Բարձրագույն կրթության օրինագիծ. հանրային քննարկում` ուսանողների մասնակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկումների շարք, որի շրջանակում այսօր Երևանի պետական համալսարանում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է ՀՀ բուհերի ուսանողական խորհուրդների, Ուսանողական ազգային ասոցիացիայի, Հանուն գիտության զարգացման շարժման ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից:

Նախարարը նշել է, որ արդեն իսկ քննարկումներ են եղել  պետական և ոչ պետական բուհերի ռեկտորների հետ. նախատեսվում է նախագծի քննարկում նաև հասարակական կազմակերպությունների և Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ: Լևոն Մկրտչյանի խոսքով` «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքի նախագծով արմատական փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն կրթության ողջ համակարգում. «Այս փոփոխությունները երեք տարվա ընթացքում պետք է հանգեցնեն նրան, որ ունենանք որակապես այլ մակարդակի բարձրագույն կրթության համակարգ: Այս իմաստով կարևոր են նաև ձեր նկատառումները՝ ինչպես բարելավել օրենքը, քանի դեռ այն քննարկման փուլում է: Օրենքի փիլիսոփայությունը հետևյալն է՝ Հայաստանը դիտարկել որպես մեկ միասնական կրթագիտական տարածք, որի կենտրոնում ուսանողն է:  Վերջինիս պետք է տալ շարժունության հնարավորություն այդ տարածքում, որպեսզի նա զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները և իր ուսումնառության ընթացքում ձևավորի յուրաքանչյուր կրթական աստիճանի համար կոնկրետ կրեդիտներ: Դրանց մի մասը նա կարող է հավաքել ուսումնական հաստատությունում, մյուս մասը՝ գիտական և այլն: Այսինքն՝ օրենքը տալիս է այդ հնարավորությունը՝ մասնակի և ամբողջական կրթության, ինչպես նաև նախաբակալավրիատի: Մյուս կարևոր փոփոխությունը պետպատվերի ձևավորման կարգն է, երբ անցում է կատարվելու կրթաթոշակային համակարգի` երեք բաղադրիչով՝ սոցիալական, առաջադիմության և նպատակային տեղերի: Սա բավականին լուրջ սոցիալական խնդիրներ կլուծի: Բացի այդ, օրինագծով ձևավորվում է բաց հարթակ՝ ակադեմիական ազատությունների և կրթական պլատֆորմների ուղղությամբ՝ կրկնակի դիպլոմներ, համատեղ ծրագրեր, ցանցային համալսարաններ, գիտություն-կրթություն-աշխատաշուկա ճկուն մեխանիզմների ձևավորում և այլն»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ փոփոխություններ են նախատեսված նաև բուհերի հաշվետվողականության բարձրացման և կառավարման համակարգի բարեփոխման տեսանկյունից:

ՀՀ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն ուսանողներին ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական դրույթները: Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում կամ լիովին վերանայվում են բարձրագույն կրթության ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ: Դրանք են՝ ուսումնական գործընթացի կազմակերպման նոր սկզբունքների և պայմանների ներդրում (բարձրագույն կրթության եռաստիճան համակարգ, բարձրագույն կրթության կարճ շրջափուլ՝ նախաբակալավրի որակավորում, մասնագիտության դոկտոր (գիտությունների թեկնածու՝ PhD), մասնագիտության կրթական ծրագրի չափորոշչի ձևանմուշի սահմանում, որակավորումների պետական գրանցամատյան, ամբողջական և մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպում և այլն),  բուհերի ֆինանսավորման սկզբունքներ և պայմաններ, դրանց ինստիտուցիոնալ ինքնավարության և հաշվետվողականության պատշաճ հավասարակշռության ապահովման ընդունված պահանջների ու մեխանիզմների ներդրում ու կիրարկում, որը ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման կարևոր պայմաններից է: Բացի այդ, միջազգային օրենսդրությանը համապատասխան բարձրագույն կրթության բնագավառին վերաբերող հիմնական և կիրառվող հասկացությունների սահմանում, ինչպես նաև օտար լեզուներով դասավանդման հնարավորության ընձեռում, բարձրագույն կրթության կազմակերպում ինտեգրված ուսուցման  ձևով, բուհերի կողմից համատեղ կրթական ծրագրերի իրականացում և համատեղ որակավորումների շնորհում,  ընդունելության նոր մեխանիզմների ու պայմանների ներդրում (ՀՀ-ում գործող բոլոր բուհերի բակալավրի աստիճանի ընդունելության համար «Հայոց լեզու» առարկայի քննության պարտադիր պահանջի սահմանում, բուհերի կողմից ընդունելության մուտքային պահանջների սահմանում և մրցույթի անցկացում), բուհերի ուսանողական մարմինների դերի հստակեցում, օրենքում դրանց դերի ամրագրում և բուհի կողմից տրամադրվող ֆինանսավորման ֆիքսված չափի սահմանում/0.2%/ և այլն:

Հանդիպման ընթացքում ուսանողները բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, ինչպես նաև հանդես եկել առաջարկներով: Մասնավորապես, նրանց հետաքրքրել են կառավարման խորհուրդներում ուսանողների ներգրավվածության ավելացման, վարձավճարների, նախաբակալավրիատի, անընդհատության սկզբունքի ապահովման, շարժունության և այլ հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել