«Շատ հաճախ եմ լինում խոհանոցում և սիրով եմ պատրաստում ինձ ու իմ սիրելիների համար». Արման Ղարիբյան

Իրավապաշտպան Արման Ղարիբյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմել է իր տարվա ձեռքբերումների, տարվա ամենահամարձակ իրավապաշտպանի և տոները անցկացնելու իր տարբերակի մասին:

Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականըի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2017 թվականն առանձնացավ նրանով, որ առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ՝ սահմանադրական փոփոխություններից հետո: Ու չնայած այն պնդումներին, որ Հայաստանը գնում է խորհրդարանական հանրապետություն դառնալու ճանապարհով, քաղաքացիներին չբացատրվեց Խորհրդարանի ու խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, ինչի արդյունքում հասարակության ճնշող մեծամասնությունը շարունակեց անտարբերություն ցուցաբերել ընտրական գործընթացի նկատմամբ՝ չկարևորելով իր քվեն: Փոքրիկ ձեռբերում կարելի է համարել Օրինաց երկիր-Հայկական վերածնունդ կուսակցության պարտությունը այդ ընտրություններում: Գոնե այդ մի հարցում հասարակությունը ցույց տվեց, որ իշխանությանը ծառայող ուժը մերժելի է:

Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, ով չնայած այն հանգամանքին, որ իր դեմ քրեական հետապնդում է իրականացվում և իրեն սպառնում է 5-8 տարի ազատազրկում, ողջ տարվա ընթացքում շարունակել է գործել որպես իրավապաշտպան և ներկայացրել է այլ քաղաքացիների շահերը քննչական մարմիններում և տարբեր ատյանի դատարաններում: Պարզապես ապշեցուցիչ էր տեսնել, թե ինչպես մեկ գործով ամբաստանյալը կարող է իր նիստի ավարտից հետո մտնել նույն դատարանի այլ դահլիճ ու պաշտպանել քաղաքացու իրավունքները: Կարծում եմ, որ Մարինա Պողոսյանը 2017 թվականի ամենահամարձակ իրավապաշտպանն է:

Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

-Իմ կարծիքով՝Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում ընթացող բոլոր դատական նիստերը մի մեծ զավեշտ են: Այդտեղ պարզապես չի լսվում, թե ինչ են խոսում դատավարության կողմերը: Մի առիթով արդեն ասել եմ, որ այդ դահլիճում ընթացող դե յուրե դռնբաց դատական նիստերը դե ֆակտո դռնփակ են, քանի որ հանրությանը ամբողջությամբ հասանելի չէ, թե ինչ է կատարվում նիստի ընթացքում: Կարծում եմ, ՀՀ դատական դեպարտամենտը լուրջ անելիքներ ունի այս ուղղությամբ և որքան արագ, այնքան լավ:

Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

-Ինձ ամենից շատ զարմացնում էր ընտանեկան բռնության մասին օրենքի նախագիծը քննադատողների մտքի «թռիչքը»: Այնպիսի աբսուրդային մեկնաբանություններ էին անում, որ սկսում էիր կասկածել այդ մարդկանց հոգեկան հավասարակշռության վրա: Նույնիսկ չգիտեմ, թե որ տարբերակն է ավելի վատ, այն որ այդ մարդիկ դիտավորյալ էին ապատեղեկատվություն տարածում, թե այն, որ նրանք գուցե հավատում էին իրենց ասածին…

Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Ձմեռ պապին վաղուց ունի մի շատ կարևոր «պաշտոն»՝ մանուկներին երջանկացնելու և ուրախացնելու առաքելությամբ: Նա շատ ուրախ և զվարթ պապիկ է, կարծում եմ, չարժե նրան բերել իրավական դաշտ:  

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Կողակցիս հետ մեկնելու ենք Բուդապեշտ՝ Երևանից հետո իմ երկրորդ ամենասիրելի քաղաքը, իսկ տարեմուտից հետո մեկնելու ենք Կանարյան կղզիներ, որտեղ մեզ շատ մտերիմ ընտանիքի հետ էլ անցկացնելու ենք ձմեռային հանգիստը:

Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Ոչ, քանի որ իմ տանը Ամանորին գրեթե ոչինչ հատուկ չենք պատրաստում: Իսկ այլ օրերին շատ հաճախ եմ լինում խոհանոցում և սիրով եմ պատրաստում ինձ ու իմ սիրելիների համար:

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալում եմ, որ կլինեն օրենսդրական բարեփոխումներ՝ դատական նիստերի լուսաբանումը կամայական խոչընդոտումներից ու սահմանափակումներից ազատելու ուղղությամբ:

Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Ես խնդրում եմ Ձմեռ պապիկից, որպեսզի 2018 թվականին Հայաստանում ապրող աղքատ բնակչությունը սոցիալական բունտի դիմի ու պահանջի իրենից տարիներով թալանված ունեցվածքի վերաբաշխում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել