Երեք տարում ՔԿ կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն

Կարգապահական հանձնաժողովը կարևորություն է տալիս աշխատանքի հրապարակայնությանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանը:

«Մենք յուրաքանչյուր տարի հրապարակում ենք կարգապահական հանձնաժովի որոշումների ժողովածուները, տարածում ենք բոլոր գործընկերներին, ուղարկում ենք նաև այլ գերատեսչություններ՝ դատախազություն, հատուկ քննչական ծառայություն, ոստիկանություն, այսինքն բոլոր խախտումները, որոնք մեր քննիչները թույլ են տվել, ոչ թե մենք փորձում ենք դա ծածկել, այլ ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ խախտումները պետք է քննարկվի: Նպատակը մեկն է, որպեսզի  նույն տեսակի խախտումները Քննչական կոմիտեի քննիչների կողմից թույլ չտրվեն»,-նշեց նա:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն քննարկում է կարգապահական վարույթ հարուցելու մասին միջնորդությունները, տալիս եզրակացություններ, ընդունում ընթացակարգային և ըստ էության որոշումներ, եւ իրավասու է մերժելու կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունները կամ վարույթ հարուցելու դեպքում արդարացնել Կոմիտեի ծառայողներին, ինչպես նաև՝ կարգապահական վարույթ հարուցել սեփական նախաձեռնությամբ։

2014-2017թթ. ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ներկայացվել է 124 միջնորդություն, որից 108-ը ՀՀ ՔԿ նախագահի կողմից, 16-ը՝ հանձնաժողովի անդամների: Նշված 124 միջնորդություններից 120-ը բավարարվել է և հարուցվել կարգապահական վարույթ, որի արդյունքում հաստատվել է 91 ՔԿ ծառայողի արարքում իրավախախտման փաստի առկայությունը, իսկ 31 ծառայող արդարացվել է։

Նա նաև մանրամասնեց, որ ՔԿ ծառայողի կողմից ենթադրյալ կարգապահական խախտումների վերաբերյալ քննչական կոմիտեում միջնորդություններ են ստացվել քաղաքացիներից, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներից, դատախազներից։ Ընդ որում՝ ամենաշատը միջնորդությունները ներկայացվել են դատախազների կողմից, որոնք մեծամասամբ չեն հիմնավորվել։

Արթուր Ղամբարյանը նաև ներկայացրեց 2014-2017թթ. ընթացքում ՀՀ դատախազության տարբեր ստորաբաժանումներից ստացված միջնորդությունները: Ընդհանուր 236 միջնորդություն է ստացվել, այդ թվում՝ 97-ը կամ 41,1 տոկոսը՝ 2017 թվականի ընթացքում։ 2017 թվականին ներկայացված 97 միջնորդություններիծ հիմնավորված է համարվել միայն 9-ը, այսինքն՝ 3,8 տոկոսը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել