Որո՞նք են բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառները և ի՞նչ է նշանակում ֆրուստրացիա

Բռնությամբ կատարվող հանցագործությունների պատճառները բազմազան են և ընկած են մշակույթի, հոգեբանության, տնտեսության, իրավունքի ոլորտներում:

 

Բռնության պատճառների մեջ էական դեր է կատարում այնպիսի հոգեբանական երևույթ, ինչպիսին ֆրուստրացիան է, որը բնորոշվում է որպես հոգեբանական լարվածության, անհարմարավետության վիճակ, որն առաջանում է անձի իղձերի փլուզումից և պահանջմունքները չբավարարվելուց: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է ձերբազատվել այդ վիճակից և այդ դեպքում սկսում են գործել հոգեբանական պաշտպանության տարբեր մեխանիզմներ` ագրեսիա, ռացիոնալիզացիա, ռեգրեսիա, պրոեկցիա, սուբլիմացիա: Ակնհայտ է, որ բռնության հետ հիմնականում առնչվում է ագրեսիան: Գոյություն ունեն ագրեսիայի տարբեր դրսևորումներ, մասնավորապես`

 

1. Ուղղակի ագրեսիա` ֆիզիկական բռնության գործադրումը ֆրուստատորի (այն առարկան, երևույթը, անձը, ով արգելափակում է մարդու պահանջմունքների իրագործումը, արգելք է հանդիսանում պահանջմունքների բավարարման ճանապարհին) նկատմամբ,

 

2. Տեղակալման ագրեսիա, կամ այսպես կոչված ¦քավության նոխազի որոնում: Երբ ագրեսիան և բռնությունն ուղղվում են ոչ թե ֆրուստատորի դեմ, այլ փոխարինող մեկ այլ մարդու կամ առարկայի դեմ: Մասնավորապես, երբ իրական ֆրուստատորն անհասանելի է, որովհետև, ասենք ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում, անձի վերադասն է կամ ֆիզիկապես ավելի ուժեղ է և այլն: Հնարավոր է նաև, որ ֆրուստրացիան և ֆրուստատորն անցած լինեն ենթագիտակցականի ոլորտ և մի որոշակի ժամանակ անց զգացնել տան իրենց: Բայց նույնիսկ այս դեպքում անձը չի հիշում ֆրուստրացիայի պատճառը և ֆրուստատորին:

 

 

3. Ազատ լողացող զայրույթ, երբ անձն ագրեսիա է դրսևորում յուրաքանչյուր կոնֆլիկտային իրադրությունում: Սրա պատճառն անձի վաղ սոցիալիզացիայից սկսած անընդհատ ֆրուստրացված վիճակում լինել է:

 

Քանի որ ֆրուստրացիան, բացի ագրեսիայի պաշտպանական մեխանիզմից, առաջացնում է նաև պաշտպանական այլ մեխանիզմներ, ապա պարզ է դառնում, որ ագրեսիայի նշված տեսակների առաջացումը և բռնության գործադրումը կախված են անձի առանձնահատկություններից: Օրինակ` ամեն մարդ չէ, որ ֆրուստրացիայից ձերբազատվելու համար բռնություն կգործադրի: Հնարավոր է, որ մարդը ֆրուստրացիայից ձերբազատվի, ասենք, վերբալ ագրեսիայի միջոցով (բամբասանք, վիրավորանք, զրպարտություն): Հնարավոր է նաև սուբլիմացիա, այսինքն` ցածրակարգ պահանջմունքի և նպատակի վերափոխումը բարձրակարգ պահանջմունքի ու նպատակի (օրինակ` ստեղծագործական գործունեություն):
Բռնությանը նպաստում են մի շարք անձնական առանձնահատկություններ, մասնավորապես դյուրագրգռությունը, գրգռման և արգելակման ֆիզիոլոգիական մեխանիզմում գրգռման գերակայությունն արգելակման նկատմամբ, էմպաթիայի (ուրիշին ապրումակցելու ընդունակություն) բացակայությունը, որոշակի հոգեկան շեղումները, որոնք թույլ չեն տալիս լիովին ադեկվատ արտացոլելու և ընկալելու իրականությունը:

 

Բռնությանը կարող են նպաստել նաև սոցիալական գործընթացները: Նախ` աղքատությունը, գործազրկությունը, սոցիալական բևեռացումը ֆրուստրացնող գործոններ են: Բացի դա, սոցիալական միջավայրը կարող է ¦սովորեցնել§ բռնության գործադրման: Շատ կրիմինոլոգներ գտնում են, որ բռնության գործադրումը ուսուցման արդյունք է: Մարդն ընդօրինակում է վարքագծի այն ձևերը, որոնք տարածված են տվյալ միջավայրում և որոնք որոշակի օգուտներ են բերում:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել