Նորություններ

Ի՞նչ նվեր է խնդրել փաստաբան Գևորգ Գյոզալյանը Ձմեռ պապիկից

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը Իրավաբան.net-ին պատմել է իր տարվա ձեռքբերումների, տարվա ընթացքում հանդիպած զավեշտալի դեպքերի և Ձմեռ պապիկից խնդրած նվերի մասին:

-Ինչո՞վ առանձնացավ 2017 թվականը,  ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:

-2017 թվականը ինձ համար որևէ բանով չառանձնացավ նախկին տարիներից։ Այս տարի ունեցա անձնական՝ ոչ մասնագիտական ձեռքբերումներ։ Կապված բացթողումների հետ. առանձնապես չեմ մտաբերում դրանք, թեև վստահ եմ, որ դրանք կան։

-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:

-Ինձ համար հարցն այն չէ, թե ով որքանով է պրոֆեսիոնալ, այլ հարցն այն է, թե այդ անձի պրոֆեսիոնալիզմը որքանով նպաստեց ընդհանուրի բարեկեցությանը։ Այս տեսակետից պետք է նշեմ, որ պրոֆեսիոնալ մասնագետներ շատ կան թե՛ պետական կառավարման համակարգում, և թե՛ մասնավոր դաշտում, սակայն այդ պրոֆեսիոնալների գործունեության արդյունքում ես չեմ նկատել, որ ընդհանուրի բարեկեցությունը մեկ քայլով առաջ շարժվի, սրան հակառակ տեսել եմ, որ այդ պրոֆեսիոնալների անձնական բարեկեցությունն է հատել թույլատրելի սահմանը։ Այնպես որ, ես չեմ առանձնացնի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ, այլ կառանձնացնեմ գիտուն և իմաստուն։ Երկրորդ տեսակի անձանց, ցավում եմ, բայց չեմ հանդիպել, իսկ առաջին տեսակի նկատմամբ խորապես անտարբեր եմ։

-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի,  դատական  կամ իրավական ակտեր) :

Ցավոք սրտի իմ մասնագիտությունն այնպիսին է, որ զավեշտն անպակաս է լինում։ Որպես թարմ օրինակ կառանձնացնեմ մի քանի օր առաջ ԱԺ-ում քննարկվող դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները։ Մասնավորապես, ԱԺ-ն տեղյակ չէր, որ իր քննարկածը սահմանադրական օրենք չէ և մեկի սխալի պատճառով այն դարձավ սահմանադրական օրենք։ Նշածս ցույց է տալիս, որ եթե ԱԺ-ում է այսպիսի զավեշտ տեղի ունենում, ապա ակնկալել, որ մեր երկիրը մոտ ապագայում կդառնա իրավական, սխալ է։ Չեմ խոսում մյուս զավեշտների մասին, որին կրկին ականատես եմ եղել թե՛ ԱԺ-ում և թե՛ Կառավարությունում։ Այս մարմինների զավեշտները գերազանցեցին դատական իշխանության զավեշտներին։

-Այս տարվա ընթացքում ի՞նչը  Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):

Ես վաղուց արդեն չեմ զարմանում պետական իշխանության ներսում կատարվող երևույթների նկատմամբ և այս տարին ևս բացառություն չէ։

-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:

-Չգիտեմ ինչ կլիներ, բայց որևէ պաշտոն չէի տա, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անգամ լավ մարդը հայկական պաշտոններից ձևախեղվում է, ուստի եկեք խնայենք Ձմեռ պապուն։

– Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:

-Ինչպես միշտ իմ հիասքանչ ընտանիքի հետ։

-Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:

-Մեր տան իշխանությունների տարանջատման սկզբունքը ցավոք սրտի ինձ շատ թույլ չի տալիս միջամտելու գործադիր իշխանության գործունեությանը, ուստի այս առումով պատրաստողի դերում հայտնվում եմ այնքանով, որքանով անհրաժեշտ է լինում հոգալ սեփական կարիքները։ Իսկ եթե հարցին լուրջ պատասխանեմ, ապա թե՛ իմ, և թե կնոջս զբաղվածություն այն աստիճանի է, որ մենք միայն 31-ին ենք ազատվում մասնագիտական գործերից և այս առումով ամանորյա օրերին և առհասարակ, մեզ օգնության է հասնում իմ սիրելի մայրը։

– Ի՞նչ ակնկալիքներ կան 2018-ից:

-Ակնկալում եմ, որ 2018թ-ը կլինի իրական փոփոխությունների տարի, պետական ապարատում կոսմետիկ ձևականություններին վերջ կդրվի և մարդիկ կզբաղվեն այն գործով որն անհրաժեշտ է նորմալ երկիր ունենալու համար։ Ակնկալում եմ, որ խոսքերն իրենց տեղը կզիջեն գործերին և մարդիկ ի վերջո կտեսնեն այն սպասված գործը, որն անհրաժեշտ է արտագաղթի միտքն առհավետ արմատախիլ անելու համար։ Ցանկանում եմ նաև ակնկալել, որ գալիք տարում մենք ստիպված չենք լինի բարեփոխման անվան տակ ապրել հերթական սահմանադրական փոփոխություններ մղձավանջը։

-Դուք, Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել  Ձմեռ պապիկից:

-Սեր և արդարություն։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել