Նորություններ

Երբ 30-40 տարեկանին տեսնում էիր ընկած՝ կռվի դաշտում, ավելի էիր ոգևորվում. Շանթ Ղազարյան

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ապրող ու ապրեցնող հերոսը պարտաճանաչ էր ոչ միայն մարտի դաշտում, այլև հիմա՝ քաղաքացիական կյանքում: Շանթը սպասել չի սիրում, սպասեցնել՝ նույնպես:

Շանթ Ղազարյանը ծնվել ու մեծացել է Վանաձորում: Նախքան դպրոցն ավարտելը ընտանիքով տեղափոխվել է Երևան: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է բանակ: Վերադարձել ու ընդունվել ՀՊՏՀ, ֆինանսիստ է: Հիմա էլ աշխատում է իր մասնագիտությամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում՝ որպես առաջատար տնտեսագետ: Ներկայիս աշխատանքն էլ պահանջում է հստակ ու կոնկրետ գործողություններ՝ ինչ բանակում:

Շանթ Ղազարյանը՝ 2 տարեկանում

-Շանթ, շատ պարտաճանաչ ես, իսկ 18 տարեկանում հե՞շտ է ինտեգրվել բանակի կարգուկանոնով առօրյային, թե՞ ավելի հասուն տարիքում համեմատաբար հեշտ կլիներ:

-18 տարեկանների հետ, փոքր տարիքում ավելի հեշտ է: Եթե մարդ լրիվ հասուն է, դժվար է մի քիչ:

-Ինչպե՞ս է լինում հարաբերությունները նորակոչիկների հետ:

-Վատ հարաբերություններ ոչ մի կերպ չեն լինում, թե՛ զինվոր-զինվոր, թե՛ զինվոր-սպա դեպքում:

Տարբերությունը փորձառությունն է, օրինակ՝ ավելի լավ ես տիրապետում զենքին, տեղանքին ավելի ծանոթ ես. փորձառու մարդու համար ամեն տեղ էլ ավելի հեշտ է լինում, քան՝ նորեկի:

Շանթը՝ Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) և Սարգիս Ստեփանյանի հետ

 

-Մի քիչ ակնածանքով ես լսել այն պատմությունները, որ պատմել են Արցախյան պատերազմում կռված մարդիկ: Քառօրյայից հետո կարծիքը փոխվե՞ց:

-Համոզվեցի, որ ամեն ինչ հնարավոր է: Չէինք կարող պատկերացնել, որ նման պահերին թույլ մարդը կարող է, օրինակ, մի մեծ, ծանր բան վերցնել ու հանգիստ գնալ, կամ անդադար կրակոցներ լինեն, բայց մարդիկ դիմադրեին: Տեսանք ու համոզվեցինք:

-Երբ 18-20 տարեկան տղաները կռվի էին դուրս եկել 30-40 տարեկան տղամարդկանց դեմ, հոգեբանական առումով ճնշող չէ՞ր:

-Այ որ 30-40 տարեկանին տեսնում էիր ընկած՝ կռվի դաշտում, ավելի էիր ոգևորվում: Մարդկային ռեսուրսով՝ շատ են, բայց որակ չկա: Պետք է գիտակցես, որ պետք չէ վախենալ: Փամփուշտի կամ հրթիռի ձայնը գալիս է հեռվից, բայց չես իմանում, որ կողմ կընկնի, ա՞ջ, ձա՞խ, թե…

-Ձեզնից տարիքով ավելի մեծ կամավորների ներկայությունը ոգևորու­՞մ էր:

-Հենց նույն գիշերը կամավորների մեծ օգնություն է եկել: Մեծ թե երիտասարդ նշանակություն չուներ: Երբ տարիքով մեծ մարդն ասում է՝ չէ, դու  առաջ մի գնա, ես կգնամ, էլ ո՞նց չգնաս ու ավելի առաջ:

Շանթն իր երեք ընկերների հետ վերացրել է Թալիշ գյուղը մտած ու ծեր ամուսնիններին տան մեջ դաժանաբար սպանած խմբին: Վիրավորում է ստացել ապրիլի 5-ին, երբ արդեն հրադադար էր հայտարարվել: Իր վիրավորվելու մասին խոսում էր շատ ավելի հանգիստ, քան՝ ես, անգամ նշեց ժամը՝ երեկոյան տասին: Սակրավորը կանգնել էր ականի վրա, ինչի հետևանքով էլ կորցրել է աջ ոտքի ծնկից ներքև ընկած հատվածը: Առաջին օգնությունը ընկերը՝ Արմեն Մկրտչյանն է ցուցաբերել ու իրեն հանել այդ տարածքից: Տեղափոխվել է Մարտակերտի հոսպիտալ, այնուհետև՝ Ստեփանակերտ, իսկ այնտեղից տեղափոխվել  է Երևան:

-Մուրացանի հոսպիտալում՝ վերջին վիրահատությունից ընդամենը երկու օր անց ստիպել ես, որ քեզ դուրս գրեն: Ի՞նչն էր նման անհամբերության պատճառը:

-Ես ինձ արդեն լրիվ պատրաստ էի զգում հոսպիտալից դուրս գալու համար: Չեք պատկերացնի, ինչ ուրախ է էնտեղ անցել: Բայց գնացի:

Երիտասարդ հերոսին հաճախ կարող ենք տեսնել մայոր Սարգիս Ստեփանյանի հետ, (Ստեփանյանը վիրավորում էր ստացել 2014 թ-ին՝ չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս և կորցրել է 3 վերջույթները) ով կամքի ու ուժի իրական օրինակ է բոլոր տղաների համար:

-Կա՞ն էլի մարդիկ, ովքեր քեզ ընկեր մնացին քառօրյայից հետո:

-Բժիշկս՝ Մկրտիչ Գինոսյանը: Ինքը տարիքով մարդ է, բայց մեր ընկերն է:

Քառօրյայից առաջ ու հետո Շանթն ամեն ինչից շատ ֆուտբոլ է սիրում: Բաց չի թողել Հայաստանի հավաքականի և ոչ մի խաղ: Երբ սկսեցինք քննարկել ֆուտբոլային թեմաները՝ միանգամից ակտիվացավ: Անգամ «սպառնաց» ամբողջ հարցազրույցը չեղյալ համարել, եթե հանկարծ ու սիրելի թիմի երկրպագուն չլինեի: Արքայական ակումբն ամենասիրելին է.

-Ռեալ Մադրիդ: Շատ-շատ եմ սիրում:

Բժիշկ Մկրտիչ Գինոսյանն ու զինվորները՝ զինվորական հոսպիտալում

Լուսանկարները՝ Շանթ Ղազարյանի անձնական արխիվից

Ալիսա Չիլինգարյան 

Ֆոտոշարքը՝ Հայկ Կարապետյանի

Կարդացեք նաև՝

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել