Նորություններ

Յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց սահմանել 5000 դրամի չափով հատուցում. նոր նախագիծ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման դիմաց սահմանել 5000 դրամի չափով հատուցում:

Իսկ դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների բողոքարկման հանձնաժողովի անդամի կողմից յուրաքանչյուր բողոքի քննության դիմաց սահմանել 3750 դրամի չափով հատուցում:

Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարումները կատարվում են մինչև որակավորման գրավոր քննությանը հաջորդող ամսվա 15-ը:

Նշենք,  որ  գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամները յուրաքանչյուր գրավոր աշխատանքի ստուգման և գնահատման համար միջինում ծախսում են 40 րոպե, ինչը համարժեք է մեկ ակադեմիական ժամին, իսկ  գրավոր քննության արդյունքների յուրաքանչյուր բողոքի քննության համար՝ 30 րոպե:

Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը որոշելու նպատակով ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսների, Արդարադատության ակադեմիայի դասախոսների և գնահատման հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը:

Մասնավորապես, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոսների աշխատանքի վարձատրության չափը մեկ ակադեմիական ժամի դիմաց կազմում է 1000-ից 5000 դրամ՝ կախված  դասախոսի աշխատանքային ստաժից, գիտական աստիճանի և կոչման առկայությունից և այլն:

Արդարադատության ակադեմիայում մեկ ակադեմիական ժամի դիմաց դասախոսը ստանում է 5000 դրամի չափով վարձատրություն, իսկ Արդարադատության ակադեմիայի գնահատման հանձնաժողովի անդամի համար մինչև 5 գնահատված աշխատանքի դիմաց սահմանվել է 10000, 6-ից 22 գնահատված աշխատանքի դիմաց՝ 20000, իսկ 23-ից ավելի գնահատված աշխատանքի դիմաց՝ 30000 դրամի չափով հատուցում:

Վերոհիշյալը վկայում է «Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամներին վճարվող հատուցման չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել