«Վերջին երեք տարում չեմ հիշում մի դեպք, որ Ճամբարակի տարածաշրջանի ՀԿ-ները մի սենյակում հավաքվեին և կարևոր խնդիրներ քննարկեին». «Աստղացոլք» ՀԿ նախագահ

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով երկու կարևոր նորամուծություն է արվել՝ կամավորների ինստիտուտի ներդրում և ձեռնարկատիրությամբ զբաղվելու իրավասություն։ Նոր օրենքի դրույթները շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով Ճամբարակ քաղաքում քննարկում-դասընթաց էր կազմակերպվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Դասընթացին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում գործող 12 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի նպատակը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։ Ծրագրի նպատակներն ու մինչ այս կատարված աշխատանքները ներկայացրեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և  ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը։

Այնուհետև նա ներկայացրեց նոր օրենքի այն դրույթները, որոնց առավելագույնս ուշադիր պետք է լինել գործունեության ընթացքում։ Օրինակ, անհրաժեշտ է կանոնադրության մեջ հստակ սահմանել այն դեպքերը, թե որ հիմքերով պետք է հեռացվի ՀԿ անդամը: Պրակտիկայում եղել են դեպքեր, երբ ՀԿ-ից հեռացված անդամը բողոքարկել և վերականգնել է իր անդամությունը՝ կանոնադրության մեջ հեռացման հիմքերի վերաբերյալ ամրագրումների բացակայության հետևանքով:

Ծրագրի գործընկեր ՓՄՁ ասոցիացիայի գործադիր տնօրեն Հակոբ Ավագյանը ներկայացրեց ձեռնարակատիրության իրավունքից օգտվելու դեպքում ծագող հիմնական խնդիրները։ Մասնավորապես, նա նշեց, որ ներկայումս բավականին բարդ է հասկանալը, թե որ եկամուտներն են համարվում ձեռնարակատիրությունից ստացված և հարկվում, իսկ որ եկամուտները՝ ոչ։

Նրա խոսքով, այս հարցի վերաբերյալ նախնական պատասխան է ստացվել, որ ֆինանսների նախարարությունում ստեղծվել է հանձնաժողով, որին կարելի է դիմել, ներկայացնել համապատասխան փաստաթղթերը և ստանալ խորհրդատվություն այն մասին, թե կոնկրետ եկամուտների դեպքում հարկում կլինի, թե՝ ոչ։

Գնահատելով համագործակցությունը Ճամբարակի միջոցառմանը հրավիրված էր նաև Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի համակարգող Արեգ Թադևոսյանը։ Վերջինս դասընթացի մասնակիցներին ներկայացրեց սոցիալական ձեռնարակատիրությամբ զբաղվելու և հաջողելու կարևորագույն սկզբունքները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, ինչպեսև խորհրդատվություն տվեց ոլորտային հարցերի վերաբերյալ։

Դասընթացի մասնակից, Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ նախագահ Իրինա Հովհաննիսյանը մեծապես կարևորեց դասընթացի արդյունավետությունը և նշեց, որ ներկայումս շատ ՀԿ-ներ ցանկանում են իրենց կանոնադրությունները վերագրանցել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, սակայն չգիտեն՝ ինչպես անել դա կամ արդյոք դրա անհրաժեշտությունը կա։

«Վերջին երեք տարում չեմ հիշում, թե մեր տարածաշրջանում այսպես ՀԿ-ները մի սենյակում հավաքվեին և մի կարևոր խնդիր քննարկեին»,- նշեց Իրինա Հովհաննիսյանը՝ կարևորելով ծրագրի ներկայացուցիչների այցը Ճամբարակ։

«Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ նախագահ Գայանե Խաչատրյանն էլ մեծապես կարևորեց իրենց քաղաքում նման միջոցառման կազմակերպումը՝ նշելով, որ հաճախ ոլորտային նորությունները իրենց ավելի ուշ են հասնում։ Եվ այս դասընթացի արդյունքում պարզ դարձավ, որ ուժեղ և ազդեցիկ լինելու համար անհրաժեշտություն է ՀԿ-ների ցանցեր ստեղծելը, ինչի ուղղությամբ պետք է աշխատանք տարվի։

Դասընթացը անցկացվեց Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք»  ՀԿ-ի գրասենյակում` ՀԿ-ի աջակցությամբ:

Նշենք, որ քննարկում-դասընթացից հետո «Կառուցողական երկխոսության հանձնառություն» և «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրերի ներկայացուցիչները այցելեցին մարզում գործող սոցիալական ձեռնարկատիրություններ՝ Clay House կերամիկական արտադրամաս և «Արեգ» տիկնիկային թատրոն։ Այստեղ նույնպես ձեռնարակտիրական գործունեության վերաբերյալ ծրագրի ներկայացուցիչները իրավաբանական, հարկային և բիզնես ոլորտին առնչվող  խորհրդատավություն տվեցին։

Նշենք, որ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել