ԱՐԴՅՈՒՆԱՎԵ՞Տ ԵՆ ԱՐԴՅՈՔ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆԸ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի ասիստենտ
Աննա Մարգարյան
Դեկտեմբեր 2006թ.

20-րդ դարի 60-70-ական թվականներին աշխարհի պետությունների մեծ մասում ուղղիչ հիմնարկների գերբնակեցումը խթան հանդիսացավ պատժի համակարգի բարեփոխման, մասնավորապես, ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների համակարգի արդյունավետ ներդրման համար: Այդ ուղղությամբ առաջին քայլերը կատարեցին Արևմտյան Եվրոպայի երկրները և ԱՄՆ-ը, իսկ 90-ական թվականների սկզբներից այդ շարժումը թափ ստացավ նաև Արևելյան Եվրոպայի երկրներում, այդ թվում՝ ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում ձևավորված նորանկախ պետություններում:
ՀՀ-ն ևս անմասն չմնաց այդ գործընթացին: 2003թ.-ի օգոստոսի 1-ից գործողության մեջ մտավ ՀՀ քրեական նոր օրենսգիրքը, որով փոփոխության ենթարկվեց նաև պատժի համակարգը: Սակայն պատժի համակարգում նախատեսվեց ազատազրկման ընդամենը մեկ այլընտրանքային պատժատեսակ՝ հանրային աշխատանքները: Մասնավորապես՝ գործող քրեական օրենսգրքի հոդված 54-ով սահմանվեց, որ հանրային աշխատանքները դատարանի կողմից նշանակված, իրավասու մարմնի կողմից որոշված վայրում չվարձատրվող, դատապարտյալի կողմից հանրության համար օգտակար աշխատանքների կատարումն է: Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկման այլընտրանքային պատժատեսակ՝ ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո՝ քսանօրյա ժամկետում՝ դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում: Այս պատժատեսակի առանձնահատկությունն այն է, որ հանրային աշխատանքները ուղղակիորեն նախատեսված չեն քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածների սանկցիաներում, այլ դրանք՝ որպես հիմնական պատժատեսակ, կիրառվում են ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարած, առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
Հարկ է նշել, որ մեր իրականության համար նոր այս պատժատեսակը բավականին մեծ արդյունավետությամբ կիրառվում է ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում, Շվեդիայում և այլ երկրներում: Այս պատժատեսակի առավելությունն այն է, որ հանրային աշխատանքների դատապարտված անձը, չխուսափելով պատժից, միաժամանակ չի հեռացվում իր ընտանիքից, միկրոմիջավայրից, պահպանում է աշխատանքը, խուսափում սոցիալական օտարացման երևույթից, ուղղիչ հիմնարկի՝ հաճախ կործանարար ազդեցությունից: Սակայն, ցավոք , Հայաստանում հանրային աշխատանքները դեռևս արդյունավետ համարվել չեն կարող: 2003թ.-ի օգոստոսի 1-ից 2006թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գրանցվել են հանրային աշխատանքների կիրառման մոտ երեք տասնյակ դեպքեր, բայց դրանք բոլորն էլ վերաբերել են այն իրավիճակներին, երբ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ դրա չվճարված մասը փոխարինել է հանրային աշխատանքներով: Առայսօր չի գրանցվել մի դեպք, երբ հանրային աշխատանքները կիրառվել են ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով՝ որպես ազատազրկման այլընտրանք:
Նման վիճակը, բնականաբար, պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով: Այդ գործոնների թվին են դասվում թե դատապարտյալների աշխատանքը օգտագործել ցանկացող գործատուների սակավությունը, թե հանրային աշխատանքների կիրառումն ապահովող հստակ գործող մեխանիզմի բացակայությունը, թե դատապարտյալների՝ ազգային մենթալիտետով պայմանավորված անհանդուրժողականությունը ներգրավվելու հանրային աշխատանքների կատարմանը, թե մտավախությունը, որ այս պատժատեսակի կիրառումը կարող է նոր հորիզոններ բացել կոռուպցիայի ծաղկման համար և այլն: Այս ամենին գումարվում է նաև օրենսդրական մակարդակով մի շարք բացերի առկայությունը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 54-ում հստակ սահմանված է այն անձանց շրջանակը, ում նկատմամբ հանրային աշխատանքները կիրառվել չեն կարող: Այդ անձանց թվին են դասվում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված, դատավճիռ կայացնելու պահին 16 տարին չլրացած, կենսաթոշակային տարիք ունեցող անձինք, հղի կանայք, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողները: Սակայն օրենսդիրը չի սահմանել, թե ինչպես պետք է հարցը կարգավորվի այն դեպքերում, երբ, օրինակ, հանրային աշխատանքները նշանակվել են հաշմանդամություն չունեցող անձի նկատմամբ, սակայն պատժի կրման ընթացքում նրա մոտ առաջացել է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն: Ներկայիս օրենսդրական ձևակերպման համաձայն՝ նման իրավիճակի առկայության պարագայում դատարանը հնարավորություն չունի հանրային աշխատանքները փոխարինելու որևէ այլ պատժատեսակով, ուստի դատապարտյալին պետք է ազատի պատժի կրումից, ինչը, իմ կարծիքով, ոչ միշտ է արդարացված:
Օրենսդրական որոշ բացեր են առկա նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, ազատազրկման հետ չկապված այնպիսի պատժատեսակների կիրառման առումով, ինչպիսիք են, օրինակ, տուգանքը, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը: Ի դեպ, հիշյալ պատժատեսակները հաճախ հանդես են գալիս այլընտրանքային սանկցիաներում՝ որպես ազատազրկման այընտրանք: ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 51-ի համաձայն՝ տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար՝ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սահմաններում՝ պատիժ նշանակելու պահին ՀՀ-ում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հազարապատիկի չափով: Միաժամանակ, օրենսդիրը սահմանում է, որ տուգանքը վճարելու անհնարինության դեպքում դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Սակայն օրենսդրի կողմից կանոնակարգված չէ, թե ինչպես վարվել այն իրավիճակներում, երբ տուգանքի վճարումից խուսափում է այն անձը, ում հանդեպ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 54-ի համաձայն, հանրային աշխատանքներ կիրառվել չեն կարող:
Օրենսդրական կարգավորում չի ստացել նաև այն իրավիճակը, երբ որոշակի գործունեությամբ զբաղվելու կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկված դատապարտյալը չարամտորեն խոսափում է իր պատժատեսակի պահանջների կատարումից: Ենթադրվում է, որ պահանջների չկատարումը պետք է առաջացնի որոշակի բացասական հետևանքներ, սակայն օրենսդրական որևէ դրույթ այդ առումով առկա չէ: Կարծում եմ, որ այս բացերը շուտափույթ կարգավորման կարիք ունեն, այլապես դեռևս երկար ժամանակ, որպես դատապարտյալների ուղղման արդյունավետ միջոց, կմնա սոսկ ազատազրկումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել