«Ես ինձ ուժեղ եմ համարում, չեմ ցանկանում խոսքով վնասել այլ մարդկանց». զորակոչիկի գործով ամբաստանյալի աթոռին հայտնված բժիշկ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր  Դավիթ  Գրիգորյանի նախագահությամբ,  շարունակվեց վիրաբույժ, բժիշկ-փորձագետ Հայկ Խեչոյանի՝ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեղադրանքի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հայկ Խեչոյանը մեղադրվում է  զորակոչիկի մոտ պարտադիր հետազոտության ընթացքում հայտնաբերված «ձախ երիկամի հիպոպլազիա 8.6×4.2սմ չափսեր» խնդրի չարձանագրման մեջ,որի դեպքում պարտավոր էր եղել զորակոչիկին ուղարկել հետազոտման քաղաքացիական բժշկական հաստատություններ։ Սակայն հիմնվել էր սեփական փորձի ու իր կողմից կատարված ոչ լիարժեք զննության տվյալների վրա, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, 20.01.2016թթվագրված արձանագրությամբ եզրակացրել է, որ զորակոչիկը պիտանի է զինվորական ծառայությանը:

Առաջադրված մեղադրանքում Հայկ Խեչոյանն իրեն մեղավոր էր համարել և գործով նրա պաշտպան Արտակ Ալոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործն արագացված կարգով իրականացնելու վերաբերյալ, որն էլ դատարանը բավարարել էր:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատարանը պետք է լսեր մեղադրական ճառը: Սակայն Հայկ Խեչոյանի պաշտպանը՝ Արտակ Ալոյանը, նիստին չէր ներկայացել: Հայկ Խեչոյանը դատարանին հայտնեց, որ իր պաշտպանը քիչ առաջ զանգահարել է իրեն  և ասել, որ գտնվում է առողջական ոչ կայուն վիճակում՝ ունի բարձր ջերմություն:

Դատախազը դատարանին հայտնեց, որ ամեն դեպքում նա կարող է հանդես գալ մեղադրական ճառով: 
Այդուհետև, Հայկ Խեչոյանը դատարանին հայտնեց, որ, եթե նա ինքը որևիցէ բան պետք է ասի նիստի ժամանակ, ապա չի կարող առանց պաշտպանի ներկայության դա ասել,իսկ, եթե ոչինչ չի ասելու, ապա կարող է նիստը շարունակվել: Դա լսելով՝ մեղադրող դատախազ Մարտիրոսյանն ասաց, որ պետք է դատական նիստը հետաձգել՝ մյուս նիստին պաշտպանի ներկայությունն ապահովելու նպատակով:

Այսպիսով, դատական  հաջորդ նիտի օր նշանակվեց 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին:

Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում Հայկ Խեչոյանն ասաց, որ նա կարողացել է միշտ բարձր որակ ապահովել: Նա անկեղծացավ և նշեց, որ լրագրողների կողմից չեն պատրաստվում հաղորդումներ այն մասին, թե ինչ դժվարություններ են կրում բժիշկներն իրենց աշխատանքի ժամանակ, որքան լարված են աշխատում և որքան կյանքեր են փրկում։

Նա չցանկացավ  բացել  չակերտները և չցանկացավ մեղադրանքի հետ կապված հայտնել իր դիրքորոշումն այն մասով, թե ովքե՞ր այն մարդիկ, որոնք նույնպես կարող էին ունենալ իրենց մեղավորությունը՝ բացի իրենից: Հայկ Խեչոյանն ասաց, որ ուժեղ է, բայց չի ցանկանում իր խոսքով վնասել այլ մարդկանց:

Նշենք, որ Իրավաբան.net-ի հետ զրույցում Հայկ Խեչոյանի նախկին գործընկեր ներկայացած Արմեն Հակոբյանն հայտնել էր. «Ենթադրենք, Հայկ Խեչոյանը չնկատեց սոնոգրաֆիան և անցավ: Այդ գործից հետո նայում է հանձնաժողովի նախագահը: Նա էլ չնկատեց և անցավ: Մտավ Հանրապետական հավաքակայան: Չէ՞ որ այնտեղ էլ կան զորակոչային բժիշկներ, որտեղ հանձնաժողովը հատիկ-հատիկ թերթում է, երեխային մերկացնում և նայում: Իրենք էլ չնկատեցի՞ն: Ո՞նց հասավ զորքեր…»։

Մեզ հետ զրույցի  վերջում  Հայկ Խեչոյանն ասաց, որ այդօրինակ մեղադրանք կարող էին նաև չառաջադրել և գործը չհասներ դատարան.«Բայց, քանի որ հիմա ես եմ գտնվում  դատարանում, ապա պետք է ընդունեմ իմ բաժին մեղքը: Ես արդեն խնդրել եմ դատարանից, որ գործը քննվի արագացված կարգով և արդեն նշել եմ, որ ընդունում եմ իմ բաժին մեղքը»,-նշեց նա:


Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել