Երիտասարդ մայրերը հնարավորություն կունենան անցնել անվճար ուսուցում

Երիտասարդ մայրերին աշխատաշուկայում ավելի մրցունակ դարձնելու նպատակով մշակվել և կառավարության կողմից հաստատվել է մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերին գործատուի մոտ անվճար մասնագիտական ուսուցման ծրագիրը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության բաժնի պետ Ռուզաննա Պեպանյանը նշում է, որ ծրագրի ընթացքում նախատեսված է գործատուի մոտ կազմակերպել աշկերտություն, որի ընթացքում անձը հնարավորություն կստանա ստանալ կրթաթոշակ՝ նվազագույն աշխատավարձի չափով:

«Գործատուներին շահագրգռելու նպատակով նախատեսված է մասնագիտական ուսուցումը կազմակերպող մասնագետին վճարել նրա նախորդ տարվա միջին ամսեկան աշխատավարձի 20 տոկոսի չափով հավելում, ինչպես նաև գործատուին վճարել 30.000 դրամի չափով գումար, որպեսզի կարողանա ուսուցման կազմակերպման նյութական ծախսերը հոգալ»,-նշում է Ռուզաննա Պեպանյանը:

Եվ երիտասարդ մայրերին տրվող կրթաթոշակը, և գործատուին տրվող գումարը վճարվելու է պետական բյուջեից:

Ծրագրի մեջ կա նաև մի դրույթ, որի համաձայն՝ առաջնահերթություն կտրվի այն գործատուներին, որոնք կհամաձայնեն ծրագրի ավարտից հետո աշխատանքային պայմանագիր կնքել ուսուցումն անցածների հետ:

«Այն անձինք, որոնք ունեն 3 և ավելի երեխա, ունեն միայնակ մոր կարգավիճակ կամ ընդգրկված են «Նպաստ» համակարգում, ապա այդ անձանց կտրվի առաջնահերթություն ծրագրում ընդգրկվելու համար, իսկ ծրագրի շահառուներ հանդիսանում են այն մարդիկ, որոնք չունեն մասնագիտություն, որոնք ունեն գործազուրկի կարգավիճակ և որպես աշխատաշուկայում անմրցունակ անձինք նրանք կընդգրկվեն ծրագրում»,-նշում է զբաղվածության բաժնի պետը:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել