Նորություններ

Ավազակությամբ զուգորդված սպանություն Արագածոտնում. Քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թլիկ գյուղի մոտ Երևանի բնակիչ, 1997թ. ծնված Կառլեն Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Գյումրի քաղաքի 25-ամյա բնակչին: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Կ.Գրիգորյանի դիակը հայտնաբերվել է 2017թ. փետրվարի 26-ին՝ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գյումրի քաղաքի բնակիչ՝ ծնված 1992թ., շարժառիթը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ տուժողը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երբեմն կատարել է ուղևորափոխադրումներ։ Դեպքի օրը Գյումրիի 25-ամյա բնակիչը Երևանի Լենինգրադյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի՝ Կ.Գրիգորյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համապատասխան վարձավճարի դիմաց իրեն Գյումրի տեղափոխելու շուրջ:

Պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը ուղևորվել են Գյումրի՝ Երևան-Արմավիր-Գյումրի ավտոճանապարհով։ Ժամը 17-ի սահմաններում շեղվել են հիմնական ճանապարհից և  կանգ առել Արագածոտնի մարզի Թլիկ գյուղ մոտ, որտեղ 25-ամյա երիտասարդը տուժողի մեքենան հափշտակելու նպատակով հարձակում է գործել վարորդի վրա և  դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել վերջինիս կրծքավանդակի և պարանոցի հատվածին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ 25-ամյա երիտասարդը տուժողին ավտոմեքենայից հանել է և թողել գյուղամիջյան ճանապարհին, իսկ ինքն ավտոմեքենայով փորձել դեպքի վայրից դիմել փախուստի, սակայն, շուրջ 400մ անցնելով, ավտոմեքենան մնացել է ձյան մեջ, ուստիև՝ ճանապարհը շարունակել է ոտքով և հայտնաբերվել իրավապահների կողմից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել