Ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու՝ ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստը կայացավ

2017 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ Վարչական դատարանում ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ առաջին դատական նիստն էր նշանակված:

Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2008 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:

Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նրա մուտքի արգելքը վերացնելու հարցով 2017 թ. մարտի 10-ին դիմել ՀՀ ԱԱԾ: Վերջինս մերժել է ինչպես այս դիմումը, այնպես էլ դիմումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը: 2017 թ. մայիսի 3-ի որոշմամբ ԱԱԾ-ն վերահաստատել է նախկինում հայտնած դիրքորոշումը և պնդել, որ «ՀՀ մուտքի արգելքը չվերացնելը հիմնավոր ու իրավաչափ է»:

2017 թ. հունիսի 6-ին Ալ. Վարպետյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Չատինյանը ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում Ալ. Վարպետյանի տվյալները ներառելը և վարչական բողոքը մերժելու որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու հարցով դիմել է դատարան:

Հիշեցնենք, որ 2015 թ. մայիսին ֆրանսահայ մեկ այլ գործչի՝ Ժեան-Բապտիստե Օզկիրիսյանի (Շանթ Ոսկերչյան) տվյալներն էին ներառվել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, և վերջինիս մուտքը ՀՀ արգելվել էր: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել էր վերջինիս իրավունքների պաշտպանությունը, և դատական կարգով բողոքարկման արդյունքում 2016 թ. ապրիլի 25-ին Շանթ Ոսկերչյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել