Նորություններ

Կարծում եմ իրավաբան Ձմեռ Պապը կխաթարեր մանկական հեքիաթը, անմիջապես թոշակի կուղարկեի նրան․ Հովհաննես Մանուկյան

Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։ 

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ: 

-Անցնող տարին սովորական տարի էր, հիմնականում ընթացիկ գործեր էին և ավելի շատ սպասողական վիճակ գրեթե բոլորի մոտ՝ 2018-ի քաղաքական նոր փուլի և նոր վերադասավորումների պահով: Ձեռքբերումներ և բացթողումներ ամեն ոլորտում էլ կգտնվեն, անդառնալի կորուստների մասին է պետք մտածել, իսկ մնացածը հնարավոր է շարունակել,  փոփոխել և լրացնել հաջորդ տարիներին, ժամանակը կանգ չի առնում…

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Մեր հայրենակից Գարո Փայլանը, ով ողջ տարվա ընթացքում սառը ցնցուղը վայր չդրեց:

Հանդիեպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտերի): 

-Բլոգեր Ալեքսանդր Լապշինի դատավարությունն էր հետաքրքիր, նրա ազգային և քաղաքացիական պատկանելիությունը, դատավարական ֆարսը և Ադրբեջանի հանդեպ այլ պետությունների կողմից մեզ համար ցուցիչ  հանդիսացող վերաբերմունքը:  Արդյուքնում պարզ չդարձավ խոսքի ազատությունը ետնահանջ ապրեց, մարդու իրավունքներն առավել ոտնահարվեցին, թե Արցախի մասին շատերն իմացան:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց Ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն): 

– Վաղուց դադարել եմ զարմանալ, առավել ևս դժվար ինձ զարմացնեն իրավական ակտերը կամ դատավճիռները: Դրանք կարող են լինել վիճելի, թերի, անտեղին, բայց` երբեք ոչ զարմանալի:

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ Պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Երեխաները կստանային ոչ թե իրենց խնդրած և երազած նվերները, այլ՝  տեսակավորված, ըստ անհարժեշտության  և առաջնահերթության, թեև պիտանի, բայց գուցե անհետաքրքիր նվերներ: Կարծում եմ իրավաբան Ձմեռ Պապը կխաթարեր մանկական հեքիաթը, անմիջապես թոշակի կուղարկեի ։) ։

Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ընտանիքիս հետ, բոլոր հայ ընտանքիների նման:  Տոնական տրամադրությամբ, Նորի ակնկալիքով…

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

– Սիրում եմ  մտերիմներիս զարմացնել խոհարարական արվեստի նոր ամրոցների գրավմամբ ( ժպտում է), աշխատում եմ ամեն անգամ առավել հետաքրքիր ու համեղ բան պատրաստել՝ խառնելով տարբեր ազգերի խոնահնոցներն ու ավելացնելով իմ ձեռագիրը:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալել ոչինչ պետք չէ, ընդամենը պետք է սահմանել նպատակ և աշխատանքի, համառության շնորհիվ հասնել դրան:

Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից: 

-Երեխաներին հատուկ այսօր մի  տեմպ, շտապողականություն կա ու դրանից ծնվող անհամբերություն: Մինչև Ձմեռ Պապիկի նամակի տեղ հասնելը երեխաները չեն կարողանում սպասել նվերին: Որդիս՝ Ալեքսանդրն էլ է այդպես վարվում, նամակի բովանդակությունը պատմում  է և առաջարկում մինչև Ձմեռ Պապի այցը, նվերը ես գնեմ: Այս տարի հեռախոս է ուզել, կարծում եմ կստացվի ձգել նրա լավ իմաստով անհագիստ սպասողական վիճակը մինչ նվերների հանձնման ժամը…

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել