Հետաքննիչն ու մեղադրողը ժպտում էին քաղաքացու բողոքի ներկայացման ժամանակ

Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք  Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր  իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Գագիկ Պողոսյանի, շարունակվեց Բելլա Հարությունյանի կողմից  ներկայացված բողոքի  քննությունը: Բելլա  Հարությունյանը  բողոք  է  ներկայացրել  Կենտրոն և  Նորք  Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և խնդրել է,  որ  հետաքննիչ Աբովյանի  կողմից քրեական գործի  հարուցումը  մերժելու մասին որոշումը  վերացնել:                

Այսօրվա  դատական նիստին ներկայացել էին բողոք  ներայացնող անձը`Բելլա Հարությունյանը, Կենտրոնի 1-ին բաժնի  հետաքննիչ Աբովյանը  և մեղադրող: Նախագահող դատավորը,  բացելով դատական նիստը,  բացատրեց  կողմերի  իրավունքները  և  պարտականությունները:

Դատարանն անցավ դատաքննության փուլ: Բողոքը հիմնավորելու  համար հանդես  եկավ Բելլա Հարությունյանը և  հայտնեց, որ  ինքը  և իր  նախկին ամուսինը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են: Դրանից հետո  նախկին ամուսինն իրեն  դաժանաբար  ծեծի է ենթարկել: Կինը  դիմել է Կենտրոնի  ոստիկանություն սակայն իր հաղորդումը  հանցագործության մասին մերժվել է: Բելլա Հարությունյանը տեղեկացրեց, որ  հետաքննիչը  կողմնակալ  մոտեցում է ցուցաբերել, օբյեկտիվ  քննություն չի կատարել և դատաբժշկական փորձաքննությունը ժամանակին չի անցկացրել: Բողոքի ներկայացման ժամանակ հետաքննիչն ու մեղադրողը ժպտում էին:

Հետաքննիչն առարկեց բողոքի  դեմ: Նրա կարծիքով կատարվել է օբյեկտիվ քննություն, նյութեր  է նախապատրաստել,  բացատրություն է վերցրել  քաղաքացու  նախկին ամուսնուց,  որը  հերքեր է  ծեծի  ենթարկելու  փաստը: Վերջինս հաստատել է, որ վիճաբանություն եղել է,  սակայն նրան  չի  ծեծել: Ըստ հետաքննիչի՝ անձի  գործողությունների  մեջ բացակայել է  հանցակազմը, նյութերով քրեական գործի  հարուցումը  մերժվել է: Դատարանից նա խնդրեց մերժել քաղաքացու  բողոքը:

Մեղադրող  կողմը  նշեց, քանի որ բողոք  բերող  անձը  հետաքննիչի որոշումը չի բողոքարկել  դատախազին, ապա  նոր միայն  դատարան,  դատավարական  խախտում է  տեղի  ունեցել: Մեղադրողն այդ  հիմքով խնդրեց  դատարանին մերժել  Բելլա  Հարությունյանի բողոքը:

Նշենք, որ համաձայն քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի՝  քրեական գործի հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա վերադաս դատախազը այն ստանալու պահից 7 օրվա ընթացքում վերացնում է բողոքարկվող որոշումը, հարուցում է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկում է քննիչին կամ հաստատում է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը: Իսկ նույն հոդվածի 5-րդ կետի՝ քրեական գործի հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը: Այսինքն՝ օրենքը չի պարտադրում, որ  քննիչի  որոշումը  պետք  է պարտադիր  բողոքարկվի  դատախազին, նոր՝ դատարան, այլ տալիս է  բողոքարկման երկու  հնարավորություն:

Դատարանը,  հետազոտելով  գործում առկա  փաստաթղթերը, դատաքննությունը  ավարտեց  և հեռացավ խորհրդակցական սենյակ  որոշում կայացնելու: Դատավոր Գագիկ Պողոսյանը որոշեց Բելլա  Հարությունյանի  բողոքը մերժել:

Քաղաքացի Բելլա Հարությունյանը  սույն  գործով դիմել է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոն:

Հանրային թղթակից՝ Արա Ղարագյոզյան

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել