«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահն իրեն մեղավոր չի համարում առաջադրված՝ «փողերի լվացման» մեղադրանքում

Կենտրոն և ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  մեկնարկեց  «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի և «Պարտեր» ընկերության գնահատող Հարություն Խալաթյանի գործով դատավարությունը:

Արդեն յոթ ամիս է՝ հետաձգվում են այս գործով դատական նիստերը, սակայն այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրական եզրակացությունները:

Մասնավորապես ասաց՝ Արա Կիրակոսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նպատակ է ունեցել «Հայբիզնեսբանկ»-ում իր անվամբ ձևակերպված 344.000 դոլարի վարկը մարել, ինչպեսև իր քրոջ ամուսնուն պատկանող Մոսկվայում գրանցված «Էրմանո» ընկերության ունեցած 101.000 դոլար վարկային պարտավորությունների կատարումը հետաձգել և նպատակն իրագործելու համար օգտագործել է իր կարգադրիչ լիազորությունները (եղել է այդ բանկի վարչության նախագահը), 2013 թվականի փետրվարին հրավիրել է վարչության արտահերթ նիստ, որի ժամանակ ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում, որի համաձայն՝ «Էրմանո» ընկերությանը 445.000 դոլար վարկի տրամադրումը հաստատվել է։

Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո Արա Կիրակոսյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում,  քանի որ այդպիսի արարք պարզապես չի կատարել:

Մեղադրողը ներկայացրեց նաև այս գործով մյուս ամբաստանյալ Հարություն Խալաթյանի մեղադրական եզրակացությունը: Հարություն Խալաթյանը եղել է «Պարտեր» ընկերությունում անշարժ գույքի գնահատող և մեղադրվում է այն բանի համար, որ 2012 թվականի հուլիսի 27-ին հաշվետվությամբ` Արագածոտնի մարզի Ափնագյուղում գտնվող անասնագոմը գնահատել է իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող և շուկայական արժեքից զգալիորեն բարձր` 123 միլիոն դրամ՝ լիկվիդացիոն արժեքով, այնինչ, դրա իրական լիկվիդացիոն արժեքը կազմել է ընդամենը 12.787.000 ՀՀ դրամ միլիոն դրամ։

Հարություն Խալաթյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո նույնպես դատարանին հայտնեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Իմ կատարած գործողություններում վնաս հասցնելու միտում չի եղել»,-նշեց նա:

Այնուհետև դատարանն անցավ դատաքննության փուլ և սկսվեցին հետազատվել ապացույցները։ Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը հրապարակեց մի շարք փաստաթղթեր, որոնցով, ըստ նրա, փաստվում էր, որ  445.000 ԱՄՆ դոլարի վարկային գործարքներն Արա Կիրակոսյանի կողմից կատարվել են այն ժամանակ, երբ նա եղել է «Հայբիզնեսբանկի»-ի վարչության նախագահը: Մեղադրողն ընդգծում էր, որ վարկային պայմանագրերի վերջում Արա Կիրակոսյանի ստորագրությունն ու բանկի կնիքն են դրված։

Հրապարակվեց նաև վարկառու ԱՁ Նաիրա Հովսեփյանին տրամադրված գյուղատնտեսական վարկի վերաբերյալ փաստաթղթերը, որը կազմել է  150.000 ԱՄՆ դոլար: 
Վարկը տրամադրվել  է տարեկան 12% տոկոսադրույքով: Որպես գրավի առարկա է դիտարկվել Ափնագյուղում գտնվող անասնագոմը, որը Արա Կիրակոսյանի որդու՝ Գրիգոր Կիրակոսյանի սեփականությունն է եղել։

Այսօր ցուցմունք տվեց գործով վկա Սիրվարդ  Կարապետյանը, ով «Հայբիզնեսբանկում» աշխատել է որպես գանձապահ: Իր ցուցմունքում նա նշեց, որ Վահե Հարությունյանը ներկայացրել է 101.000 ԱՄՆ դոլար մուտքի կտրոն, որը  նա պետք է փոխանցեր «Էրմանո» ընկերությանը: Ասաց նաև, որ այդ 101.000 ԱՄՆ դոլար գումարը մուտք չի արվել, բայց իրեն ասել են, որ կանխիկացնի:

Արա Կիրակոսյանի պաշտպան Հայկ Ալումյանի և վկա Սիրվարդ Կարապետյանի միջև հարց ու պատասխան սկսվեց.

-Հարգելի վկա, այդ գործարքի մեջ ո՞րն է Ձեր դերը եղել:
-Մուտքն արդեն արված է եղել: Ես ծրագրով տեսել եմ և հաստատել եմ:
-Ինչո՞վ կբացատրեք, որ շատ է տարբերվում ձեր ցուցմունքում եղած ստորագրությունն ու այն ժամանակ արված ստորագրությունը:
-Սովորաբար, որ շատ ենք ստորագրում, դրա համար լինում է, որ այն կարճ է ստացվում:
-Ամիս-ամսաթիվը հիշու՞մ եք։
-Ոչ, ես այն չեմ հիշում, բայց թղթերում կան:
-Վկա, դուք ինքներդ պետք է հիշեք,- ավելացրեց պաշտպանը:
-Ես այն չեմ հիշում:

Դատարանն այդ պահին միջամտեց և ասաց վկային, թե ինչպե՞ս է լինում, որ վկան դատարանի հարցին պատասխանելիս նշում է, որ 2013 թվականի փետրվարի չորսին եղել է աշխատանքի վայրում, իսկ պաշպտանին պատասխանում է, որ չգիտի, թե որտեղ է եղել այդ օրը: Վկան ասաց, որ ուղղակի շփոթում էր օրերը:

Դատախազը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ հրապարակվի նախաքննական փուլում հրապարակված Սրիվարդ Կարապետյանի երկու ցուցմունքը, որն էլ դատարանը բավարարեց: Պաշտպանական կողմն այդ մասով առարկություն չհայտնեց:

Խնդիրն այն էր, որ վկան, ըստ դատախազի, նախաքննական փուլում հայտնել էր,որ Վահե Հարությունյանն իրեն ասել է, թե գործարքն  Արա Կիրակոսյանինն է և այն պետք է կատարվի, սակայն այսօրվա նիստում նա պնդում էր, որ Արա Կիրակոսյանի մասին տեղեկություն չունի և չգիտի, թե Վահե Հարությունյանն ինչ նպատակով է այդ՝ 101.000 ԱՄՆ դոլարի փոխանցման  կտրոնն իրեն հաստատել տվել:

Այսպիսով, մեղադրողը կարդաց վկայի նախկինում տված երկու ցուցմունքը, որով հիշեցրեց, որ վկան հայտնել էր Արա Կիրակոսյանի անունը, իսկ  ավարտելուց հետո վկային հարց ուղղեց.

-Հարգելի վկա, հիմա դուք հաստատու՞մ եք, որ այդ գումարի կտրոնը ստորագրել եք առանց կանխիկ գումարը ստանալու։
-Այո: Վահե Հարությունյանը բերեց և ասաց, որ Արա Կիրակոսյանն է ասել՝ ստորագրի:
-Այսինքն, եթե հրամանը չլիներ վարչության նախագահի կողմից, ապա չէ՞իք ստորագրի։
-Ոչ, առանց գումարը ստանալու չէի ստորագրի:

Ընթերցողին հասկանալի լինելու համար նշենք, որ իր տված նախկին երկու ցուցմունքի ժամանակ Սիրվարդ Կարապետյանը չէր նշել, որ այդ գումարի կտրոնի կանխիկացման հաստատումը չէր անի, եթե այն հրամայված չլիներ Արա Կիրակոսյանի կողմից, իսկ այսօրվա ցուցմունքում նա նշեց հակառակը, որ այն հաստատել է, քանի որ հրամայված է եղել Արա Կիրակոսյանի կողմից:
Այսօրվա նիստի ժամանակ բացակայում էին այս գործով մյուս վկաները ինչի պատճառով դատական նիստը հետաձգվեց և հաջորդ նիստի օր նշանակվեց 2018 թվականի հունվարի վերջին:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել