Նորություններ

Գարդասիլ պատվաստանյութը Հայաստան ներկրվելուց առաջ լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում. ԱՆ

Հայաստան ներկրված մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ գարդասիլ պատվաստանյութն արտադրվել է ամերիկյան Մերկ ընկերության կողմից 2016 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երեք տարի պիտանիության ժամկետով։   Պատվաստանյութի ամբողջ խմբաքանակը մինչև Հայաստան ներկրվելը փաստաթղթային և լաբորատոր փորձաքննություն է անցել Նիդեռլանդներում։

Եվրոպական այս երկրում ոլորտը կանոնակարգող մարմնի՝ Հանրային առողջության և շրջակա միջավայրի ազգային ինստիտուտի կողմից կատարվել է պատվաստանյութի արտադրության ամփոփիչ պրոտոկոլի փորձաքննություն։  34.700 դեղաչափ պատվաստանյութի լաբորատոր հետազոտության արդյունքում տրամադրվել է համապատասխանության սերտիֆիկատ N 171337 (նկարում)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Սերտիֆիկատում նշվում է, որ N 013326 սերիայի պատվաստանյութը, որը ներկրվել է ՀՀ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով, համապատասխանում է ազգային և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի Ա մասի պահանջներին, որոնք ապահովում են գենային ինժեներիայի ճանապարհով ստացված (ռեկոմբինանտ) վիրուսանման մասնիկներ պարունակող պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Սերտիֆիկատը նաև հավաստում է, որ պատվաստանյութի այս խմբաքանակն արտադրվել է  կենսաբանական արտադրանքի հիմնական սկզբունքներին և պատշաճ արտադրական գործընթացին համահունչ։

Նշենք, որ ռեկոմբինանտ պատվաստանյութերը ներկայումս համարվում են ամենաանվտանգն ու արդյունավետը։ Հայաստանում 2000 թվականից  ռեկոմբինանտ պատվաստանյութ կիրառվում է հեպատիտ Բ-ի կանխարգելման նպատակով մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել