Նորություններ

Կառավարության որոշումը հարվածի տակ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը

Այս տարվա հուլիսին ընդունված կառավարության որոշումը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել ոչ առևտրային կազմակերպություններին։ Հուլիսի 27-ին ընդունված 910-Ն որոշմամբ ստեղծվել է  սուբսիդիաները, սուբվենցիաները և դրամաշնորհային ծրագրերը՝ որպես արտոնյալ որակավորող, փոփոխող կամ կասեցնող մասնագիտական հանձնաժողով, հաստատվել է դրա գործունեության կարգն ու կազմը: Այս նույն որոշմամբ սահմանվել է հանձնաժողովի կողմից սուբսիդիաների, սուբվենցիաների ու դրամաշնորհային ծրագրերի` որպես արտոնյալ որակավորման, փոփոխման կամ կասեցման կարգը։

Այսօր պետական կառույցների ներկայացուցիչների և շահագրգիռ քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում եղավ դրամաշնորհային ծրագրերի իրականցման իրավակարգավորումների և դրանիցից բխող խնդիրների վերաբերյալ։ Քննարկումը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։

«Ուսումնասիրելով որոշումը, գտնում ենք, որ այն ամբողջովին չի կարգավորում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը և սահմանում է հարկման խտրական մոտեցում դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների նկատմամբ»,- ասաց ծրագրի ՔՀԿ-Կառավարություն երկխոսության համակարգող Սյուզաննա Սողոմոնյանը և ներկայացրեց կառավարության վերոնշյալ որոշման հետ կապված մի շարք խնդիրներ։

Խնդրահարույց է համարվում այն, որ որոշմամաբ սահմանվում է՝  արտոնյալ կարող են որակավորվել տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնք խթանում են ՀՀ տնտեսության զարգացումը:  Այս սահմանումը  հարվածի տակ է դնում ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսական կայունությունը և հետագա գործունեությունը․ Հայաստանում կա շուրջ 4000 ՀԿ, որոնք գործունեություն են իրականցնում ոչ միայն վերոնշայլ ոլորտներում, օրինակ, արդարադատության, մշակույթի, սոցիալական ոլորտում, փոքր և միջին բիզնեսի, և այլն։ Նման մոտեցումը հանգեցնում է անհավասար մրցակցային պայմանների և դրսևորվում է որպես ակնհայտ խտրականություն դրամաշնորհային ծրագրեր իրականացնող կառույցների միջև, հետևապես և՝ սահմանում է խտրական հարկման մոտեցում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների «Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը նշեց, որ չկա որևէ հիմնավորում, չի կատարվել  որևէ հետազոտություն, թե ինչու են ընտրվել վերոնշյալ ոլորտները և ոչ այլ ոլորտներ նույնպես։ Սրան ի պատասխան՝ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը նշեց, որ այս իրավակարգավորման անհրաժեշտությունն առաջ է եկել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դեպքում առաջ եկած խնդիրը․ երբ ՏՏ ընկերությունը կարող էր խոշոր դրամաշնորհ ստանալ, դրա շրջանակներում ծառայություն մատուցել, աշխատանքներ կատարել և չհարկվել։  Միևնույն ժամանակ հաշվի է առնվել հակամրցակցային գործունեությունը կանխագար

Ս․ Սողոմոնյանը ներկայացրեց նաև այն խնդիրը, որ վերոնշյալ հանձնաժողովը, որը քննելու է, թե արդյո՞ք դրամաշնորհները արտոնյալ են, թե ոչ, կազմված է բացառապես պետական կառույցների ներկայացուցիչներից։ Հաշվի առնելով դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու առանձնահատկությունները, հարկավոր է նախատեսել նաև քաղհասարակության ոլորտի անկախ փորձագետների ներգրավում հանձնաժողովի աշխատանքներին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով: Վերջիններս կարող են փորձագիտական/մասնագիտական եզրակացություն տրամադրել գնահատվող ծրագրի և դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Մյուս կարևորագույն խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ կարգավորումները վերաբերում են միայն սուբսիդիաներին, սուբվենցիաներին և դրամաշնորհային ծրագրերերին․ «Որոշումից պարզ չէ, թե արդյո՞ք ենթադրամաշնորհային ծրագրերը նույնպես դիտվում են որպես դրամաշնորհային, թե՝ ոչ, և արդյո՞ք դրանց նկատմամբ նույնպես կիրառվելու են սույն կարգի դրույթները: Հետևապես, տարընկալումից խուսափելու նպատակով առաջարկում ենք այս հարցում հստակություն մտցնել»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Մարգարյանը հարց տվեց այն մասին, թե ի՞նչ չափորոշիչներով են որոշվելու, թե որ դեպքերում է եկամուտը արտոնյալ և որ դեպքում՝ ոչ։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Ասանեթ Ալոյանը ներկայացրեց, թե որ դեպքերում և ինչպես են հարկվելոու վերոնշյալ եկամուտները, սակայն միևնույն ժամանակ հստակ պատասխաններ չհնչեցին չափանիշների կամ ենթադրամաշնորհների արտոնյալ համարվելու կամ չհամարվելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին քննարկման մասնակիցները որոշեցին խնդրահարույց հարցերն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները համակարգել և ներկայացնել ֆինանսների նախարարություն։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել