7 խաչքարից կազմված հուշահամալիրի համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բազմաթիվ ռադիոլսող բարեկամների պահանջով շարունակենք «Մի եղիր» շարքը։ Եվ այսպես․

Սա Արթուր Գրիշայի Սուվարյանն է։ Նա Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի գյուղապետն է արդեն 12 տարի։ Համայնքի ավագանու անդամներ Կարեն Սուվարյանի, Համբարձում Սուվարյանի և մյուսների օգնությամբ նա բազմաթիվ մեծամեծ գործեր է արել, որոնց արժե ավելի մանրամասն անդրադառնալ․

Այս տարիների ընթացքում Վաղաշենում և հարևան համայնքներում զանազան ջրագծեր են անցկացվել։ Զարմանալի զուգադիպությամբ պարզեցված ընթացակարգով մրցույթներում պարբերաբար հաղթող է ճանաչվել «Սուվարյան շին» ՍՊԸ-ն, որի տնօրենի անունն, ի դեպ, Գրիշա Տիգրանի Սուվարյան է։

2013-ին կառավարությունը նպատակահարմար է գտել գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացնել ավելի քան 29 մլն դրամ։ Ինչպես կարող եք կռահել, այդ գործը պատվիրվել է «Սուվարյան շին» ՍՊԸ-ին։

2015-ին կառավարությունը նպատակահարմար է գտել գյուղում կանգնեցնել 7 խաչքարից կազմված մի հուշահամալիր՝ նվիրված հայ նահատակներին՝ 1915-ից մինչև Արցախյան ազատամարտ։ Համալիրի ստեղծման համար հատկացվել է շուրջ 16 մլն դրամ, թեև մասնագիտական շրջանակների գնահատմամբ այդ 7 խաչքարը քանդակելու, տեղափոխելու ու տեղադրելու առավելագույն գումարը կարող էր կազմել 5 մլն դրամ։ Ավելորդ է նշել, որ պարզեցված ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Սուվարյան շին» ՍՊԸ-ն, ում հետ և կնքվել է կապալային աշխատանքների ձեռքբերման պայմանագիր։

Պետությունն, ըստ երևույթին, գոհ է մնացել Սուվարյաններից և նոր ոլորտներ է վստահել նրանց։ 2016-ի դեկտեմբերին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր համաձայնագրեր է կնքել «Սուվարյան շին» ՍՊԸ-ի հետ՝ այս անգամ ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհների վրա գտնվող արհեստական կառույցների պահպանման աշխատանքների վերաբերյալ։

Առակս ի՞նչ կցուցանե։ Մի՛ եղիր Սուվարյանների պես, մի՛ օգտագործիր վարչական լծակները և մի՛ ուղղիր պետական ու համայնքային բյուջեի միջոցները ընտանեկան բյուջե, հակառակ դեպքում դու կարող ես քո արժանի տեղը գրավել հայրենի կոռուպցիոներների պանթեոնում։ Նրանք, իհարկե, այսօր իշխանություն ունեն և անպատժելի են, բայց մի՛ մոռացիր, որ իշխանությունը խիարի նման է, իսկ խիարը աճի և տեղորոշման բավականին քաոտիկ և քմահաճ առանձնահատկություններ ունի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել