Նորություններ

«Ես զգացմունքային մարդ եմ, բայց կոնֆլիկտային չեմ». Կարինե Աճեմյան

Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Երևանում: Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1984-1988 թվականներին սովորել է Երևանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում: Սովորել է Հայ-բրիտանական բիզնես-դպրոցում, ստացել գործարար-մենեջերի որակավորում: Եղել է «Մետրո» թատրոնի տնօրեն, Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» ֆոնդի «Նավակ-1» Դ/Ձ-ի տնօրեն: 1998թ. աշխատել է Հայխնայբանկում, սկզբում` որպես գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետեւ` աշխատակազմի եւ քարտուղարության ղեկավար:

2009թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2005թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ, մշակույթի հանձնախմբի ղեկավար:

Կարինե Աճեմյանի հետ զրուցել ենք «Կանայք՝ օրենսդիրում» շարքի շրջանակում:

-Տիկին Աճեմյան, Դուք ունեք և՛ դաշնակահարի, և՛ դերասանուհու կրթություն, ինչպես նաև  գործարար-մենեջերի որակավորում: Առաջին երկուսը միմյանց հետ կապված են, սակայն ինչո՞վ էր պայմանավորված երրորդ մասնագիտության ընտրությունը:

-Ես միշտ հետաքրքրված եմ եղել կառավարման գործընթացներով, ինձ դա հետաքրքրել է և ես առիթը բաց չթողեցի: Բացի դրանից, այն ժամանակի համար դրանք հազվադեպ հանդիպող կուրսեր էին: Այն ժամանակ ես ավելի շատ կարդում էի ու ինքնազարգացմամբ էի զբաղվում: Դասախոսներն էլ էին շատ լավը ու այդ 6-ամսյա կուրսերը ինձ մեծ օգուտ տվեցին:

-ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի կինն եք: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ անկուսակցական է, քանի որ դերասանը պետք է ազատ լինի: Այս հարցում ձեր մեջ տարակարծություններ առաջանո՞ւմ են:

-Իմ ամուսնու կուսակցական դառնալու վերաբերյալ հարց դեռ երբեք չի ծագել: Նա ամբողջովին մխրճված է իր դերասանական աշխատանքի մեջ և շատ է սիրում իր գործը: Իմ դեպքում մեծ դեր է խաղացել իմ անցած ճանապարհը: Մշտապես հետաքրքրվել եմ քաղաքականությամբ և միշտ հետևել եմ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին: Կուսակցական դառնալու որոշումը պատահական չի եղել: Իմ ամուսնու կողմից ոչ մի միջամտություն չի եղել: Դա իմ անցած ճանապարհի արդյունքն էր: Ինձ առաջարկ եղավ ու ես համաձայնեցի:

-Արա Դեղտրիկայնն էլ էր նշել, որ Դուք քաղաքական հարուստ ճանապարհ անցած պատգամավոր եք: Ներկայումս կարծես ԱԺ-ում այդքան էլ ակտիվ չեք:

-Գոյություն ունի մոնիթորինգ, որի համաձայն ԶԼՄ-ները ավելի շատ նախընտրում են լուսաբանել ընդդիմադիր թևի ներկայացուցիչների ելույթները, քան՝ իշխանական: Հաճախ եմ լսում, որ ակտիվ չեմ, բայց դա այդպես չէ: Եվ հատկապես 6-րդ գումարման Ազգային ժողովում ես ավելի մեծ զբաղվածություն ունեմ և դա վերաբերում է և՛ օրենսդրական դաշտում մեր կողմից առաջարկվող նախաձեռնություններին, և՛ կուսակացական աշխատանքներում եմ ներգրավված: Դատելով այն զբաղվածութոյւնից, որը ես ունեմ, չի կարելի ասել, որ ես պասիվ եմ:

-«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում արդեն ընդունված փոփոխությունները Ձեր և Գալուստ Սահակյանի առաջարկով են եղել: Սփյուռքը երկար ժամանակ սպասում էր այս նախագծին: Արդյոք այն չի նպաստի, որ  ավելի շատ մարդ խուսափի ծառայությունից՝ մտածելով, որ 27 տարին լրանալուն պես կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

-Ոչ, երկրորդ ընթերցմամբ մենք արդեն ընդունել եք օրենքը: Մեր հայրենակիցները շատ տարբեր պատճառներով հեռացել են երկրից, բայց այդ երիտասարդները ցանկություն ունեն վերադառնալու: Այս փոփոխությամբ մենք այդ հնարավորությունը նրանց տալիս ենք: Շատ քննարկումներ եղան, սակայն մենք կարծում ենք, որ սա մեծ հնարավորություն է: Մենք այնպիսի սահմանափակումներ մտցրինք, որ հնարավոր չլինի օրենքը այդ նպատակով օգտագործել:

 -Իսկ նախագծի լրացումների շնորհիվ քանի՞սն են Հայաստան վերադառնում:

-Ստույգ թվեր չեմ կարող ասել, բայց տարեկան 100-200 երիտասարդ վերադարձել են, իսկ դա քիչ չէ։

-Դուք պատգամավոր եք ընտրվել և՛ 4-րդ, և՛ 5-րդ, և 6-րդ գումարման Ազգային ժողովում: Բավականին երկար ժամկետ է: Ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը:

-Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկավարն է և նա տեսնում է մեր աշխատանքը: Մեր կուսակցությունում գնահատում են մարդու աշխպատանքը, և սա էլ, կարծում եմ, մեր կուսակցության գնահատականն է ինձ: Բացի դրանից, և՛ աշխարհում, և՛ Հայաստանում պետք է կարևորվի պատգամավորի փորձը: Ոչ մի տեղ չեն սովորեցնում պատգամավոր լինել, դա միայն փորձի հետ է գալիս: Պատգամավորy և՛ ճկուն պետք է լինի, և՛ ակտիվ, և՛ հասարակության մեջ հեղինակություն ու դիրք վաստակես: Եվ դա տարիների աշխատանքի արդյունք կարող է լինել միայն: Կարծում եմ, որ այդ հանգամանքը ունեցավ իր դերակատարումը:

-Տիկին Աճեմյան, նկատել եմ, որ ԱԺ-ում Ձեր ֆրակցիային տրված սենյակներից ամենափոքրը Ձերն է: Ո՞րն է  պատճառը:

-Ես տարբեր կազմակերպություններում տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել, սակայն երբեք չեմ կարևորել սենյակի մեծությունը: Ես այստեղ ԱԺ նոր մասնաշենքի վերանորոգումից հետո եմ վերադարձել ու ստացել այս սենյակը: Ինձ համար կարևոր է հարմարավետությունը, որը ես ինքս եմ ինձ համար ստեղծում: Բացի դրանից, ես մի վայրում երկար նստել էլ չեմ սիրում, ավելի շատ շարժվել եմ սիրում և այդ առումով այս սենյակը ինձ բավարարում է:

-Տիկին Աճեմյան, «Նավակ-1» դուստր ձեռնարկության տնօրեն եք եղել: Ձեր կենսագրության մեջ նշված է, որ այս ձեռնարկությունում աշխատել եք 1996-1998 թթ., սակայն «Նավակ-1»-ը պետռեգիստրում գրանցվել է 1997-ից: Ինչի՞ հետ է կապված այս անհամապատասխանությունը:

-Մենք ուշ ենք գրանցել, սակայն ես ամիսներ շարունակ աշխատել եմ այդ կազմակերպությունում: Որևէ սխալ չի կարող լինել: Պարզապես ես աշխատել եմ որպես այդ կազմակերպության ղեկավար պետռեգիստրում գրանցելուց ամիսներ առաջ: Իմ կենսագրության մեջ եղել են շրջադարձային փոփոխություններ ու այս ձեռնարկությունը դրանցից մեկն է: Սա առաջին կազմակերպությունն է, որտեղ ես տեղափոխվել եմ արվեստի բնագավառում աշխատելուց հետո:

-Շատ աշխատավայրեր ու պաշտոններ եք փոխել: Պատագամավորի աշխատանքը վերջի՞նն է:

-Ես ջերմությամբ եմ հիշում իմ անցած ճանապարհը և այն կառույցները, որտեղ աշխատել եմ: Իրականում ամենաերկարը ես աշխատում եմ ԱԺ-ում, տեսնենք հետագայում ինչպես կստացվի: Այս ինստիտուտը ինձ շատ հարազատ է: Ինձ համար մեծ օրինակ է Մեծ Բրիտանիայի պառլամենտի փորձը: Կարծում եմ՝ խորհրդարանական երկիր կառուցելու համար մենք հենց այս պետության օրինակը պետք է հաշվի առնենք:

-Ավելի կոնկրետ ի՞նչն է Ձեզ գրավել Անգլիայի պառլամենտական համակարգում:

-Ամենամեծ ցանկությունս այն է, որ ինչպես Մեծ Բրիտանիայի քաղաքացու համար է պատգամավորը ամենակարևոր մարդը, այնպես էլ Հայաստանում այդ երևույթը լինի: Այնտեղ շատ մարդիկ չեն ճանաչում իրենց նախարարներին, կառավարության այլ անդամների, սակայն ճանաչում են իրենց պատգամավորներին: Սա երկար տարիների աշխատանք է պահանջում: Ուզում եմ, որ մեր հասարակությունում պառլամենտի հեղինակությունը բարձրանա: Ժողովուրդը պետք է հասկանա, որ սա այն վայրն է, որտեղ պատգամավորները իրենց շահերն են պաշտպանում:

-Իսկ  ի՞նչ քայլեր եք արել Դուք՝ մարդկանց ավելի մոտ ու ճանաչելի դառնալու համար:

-Ես մեծ բավարարվածությամբ պետք է ասեմ, որ ինձ շատ մարդիկ  են ճանաչում ու, ճանաչելուց բացի, ինձ նաև հարգում են, ջերմ են վերաբերվում: Ես դա վաստակել եմ՝ իմ աշխատանքով: Ե՛վ ընտրություններից առաջ, և՛ ընտրություններից հետո մշտապես լինում եմ մարզերում, գյուղերում, ինչպես նաև Արցախում: Ես միշտ համարել եմ, որ մենք Արցախի շահերն էլ ենք պաշտպանում: Ժողովրդի հետ կապը միշտ պահպանում եմ:

-Ղեկավարել եք նաև «Մետրո» թատրոնը: Ձեր գործընկերներից մի քանիսը նշում են, որ լավ ղեկավար եք եղել, սակայն Ձեզ խանգարում էր Ձեր բնավորությունը: Հաճախ պոռթկումներ եք ունեցել, ամեն ինչին էմոցիոնալ եք արձագանքել: Այլ է իրավիճկը Ազգային ժողովումը, այստեղ Դուք շատ հանգիստ եք: Ի՞նչն է պատճառը:

-Ես շատ զգացմունքային մարդ եմ, բայց շատ քչերն են դա նկատում: Քաղաքականության մեջ պոռթկումներ, չմտածված գործողություններ չի կարելի թույլ տալ: Ես զգացմունքային եմ, բայց կոնֆլիկտային չեմ: Քաղաքականությունը մրցակցային դաշտ է, և այդ մրցակցության մեջ նույնիսկ կին-տղամարդ հարաբերություններում դա կարող է վատ անդրադառնալ կնոջ վրա: Հնարավոր է զայրանամ, բայց կարողանում եմ ինձ կառավարել: Ես կողմնակից եմ ավելի հանգիստ մթնոլորտում հարցեր քննարկելուն: Հասարկությունն էլ այդ բացասական իմպուլսները լավ չի ընդունում, զգում է և լավ չի լինում:

-Տիկին Աճեմյան, նշել եք, որ Ձեր ամենասիրելի տոներից մեկը Ամանորն է: Ինչո՞ւ եք հենց այս տոնին այդքան ուշադրություն դարձնում և ինչի՞ հետ է Ձեզ մոտ ասոցացվում այն:

Ոչ թե ամենասիրելիներից մեկն է, այլ ամենասիրելին է՝ դեռ մանկուց: Ես շատ մեծ ջերմությամբ եմ հիշում Նոր տարվա օրերը, այդ տոնակատարությունները մեր տանը, մեր ընտանիքի բարեկամներին ու ընկերներին: Մայրս շատ համեղ էր պատրաստում: Ամանորը շատ համով հոտերի, նվերների, գեղեցիկ մարդկանց ու շատ ջերմ ժամանակներ էին ու ես միշտ աշխատում եմ ընտանիքիս հետ լինել այդ օրերին, քանի որ դա ամենաընտանեկան տոնն է: Տարվա ընթացքում շատ մեծ է զբաղվածությունն ու լարվածությունը, որ ես ու ամուսինս անհամբեր սպասում ենք Ամանորի տոներին, որպեսզի մի փոքր հանգստանանք:

-Ինչպիսի՞ սեղան է պատրաստում Կարինե Աճեմյանը Ամանորին:

-Վերջին տարիներին մենք աշխատում ենք շատ չծանրաբեռնել տոնական սեղանը, աշխատում ենք ծանրաբեռնվել զգացմունքներով: Հայերի մոտ այդ ավանդական հայակական սեղանը, սեղանի բուդը մեծ նշանակություն է ձեռք բերել, որը ընդհանրապես կարևոր չէ: Որկրամոլությունը մեղք է: Այդ օրերին ես և ամուսինս շատ քիչ ենք ուտում:

-Ձեր աղջիկը արդեն երկար տարիներ է, ինչ ապրում է Կիևում: Ինչպե՞ս եք հաղթահարում կարոտը:

-Իմ աղջիկը և թոռնիկները, ցավոք, իմ կողքին չեն, բայց մենք աշխատում ենք, որպեսզի մեր բաժանումը շատ երկար չտևի: Այդ խրոնիկ կարոտը ինձ և ամուսնուս շատ ավելի զգացմունքային է դարձրել, որովհետև մեր կյանքում ամենակարևորը մեր աղջիկն է: Սակայն Ամանորին գալու են, քիչ մնաց:

-Ձեր տանը ո՞ր ուտեստներն են ավանդական դարձել: Դուք ինքնե՞րդ եք պատրաստում:

-Ես և ամուսինս ենք պատրաստում: Նա մեծ հաճույքով ինձ օգնում է: Ունենք ավանդական ուտեստներ: Իմ մայրիկի բաղադրատոմսով պատրաստում եմ հնդկահավ, ինչպես նաև շատ եմ սիրում քաղցրավենիք սեղանին: Չրեր եմ դնում, որոնք հենց մեր ամառանոցի ծառերի բերքից եմ պատրաստում: Ես միշտ հորդորում եմ մեր հայրենակիցներին քիչ սևեռվել այդ սեղանների ճոխության վրա և նայել ուրիշի սեղանին:

-Իսկ Ամանորի ի՞նչ ավանդույթ ունեք: Երբ ընտանիքը հավաքվում է Դուք դաշնամուր չեք նվագո՞ւմ:

-Չէ, երկար ժամանակ է չեմ նվագում, սակայն երազումս մեկ-մեկ տեսնում եմ ինձ բեմում (ժպտում է,- հեղ․)։

Հարցազրույցը` Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Նախագծի մտահաղացման հեղինակ` Կարեն Զադոյան 

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել