Նորություններ

2018 թվականի պետական բյուջեի նախագիծը քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին

Ազգային ժողովի դեկտեմբերի 6-ին կայացած նիստում ավարտվել է ««Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» նախագծի վերջնական քննարկումը, և այն քվեարկության կդրվի դեկտեմբերի 8-ին:

Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանասների նախարարության մամուլի ծառայությունից:

Նշենք, որ 2018թ. բյուջեի նախագծով ընդհանուր եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 308 մլրդ 285 մլն դրամ. որից` հարկային եկամուտների և պետական տուրքի գծով ծրագրված է 1 տրիլիոն 248 մլրդ 500.0 մլն դրամ: Ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 465 մլրդ 200 մլն դրամ, իսկ պակասուրդը գրեթե անփոփոխ է՝ 156, 9 մլրդ դրամ: ՀՀ կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները.

  • սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,
  • հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և արցախյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,
  • տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես՝ գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԱԺ-ում ներկայացնելով նախագծի վերաբերյալ զեկույցը, տեղեկացրել է, որ 2018թ. բյուջեի հիմքում դրվել են 6 հենասյուներ: Առաջին հենասյունը մակրոնտնտեսական կայունությունն է, որի հիմքում դրված է պետական պարտքի կայունությունը: Երկրորդն, ըստ նախարարի, անվտանգությունն է: «Չեք գտնի աշխարհում մի երկիր, որտեղ կան անվտանգության հետ կապված ռիսկեր, և այնտեղ տեսնեք, որ մասնավորը ներդրում է կատարում, ստեղծում է աշխատատեղեր: Հետևաբար կարևոր հենասյունը անվտանգությանն ուղղված ծախսերի ավելացումն է, ինչ որ կառավարությունն իրականացրել է»,- նշել է նա: Երրորդ հենասյունը ենթակառուցվածքներում ներդրումներն են, չորորդը՝ եկամուտների բալանսավորված հավաքագրումն է: Արամյանի խոսքով՝ եթե ցանկանում ենք 2 տարվա ընթացքում կուտակային հարկեր/ՀՆԱ ցուցանիշը մեկ տոկոսային կետով բարելավել, մենք պետք է դա անենք խիստ հաշվեկշռված սկզբունքով: 5-րդ հենասյունը սոցիալական խնդիրների լուծումն է տնտեսական ակտիվության միջոցով, և 6-րդն, ըստ Արամյանի, ծախսերի ավելի նպատակային իրագործումն է:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել