Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի և Արցախի կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ

Այսօր Ստեփանակերտում տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է երկու կառավարությունների միջև համագործակցության նման ձևաչափը՝ տարբեր ոլորտներում մոտեցումների համադրման և պետական ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում: Արցախի պետնախարարը ներկայացրել է Արցախի տնտեսության ընթացիկ իրավիճակը՝ ընդգծելով, որ 2017 թվականի 9 ամսվա տվյալներով հանրապետությունում հաջողվել է աննախադեպ` 16.5 տոկոս աճ ապահովել: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ տարբեր ոլորտներում խոշոր նախագծեր են մեկնարկել, որոնք առաջիկա տարիներին պայմանավորելու են Արցախի Հանրապետության տնտեսության կայուն զարգացումը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ իրենց յուրաքանչյուր այցն Արցախ ոգևորիչ է: «Արցախի տնտեսության զարգացման ցուցանիշները շատ տպավորիչ են: Մեր կանխատեսմամբ, այս տարի մենք նույնպես կունենանք 2017 թվականի համար նախատեսածից ավելի բարձր ցուցանիշներ, թե տնտեսական աճի, թե տնտեսական ակտիվության, թե արտաքին առևտրի և թե արտահանման ու ներմուծման առումով, և կարծում եմ՝ ճիշտ հիմք կդնենք հետագա զարգացման համար: 2018 թվականի բյուջեն տարբերվում է 2017 թվականի բյուջեից նրանով, որ մեր կարողություններից ելնելով՝ հիմնական շեշտադրումը դրել ենք կայուն տնտեսական աճ ապահովելու համար հիմք ստեղծելու վրա», – նշել է ՀՀ վարչապետը:

Կարեն Կարապետյանն տեղեկացրել է, որ երեկ Մեղրիում պաշտոնապես բացվել է Ազատ տնտեսական գոտին և հրավիրել է Արցախի բիզնեսին նույնպես ներգրավվել այդ հարթակում՝ այն շատ հեռանկարային համարելով:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ օրակարգն Արցախի Հանրապետության հետ շատ լուրջ է ու բազմազան և ընդգրկում է մի շարք ոլորտներ, այդ թվում նաև` գյուղատնտեսությունը, տարածքային կառավարումը, առողջապահությունը, թվային օրակարգը: «Ձեզ հետ միասին մենք պետք է ֆիքսենք, որ չափազանց կարևոր է, որ այն բոլոր ժամանակակից միտումները, որոնք այսօր գործում են աշխարհում կառավարման համակարգում, պետք է Արցախում դառնան առօրյա: Դա խիստ անհրաժեշտություն է», – նշել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ վարչապետը նաև շատ տպավորիչ է համարել Արցախի բարեփոխումներն ու հաջողություններն էներգետիկ բնագավառում՝ վստահություն հայտնելով, որ Արցախը դառնալու է ինքնաբավ, էլեկտրաէներգիա արտահանող երկիր:
Խորհրդակցության ավարտին ՀՀ և ԱՀ առողջապահության նախարարներ Լևոն Ալթունյանն ու Կարինե Աթայանը ստորագրել են էլեկտրոնային առողջապահությունն Արցախում ներդնելու մասին հուշագիրը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել