Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է շահագրգիռ կառույցներին և պոտենցիալ ներդրողներին քաղաքապետարանի կողմից մշակված ներդրումային փաթեթների ներկայացումը:

Զեկուցվել է նաև, որ արդեն իսկ հստակեցված է ԵՄ կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում տրամադրվելիք դրամաշնորհի միջոցներով մայրաքաղաքում իրականացվող «Երևան՝ արևային համայնք» ծրագրի շրջանակում շուրջ 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին արևային վահանակներ տեղադրելու, ինչպես նաև տվյալ շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ապահովման նպատակով վերելակները, շքամուտքերը, այդ թվում բակային տարածքները LED լուսատուներով լուսավորելու պիլոտային ծրագրի իրականացման ժամանակացույցը:
Մեծապես կարևորելով այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ դրա արդյունավետությունով պայմանավորված՝ այն կարող է ունենալ շարունակություն ամբողջ քաղաքում, որի նպատակով համայնքային բյուջեից կկատարվեն համապատասխան հատկացումներ:
Խորհրդակցության ընթացքում զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու ընդունած պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ պահանջների կատարման նկատմամբ. նախորդ ամսվա ընթացքում կազմվել է 8 արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել խստացված վերահսկողությունը և մեկ անգամ ևս ծանուցել տնտեսվարողներին իրենց պարտավորությունների մասին:
Քաղաքապետը գլխավոր դիզայներին, բնապահպանության վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է 2018թ.-ին՝ հոբելյանական տարվան ընդառաջ, մշակել մայրաքաղաքի յուրահատուկ և ներկայանալի ծաղկային ձևավորման առաջարկներ:
Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները: Պատրաստ է նաև «Նոր տարին Երևանում 2018» տոնական միջոցառումների ծրագիրը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ծրագրի մանրամասները ներկայացնել հանրությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել