ԸՆՏԱՆԵԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ

Իրավաբան
Արշավիր Խալափյան
Հունվար 2007թ.
Ֆինլանդիայի ընտանեկան քաղաքականության նպատակն է ստեղծել անվտանգ միջավայր երեխաների աճի համար, ապահովել նյութական և հոգեբանական միջոցներ երեխաներ ունենալու և մեծացնելու համար: Ֆինլանդիան 1948թ.-ին սկսել է ստեղծել ընտանիքի աջակցման համակարգ և ներմուծել է երեխաների նպաստների համակարգը:
Երեխաների նպաստի ավելացումից, սակայն, ավելի կարևոր գործոն էր մանուկների խնամքի համակարգերի մշակումը, որը սկսվեց 1970-ականների առաջին կեսին: Երեխաների ցերեկային խնամքի մասին օրենքը ուժի մեջ է մտել 1973թ.-ին: Այն քաղաքային իշխանությունների վրա է դնում նախադպրոցական տարիքի երեխաների ցերեկային խնամքի պատասխանատվությունը: Քաղաքային իշխանությունները կարող են ապահովել ցերեկային խնամքը ցերեկային խնամքի կենտրոններում կամ ընտանեկան, ցերեկային վերահսկվող խնամքի ձևով: 1997թ.-ից ընտանիքները ունեցել են ընտրություն՝ ստանալու ֆինանսական օժանդակություն իրենց երեխաների ցերեկային խնամքի ինքնուրույն կազմակերպման համար:
Ընտանեկան նպաստներ
Ընտանեկան նպաստների նպատակն է ծածկել երեխաների խնամքի ծախսերը, որպեսզի երեխան ընտանիքի համար չափազանց մեծ ֆինանսական բեռ չդառնա։ 1997թ.-ին երեխաներ ունեցող ընտանիքների համար ընտանեկան նպաստները կազմում էին մոտավորապես 4.2 միլիարդ եվրո, այսինքն՝ ՀՆԱ-ի մոտավորապես չորս տոկոսը: Երեխաներ ունեցող ընտանիքները ստանում են աջակցություն երեխաների նպաստների և ցերեկային խնամքի ծառայությունների տեսքով:
Ընտանիքների համար ուղղակի ֆինանսական օժանդակություն
Ընտանիքների համար ուղղակի ֆինանսական օժանդակության տեսակներն են.
• մայրական դրամաշնորհ.
Ֆինլանդիայում ապրող յուրաքանչյուր հղի կին, որի հղիությունը տևել է առնվազն 154 օր, իրավունք ունի պետական մայրական դրամաշնորհի: Դրամաշնորհ ստանալու համար մայրը պետք է անցնի ստուգում նախածննդյան խնամք իրականացնող կլինիկայում կամ բժշկի մոտ՝ մինչև հղիության չորրորդ ամսվա ավարտը: Կինը կարող է ընտրություն կատարել՝ ստանալ մայրության դրամաշնորհը գումարի կամ մայրության փաթեթի տեսքով, որի մեջ ներառված են երեխաների խնամքի համար նախատեսվող տարբեր իրեր:
• երեխաների նպաստ.
Ֆինլանդիայում երեխաների նպաստը հիմնական միջոցն է, որը հավասարեցնում է երեխաներ ունեցող և չունեցող ընտանիքների ծախսերը։ Այն վճարվում է պետական միջոցներից՝ Ֆինլանդիայում ապրող յուրաքանչյուր 17 տարեկանից ցածր երեխայի համար: Երեխաների նպաստը չհարկվող եկամուտ է, և ընտանիքի ֆինանսական դրությունը չի ազդում դրա վրա: Երեխայի նպաստի մեծությունը կախված է ընտանիքում երեխաների թվից: Երեխայի նպաստը գնահատվում է այնպես, որ ծածկվի երեխայի հետ կապված ծախսերի մոտավորապես կեսը:
• խնամքի նպաստ.
Խնամքի նպաստի նպատակն է երեխայի խնամքի ապահովումը որոշ դեպքերում, երբ Ֆինլանդիայում ապրող 18 տարեկանից ցածր երեխան չի ստանում բավարար խնամք իր երկու ծնողներից: Երեխան իրավունք ունի խնամքի նպաստի, եթե իր մեկ ծնողը, որն ապրում է այլ վայրում, հրաժարվել է վճարել երեխայի խնամքի համար, որի պարտավորությունը նա ունի՝ ըստ պայմանագրի կամ դատարանի կայացրած վճռի:
• բնակարանային աջակցություն.
Բնակարանային աջակցության նպատակն է օգնել ընտանիքներին՝ ձեռք բերելու բավարար բնակարանային հարմարություններ խելամիտ գնով և ապահովելու բավարար բնակարանային պայմաններ: Երեխաներ ունեցող ընտանիքների համար բնակարանային աջակցության ձևերն են բնակարանային նպաստը, կառավարության կողմից սուբսիդացվող բնակարանային վարկերը և այլ տոկոսային սուբսիդիաներն ու հարկային արտոնությունները բնակարանային վարկերի համար:
• եկամտի աջակցություն.
Եկամտի աջակցությունը ֆինանսական աջակցության վերջին մակարդակն է և ներկայացնում է ընտանիքին տրամադրվող աջակցության կարևոր միջոց։ Քաղաքային իշխանությունը վճարում է այս գումարը, եթե ընտանիքը չունի եկամուտ, կամ նրա եկամուտը բավարար չէ ամենօրյա անհրաժեշտ ծախսերը ծածկելու համար:
Մանուկների ցերեկային խնամքի աջակցություն
Մանուկների ցերեկային խնամքի համակարգը մշակվել է, որպեսզի ընտանիքներին առաջարկվեն ընտրության մի շարք տարբերակներ, որոնք թույլ կտան ընտրել, թե որն է ավելի համապատասխան ընտանիքների կարիքներին: Կանանց ակտիվ մասնակցությունը աշխատանքային կյանքին խթանել է մանուկների խնամքի և ծնողների աշխատանքային ապահովվածության վերաբերյալ օրենսդրության մշակումը: Ծնողական արձակուրդների համակարգերում ընդունված սկզբունքը կայանում է նրանում, որ երկու ծնողներն էլ իրենց երեխաների խնամքի համար պետք է ունենան հավասար հնարավորություններ:
Ծնողի արձակուրդ և ծնողի նպաստներ
Հղիության, երեխային ծնունդի կամ խնամքի համար մայրը կամ հայրը կարող են վերցնել համապատասխան արձակուրդ՝ ստանալով նպաստ: Մայրական կամ ծնողական նպաստը վճարվում է 263 աշխատանքային օրվա համար: Հայրը կարող է ստանալ նաև լրացուցիչ հայրական նպաստ: Մորը վճարվող նպաստի ժամանակաշրջանը, որը նախորդում է ծնունդին, պահպանում է մոր և չծնված երեխայի առողջությունը՝ թույլ տալով մորը որոշ ժամանակ լինել աշխատանքից դուրս: Ծննդին հաջորդող ժամանակաշրջանը թույլ է տալիս մորը վերականգվել ծննդաբերությունից հետո և խնամել նորածնին: Ծնողական նպաստի ժամանակաշրջանը ընտանիքին թույլ է տալիս ընտրել, թե ով պետք է մնա տանը՝ երեխային խնամելու համար: Հոր նպաստը թույլ է տալիս հորը մասնակցել երեխայի խնամքին և խթանում է հոր և երեխայի միջև կապի հաջող զարգացումը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել