ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակից, առաջատար մասնագետ
Գոռ Հովհաննիսյան
Դեկտեմբեր 2006թ.

Մարդու իրավունքների և ազատությունների ամենահուսալի և արդյունավետ պաշտպանության մեխանիզմը դատական պաշտպանության մեխանիզմն է: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպեu նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Ինչպես արդեն բազմիցս նշվել և հաստատվել է պրակտիկայով՝ դժվար չէ հայտարարել քաղաքացիների մոտ իրավունքների և ազատությունների առկայության մասին, բայց հաճախ դա գրեթե ոչինչ չի տալիս: Անհրաժեշտ է ապահովել դրանց ռեալ իրականացումը: Այս իմաստով արդարության պահանջներին համապատասխանող արդարադատության մատչելիության ապահովումը կարող է շատ ավելին տալ, քան ցանկացած հռչակագիր, այն պարտադիր պայմանով, որ դատարանների վճիռներն ի կատար են ածվում:
Բառի ամենալայն իմաստով իրավական պաշտպանության միջոցը իրավունքում նշանակում է որևէ իրավունքի հաստատման միջոց: Այս սկզբունքը հաճախ ձևակերպվում է հետևյալ կերպ` «չկա իրավունք առանց իրավական պաշտպանության միջոցի», կամ` «երբ կա իրավական պաշտպանության միջոց, ապա կա նաև ինչ-որ իրավունք»: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ» ձևակերպումը ենթադրում է ազգային մակարդակում բավականաչափ ծանրակշիռ և հաստատուն երաշխիքների գոյություն, որոնք իրական հնարավորություն են ստեղծում բողոքարկելու հանրային իշխանությունների ենթադրյալ անիրավաչափ գործողություններն ու որոշումները և երաշխավորում են անհրաժեշտության դեպքում դատական ատյաններին դիմելու իրավունքը: Հետևաբար, օրենքում չի կարող որևէ բացառություն նախատեսվել դատական իրավասությունից, կամ քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները խախտող գործողությունների ու որոշումների դեմ բողոքների քննությունը չի կարող վերապահվել ոչ դատական մարմինների բացառիկ իրավասությանը: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը նախատեսում է իրավունքների խախտումներից արդյունավետ պաշտպանության հնարավորություն՝ իրավասու ազգային մարմիններին դիմելու ճանապարհով: Դատարանի մատչելիության իրավունքի խախտման հետ կապված կարևորագույն հարցերից մեկն այն է, որ պետությունն իրավունք չունի սահմանափակելու կամ վերացնելու դատական հսկողությունը գործունեության առանձին բնագավառներում կամ առանձին կատեգորիայի անձանց վերաբերմամբ: Դատարանի մատչելիության իրավունքի խախտման դեպքում խաղաքարտի վրա է դրվում ժողովրդավարական պետությունում դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Սահմանադրական այս դրույթին համապատասխան` գործեր քննելիս պետք է գնահատել դատարանի կողմից քննվող իրավահարաբերությունը կարգավորող օրենքի կամ այլ նորմատիվ ակտի բովանդակությունը և բոլոր անհրաժեշտ դեպքերում կիրառել ՀՀ Սահմանադրությունը` որպես անմիջական գործողության ակտ: Դատարանը, լուծելով գործը, պարտավոր է անմիջականորեն կիրառել Սահմանադրությունը, մասնավորապես, երբ Սահմանադրության նորմով ամրագրված դրույթները, ելնելով դրա իմաստից, չեն պահանջում լրացուցիչ կանոնակարգում և չեն պայմանավորում դրա կիրառման հնարավորությունը մարդու և քաղաքացու իրավունքները, ազատությունները, պարտականությունները կարգավորող օրենքի ընդունմամբ, և, հատկապես, երբ դատարանը կգա այն համոզման, որ օրենքը հակասության մեջ է գտնվում Սահմանադրության համապատասխան դրույթների հետ: Հետևաբար, դատարանները պարտավոր են Սահմանդրությամբ իրենց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ բոլոր դիմումներն ընդունել վարույթ և քննել դրանք` ապահովելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 6-րդ հոդվածի 1-ին մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի անմիջական գործողությունը:
Բացի այդ՝ դատարաններն արդարադատություն իրականացնելիս պետք է ելնեն այն սկզբունքից, որ միջազգային պայմանագրերում ամրագրված միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը և ՀՀ միջազգային պայմանագրերը, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Այդ նույն սահմանադրական նորմով սահմանված է, որ եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Հաշվի առնելով այս ամենը` դատարանը գործի քննության ժամանակ իրավունք չունի կիրառել ծագած իրավահարաբերությունները կարգավորող օրենքի նորմերը, եթե ՀՀ-ի համար ուժի մեջ մտած միջազգային պայմանագրով սահմանված են այլ կանոններ, քան նախատեսված են օրենքով: Նման դեպքերում կիրառվում են ՀՀ միջազգային պայմանագրի կանոնները: Ընդ որում՝ դատարանները պետք է նկատի ունենան, որ «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով միջազգային պայմանագրի նորմերը ՀՀ տարածքում գործում են անմիջականորեն, եթե պայմանագրով նախատեսված չէ ՀՀ ներպետական ակտի ընդունում, կամ եթե վերջինիս ընդունումը չի բխում այդ պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով նախատեսված իրավունքը Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանական հետևանքն է, որը պետության վրա պարտավորություն է դնում ապահովելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Այդ իրավունքների և ազատությունների հաստատման համար իրավական պաշտպանության միջոցներ տրամադրելը կարելի է դիտել իբրև այդ պարտավորության մի մաս: Միևնույն ժամանակ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունը որոշող մյուս կարևոր սկզբունքն այն է, որ այս կամ այն դատական ատյանի մատչելիությունը պետք է լինի ոչ միայն ձևական, այլ նաև իրական:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել