ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ 10 բնակչից մոտ 3-ը աղքատ է

2016թ.-ին աղքատության վերին, ստորին և պարենային գիծը մեկ ամսվա համար եղել է համապատասխանաբար 40 867 դրամ (կամ 85.1 ԱՄՆ դոլար), 33 418 դրամ (կամ 69.5 ԱՄՆ դոլար) և 23 313 դրամ (կամ 48.5 ԱՄՆ դոլար): Այս մասին ներկայացված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում:

Զեկույցում այն տնային տնտեսությունները, որոնք հայտնել են մեկ չափահաս անձի հաշվով սպառման՝ աղքատության վերին գծից ցածր լինելու մասին, նկարագրվել են որպես աղքատ, շատ աղքատ են այն տնային տնտեսությունները, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության ստորին գծից, և ծայրահեղ աղքատ են նրանք, որոնց սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է աղքատության պարենային գծից:
Զեկույցում նկարագրված է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, որն ազդել է նաև տնտեսական ակտիվության, եկամուտների և սպառման վրա: Համաձայն Ազգային հաշիվների համակարգ 2008 միջազգային ստանդարտի՝ 2013թ. Հայաստանի տնտեսությունը, նախորդ տարվա համեմատությամբ, աճել է 3.3%-ով, 2014 թ.՝ 3.6%-ով, 2015 թ.՝ 3.2 %-ով և 2016թ.՝ 0.2%-ով: 2008-2016թթ. ողջ բնակչության միջին ամսական անվանական սպառումը 16.1%-ով աճել է:

2016-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.4%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 40 867 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր է գտնվել: 2015թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 29.8 տոկոս էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,4 տոկոսային կետով:

2016թ.-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 880 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)՝ 295 000, ծայրահեղ աղքատները՝ 54 000:

2016թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.3%՝ 2008թ. 5.1%-ի համեմատ: 2016թ.-ին աղքատության սրությունը գնահատվել է 1.1 %՝ 2008թ. 1.4 %-ի համեմատ։

2016թ. ծայրահեղ աղքատության մակարդակը դեռ գերազանցում է 2008թ. մակարդակը 0.2 տոկոսային կետով, իսկ աղքատության վերին գծում աղքատության մակարդակը 1.8 տոկոսային կետով բարձր է եղել 2008-ի համեմատ: Միաժամանակ, ճգնաժամից հետո շատ աղքատների մակարդակը, 2008 թ. համեմատ, իջել է 2.8 տոկոսային կետով:

Աղքատությունն ըստ քաղաքային (28.8 %) և գյուղական (30.4%) բնակավայրերի չի տարբերվում էականորեն: 2016թ.-ին քաղաքային և գյուղական բնակավայրերում աղքատության մակարդակը ավելի բարձր է եղել 2008թ.-ի համեմատ, համապատասխանաբար՝ 1.2 և 2.9 տոկոսային կետով: Երևանում աղքատության մակարդակն ամենացածրն է (24.9%). այն 1.3 անգամ ավելի ցածր է, քան Երևանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում:

2016թ.-ին աղքատության մակարդակի աճը Երևանում 2008թ.-ի համեմատ կազմել է 4.8 տոկոսային կետ, իսկ Երևանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում, աղքատության մակարդակը, մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ 2.6 տոկոսային կետով իջել է: Հայաստանի բոլոր աղքատների 62.4 տոկոսը քաղաքաբնակներ են:

2016թ. ծայրահեղ աղքատության մակարդակը՝ ըստ տարածաշրջանների, գյուղական բնակավայրերում կազմել է 1.4%, Երևանում՝ 1.9%, Երևանից դուրս՝ այլ քաղաքային բնակավայրերում՝ 2.1%:

2016 թվականին հարցվածների 16.6%-ն իրեն համարել է աղքատ: Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1.4%-ը, ինչը շատ մոտ է մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (1.8%): Ըստ կենսամակարդակի սուբյեկտիվ գնահատականի` աղքատ (ներառյալ ծայրահեղ աղքատ) է իրեն համարել բնակչության 16.6%-ը, ինչը ցածր է 2008 թ. մակարդակից (17.0%):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել