Որո՞նք են պարտադիր ապահովագրման պահանջից բացառությունները

Ըստ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի 25-րդ  հոդվածի՝ պարտադիր ապահովագրման պահանջը չի տարածվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող հետևյալ վնասների հատուցման համար պատասխանատվության վրա.

1) անհաղթահարելի ուժի (ֆորս մաժոր) հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

2) ահաբեկչական, ռազմական գործողությունների, խռովությունների կամ զանգվածային անկարգությունների հետևանքով առաջացած պատահարի արդյունքում պատճառված վնասներ.

3) վտանգավոր թափոնների տեղափոխման ժամանակ պատճառված վնասներ, եթե դրանք կապված են բացառապես վտանգավոր թափոնների հետ.

4) տուժողի դիտավորության հետևանքով տվյալ տուժողին պատճառված վնասներ.

5) պետական սեփականություն համարվող բուսական կամ կենդանական աշխարհին, օդին, մակերևութային կամ ստորգետնյա ջրերին, ընդերքին պատճառված վնասներ.

6) արվեստի գործերին, թանկարժեք զարդերին, քարերին կամ մետաղներին պատճառված վնասներ.

7) բեռների փոխադրման պայմանագրով փոխադրվող բեռներին պատճառված վնասներ.

8) օրենքով նախատեսված այլ վնասներ:

Սույն օրենքի համաձայն` պարտադիր ապահովագրման ենթակա չէ հետևյալ տրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվությունը.

1) առավելագույն արագությունը 50 կմ/ժ-ը կամ շարժիչի ծավալը 50 սմ3-ը չգերազանցող ավտոտրանսպորտային միջոցներ.

2) միայն հատուկ առանձնացված վայրերում օգտագործվող մարզական կամ ժամանցի նպատակով օգտագործվող ավտոտրանսպորտային միջոցներ` միայն այդ վայրերում օգտագործելու դեպքում.

3) բացառապես ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցներ.

4) Հայաստանի Հանրապետության տարածք առանց վարելու ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցներ` մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց օգտագործումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել