Փաստաբանական դպրոցի 62 շրջնավարտներ համալրեցին փաստաբանների շարքը

Փաստաբանական դպրոցի 62 շրջանավարտներ այսօր՝ նոյեմբերի 25-ին, փաստաբանական գործունեության արտոնագրեր ստացան:

«Փաստաբանական դպրոց ընդունվող յուրաքանչյուր ունկնդրի հետ Փաստաբանների պալատը մեծ հույսեր է կապում»,-փաստաբանների շարքերը համալրողներին իր ողջույնի խոսքում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նա նաև նշեց, որ ոլորտում  նոր հայացքով և թարմ մոտեցումներով, ասելիք ունեցող փաստաբանը ոչ միայն համայնքի, ոլորտի ձեռքբերումն է, այլև կարևոր օղակ է արդարության բացահայտման և արդարադատության իրականացման համար:

«Մեր հանրապետությունը բոլոր ոլորտներում ունի պրոֆեսիոնալ մասնագետների կարիք, մարդիկ, որոնք իրենց հայրենասիրությամբ, ջանասիրությամբ և մասնագիտական բարեխղճությամբ պատրաստ են դեպի լավը փոխել իրավիճակը: Ձեր համարձակությունից, ստեղծագործական մոտեցումից և կատարելագործման ձգտումից մարդկային ճակատագրեր են կախված լինելու»,-ասաց Զոհրաբյանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի ղեկավար Սիմոն Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ փաստաբանների ավելացման անհրաժեշտություն կա. «Եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես՝ Իսպանիայում, Գերմանիայում հաշվարկը կատարվում է ըստ բնակիչների. 100 հազար բնակչին որքան փաստաբան է ընկնում: Նման երկրներում 400-500 փաստաբաններ են ընդունվում: Հայաստանում տատանվում ենք 60 թվի վրա: Մենք ունենք բավականին տեղ, որպեսզի փաստաբանները կարողանան համալրել: Փաստաբանների թիվը պետք է համադրել նաև դատարանում քննվող գործերի թվի հետ, պատկերացրեք որքան պահանջարկ կա: Որքան գործեր կան, որտեղ պետք է ներգրավված լինեն փաստաբանները»:

Ապագա փաստաբանները փաստաբանական դպրոցում սովորել են 1 տարի, որից 6 ամիսն ուսումնասիրել են տեսական հմտություններ, իսկ մյուս 6 ամիսը՝ պրակտիկ աշխատանք են կատարել, այնուհետև հանձնել որակավորման քննությունները:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել