությունն ու կրթությունը: Իսկ եթե նա իրավաբան լիներ կնշանակեի մարդու իրավունքների պաշտպան:

-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ինչպես միշտ՝ ընտանիքիս հետ: Նոր տարին ընտանեկան տոն է: Ափսոս, որ մեծ թոռնիկս Մոսկվայում է, սովորում է կոնսերվատորիայում,  ներկա  լինել չի կարող:

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Կինս ասում է՝ ավելի լավ է չխանգարես, և տալիս է առևտուր անելու մի ճոխ ցուցակ, իհարկե, ես այդ ցուցակը խմբագրում եմ և փորձում ապահովել:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Նոր տարվանից ակնկալում եմ խաղաղություն, սահմանին կանգնած զինվորները անփորձանք տուն վերադառնան: Մեր ժողովուրդն արժանի է, որ լավ ապրի: Մենք աշխատասեր, տաղանդավոր, հայրենասեր ժողովուրդ ունենք, արժե, որ նրանք նույնքան բարեկեցիկ, ապահոված կյանք ունենան, որքան շատ ժողովուրդներ: Բարիությունը թող լինի նոր տարվա նշանաբանը:

-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Իմ խնդրանքների մասին ես վերևում արդեն ասացի, մի որդի ունեմ և հինգ թոռ, իմ թոռնիկների տարիքը տատանվում է մեկից մինչև տասնյոթը, նրանց խնդրանքները բազմազան են, սկսած խարալիքներից, վերջացրած ժամանակակից հեռախոսներով: Այս գործը թողել են իմ վրա, չէ որ թոռնիկներիս իրական Ձմեռ պապը ես եմ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել