ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող, փաստաբանությանը նվիրված իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի հաղթող
Գևորգ Մարտիրոսյան
Նոյեմբեր 2006թ.

Փաստաբանության նպատակներն ու խնդիրները դրվում են ոչ միայն փաստաբանների, այլ նաև հասարակության կողմից: Քաղաքացիական հասարակաության զարգացումն անհնար է պատկերացնել առանց անկախ և ինքնուրույն փաստաբանական ինստիտուտի կայացման: Փաստաբանական գործունեության հասկացությունը տրված է «Փաստաբանության մասին» 2004թ.-ի ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով, որտեղ մասնավորապես նշված է` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը՝ օրենքով չարգելված միջոցներով և եղանակներով: Վերը նշված հոդվածով նախատեսված է նաև, որ դատական ներկայացուցչությունը կամ քրեական գործերով պաշտպանությունը` որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է միայն փաստաբանը: Սակայն Օրենսդրի կողմից սահմանված այդ նորմը չի կարող կյանքի կոչվել, քանզի այն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածին, որտեղ նկարագրված է, թե ով է ներկայացուցիչը, ըստ որի, դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու՝ պատշաճ ձևակերպված լիազորություն: Ինչ-որ չափով հասկանալի են Օրենսդրի այն նկատառումները, որ դատարանում հանդես գալու՝ այսպես կոչված «մենաշնորհը» պատկանի փաստաբաններին, որն իր հերթին դատական պաշտպանությունը կդարձնի առավել արդյունավետ և արհեստավարժ (պրոֆեսիոնալ): Սակայն «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետում առկա է նաև մեկ այլ դրույթ, որը ևս որոշակի առումով անհասկանալի է և կարող է բարդություններ առաջացնել: Խոսքը վերաբերում է դատական ներկայացուցչության «ձեռնարկատիրական նպատակներով» արտահայտությանը: Դիցուք, թույլատրվի դատարանում հանդես գալ միայն փաստաբաններին, իսկ ոչ ձեռնարկատիրական նպատակներով` նաև այլ անձանց, սակայն, ինչպե՞ս ենք պատկերացնում դրա իրականացումը: Արդյո՞ք յուրաքանչյուր անգամ դատավորները, քաղաքացիական գործը վարույթ ընդունելիս կամ դատաքննության փուլում պետք է ճշտեն` արդյո՞ք ներկայացուցիչը դատարանում հանդես է գալիս ձեռնարկատիրական նպատակով, թե ոչ:
Կարող է հարց առաջանալ, թե ո՞վ է փաստաբանը, ինչպիսի՞ հատկանիշներով նա պետք է օժտված լինի, ինչպիսի՞ խնդիրներ են դրված այդ մասնագիտության առջև, ինչո՞ւմն է փաստաբանության սոցիալական արժեքը և գործառույթը: Փաստաբան է համարվում այն անձը, որը ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, փաստաբանների պալատի անդամ է և տվել է երդում: Փաստաբանը համարվում է իրավական հարցերով անկախ խորհրդատու: Փաստաբանը աջակցում է հասարակության մեջ իրավունքի գերակայության ամրապնդմանը, իրականացնում է օրինականության քարոզչություն` մարդու իրավունքներն ու ազատությունները հարգելու և միջազգային հանրաճանաչ նորմերն ամրապնդելու ուղությամբ: Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, փաստաբանի վարքագծի կանոնակարգով և փաստաբանների պալատի կանոնադրությամբ: Արգելվում է պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, հասարակական միավորումների և ԶԼՄ-ների միջամտությունը փաստաբանական գործունեությանը: Փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն կամ իրավաբանի մասնագիտությամբ գիտական աստիճան և իրավաբանի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, հանձնել է որակավորման քննություն և ստացել համապատասխան վկայագիր: Սակայն Օրենսդիրը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու կարգը, ըստ որի, փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը փաստաբանների պալատ է ներկայացնում դիմում` փաստաբանների պալատին անդամագրվելու խնդրանքով, որին կցվում է որակավորման հանձնաժողովի տված վկայագրի պատճենը: Ինչպես նաև նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում է, թե ով է փաստաբանը, հստակ երևում է օրենսդրական պարտադիր այն պահանջը, որ փաստաբանը պետք է լինի փաստաբանների պալատի անդամ: Փաստաբանների պալատը փաստաբանների մասնագիտական անկախ, ինքնակառավարվող իրավաբանական անձ է: Այսինքն՝ այն որոշակի կոնկրետ նպատակներ հետապնդող անձանց միավորում է: Եթե փաստաբանների պալատը միավորում է, իսկ փաստաբան դառնալու, ինչպես նաև փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար օրենսդրական պարտադիր պահանջ է ներկայացված այդ միավորմանը անդամակցելու համար, ապա այստեղ հարց է առաջանում` արդյո՞ք «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ դրույթները (հոդվածներ 17 և 29) չեն հակասում ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ մասին, ըստ որի, մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության կամ միավորման:
Պետք է նշել նաև մի շատ կարևոր դրական հանգամանք, որը տեղի է ունեցել պետության և փաստաբանության, ինչպես նաև մարդու իրավունքների առավել արդյունավետ պաշտպանության ոլորտում: Ինչպես գիտենք՝ 1995 թվականի Սահմանադրության 93-րդ հոդվածով նախատեսված էր, որ օրինական ուժի մեջ մտած վճիռները, դատավճիռները և որոշումները Վճռաբեկ դատարանում վերանայվում են գլխավոր դատախազի, նրա տեղակալների կամ հատուկ արտոնագիր ունեցող և Վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանների բողոքի հիման վրա: Բարեբախտաբար, 2005թ.-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների արդյունքում ապասահմանադրականացվեց վերոնշյալ դրույթը, որի հիման վրա էլ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում կատարվեցին համապատասխան փոփոխություններ և վերացվեց այդ ավելորդ ինստիտուտը:
Հանրային պաշտպանությունը և հանրային պաշտպանի գրասենյակը նորամուծություն է հայկական փաստաբանական ինստիտուտում: Նախկինում «Փաստաբանական գործունեության մասին» 1998 թվականի ՀՀ օրենքով նման ինստիտուտ նախատեսված չէր: Այն միայն սահմանվեց «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքով: Հանրային պաշտպանությունը տրամադրվող անվճար իրավաբանական օգնություն է:
Տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները, ինչպես նաև գործող քրեական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերը, «Փաստաբանության մասին» ՀՀ նոր օրենքը կարող են հող հանդիսանալ փաստաբանական ինստիտուտի կայացման համար: Եվ վերջապես, վստահորեն կարելի է ասել, որ մեր երկրում փաստաբանության կայացման համար ստեղծված են հիմնական նախադրյալները՝ հաշվի առնելով նաև ոլորտում առկա թերություններն ու բացթողումները:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել