ՊՊԾ աշխատակիցները 2017թ. ընթացքում 220 գլուխ մանր եղջերավոր անասուն են գողացել. ավարտվել է քրգործի նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ 4 անձինք նախնական համաձայնությամբ` խմբով, 2017 թվականի ընթացքում, տարբեր մարզերի բնակիչներին պատկանող անասնագոմեր ապօրինի մուտք գործելու եղանակով բազմիցս կատարել են մանր եղջերավոր անասունների զգալի և խոշոր չափերի հափշտակություններ:

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի բնակիչ, մինչև 2017 թվականի հունիսը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում աշխատած Սամվել Դանիելյանն ու նրա ընկերները` Ռուստամ Ջավոյանը, Անդրանիկ Խաչատրյանը և Էդվարդ Մելիքսեթյանը, գողություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2017 թվականի հունվարից օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում, խմբով, կողպեքը կոտրելու կամ դուռը տեղահան անելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Արմավիրի և Արագածոտնի մարզերի տարբեր համայնքների բնակիչների անասնագոմեր և այնտեղից հափշտակել 220 գլուխ մանր եղջերավոր անասուններ: Այնուհետև դրանք բեռնել են Է. Մելիքսեթյանի և Ա. Խաչատրյանի ավտոմեքենաները և դրանց գողացված լինելու հանգամանքը թաքցնելով` վաճառել են տարբեր անձանց՝ ստացված գումարը բաժանելով իրար միջև:

Հերթական հափշտակությունից հետո գողոնը Կոտայքի մարզի բնակչին վաճառելու պահին հիշյալ անձինք բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ նշված անձինք հափշտակել են ընդհանուր առմամբ 7,5մլն ՀՀ դրամ արժողությամբ մանր եղջերավոր անասուններ: Մասնավորապես, Ս. Դանիելյանին ու Ա. Խաչատրյանին վերագրվում է անասնագողության 23, Էդվարդ Մելիքսեթյանին` 18, իսկ Ռուստամ Ջավոյանին` 16 դրվագ:

Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

1.Սամվել Դանիելյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

2.Անդրանիկ Խաչատրյանին՝ 19 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

3. Էդվարդ Մելիքսեթյանին՝ 14 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 4 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,

4.Ռուստամ Ջավոյանին՝ 13 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 3 դրվագով՝ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 3-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել