Ինչպե՞ս վարվել, եթե գույքային վնաս է հասցվել հարևանների կողմից

Բազմաբնակարան շենքերում հաճախ խնդիրներ են առաջանում հարևանների միջև, երբ ջուրը թափվելու հետևանքով վնասվում է մյուս հարևանի գույքը, կամ սպառնում են միմյանց, հնչեցնում անբարո արտահայտություններ: Իրավաբան.net-ին նմանատիպ խնդրով հարց էր ուղղել մի քաղաքացի, ինչին ի պատասխան, իրավաբան Արթուր Սուքիասյանը պարզաբանում է.

Սպառնալիքներ հնչեցնելու և անհանգստություն պատճառելու հետ կապված անհրաժեշտ է դիմել ոստիկանություն: Նշված հարցերի լուծումը մտնում է ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրների մեջ:

«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության խնդիրներն են օրենքին համապատասխան ապահովել`

1) մարդու անվտանգությունը՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում.

2) հանցագործությունների ու վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը և խափանումը.

3) հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, քրեական գործով նախնական քննությունը.

4) հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը.

5) սեփականության բոլոր ձևերի հավասար պաշտպանությունը.

6) սույն օրենքով նախատեսված սահմաններում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելիս օգնություն ցույց տալը:

Անբարո արտահայտությունների հետ կապված անձը կարող է դատական կարգով պահանջել հրապարակայնորեն ներողություն խնդրել և/կամ մինչև 1.000.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել:

Իսկ ջուր թափելու հետևանքով պատճառված վնասի հատուցում պահանջելու համար անհրաժեշտ է հավաքել ապացույցներ վնաս պատճառելու պատճառների մասին, տվյալ պարագայում՝ վերևի հարևանի ոչ իրավաչափ գործողությունների մասին, վնասի և դրա չափի մասին, ինչից հետո դատարանին ներկայացնել վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում՝ կցելով վնասը, հարևանի ոչ իիրավաչափ վարքագիծը, վնասի և ոչ իրավաչափ վարքագծի միջև պատճառահետևանքային պակը հիմնավորող ապացույցներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել