Նորություններ

Դաժան սպանության համար դատապարտվեցին 24 և 22 տարվա ազատազրկման

Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ փորձագետ Կարեն Վարդանյանի՝ առանձնակի  դաժանությամբ սպանության գործով վերջիննիստը: Նախագահող դատավորն էր Տաթևիկ  Գրիգորյանը:

Գևորգ Զոհրաբյանի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե գործը պարզ է, սակայն գործում մի շարք չհիմնավորված ապացույցներ կան: Պաշտպանը  շեշտեց, որ Գևորգ Զոհրաբյանը նախնական պայմանավորվածություն չի ունեցել ամբաստանյալ Արթուր Միհրանյանի հետ: Իսկ  Արթուր Միհրանյանը տուժողին սպանելու միտում չի ունեցել:

«Նախնական համաձայնությամբ խմբի կազմի մասով պետք է նշեմ տուժողի կողմից Գևորգ Զոհրաբյանին բնակարան նվիրելու փաստը: Ի՞նչ իրական վտանգ էր տեսնում Գևորգը Կարենից այն դեպքում, երբ Կարենն ինքն էր նվիրել իր սեփական բնակարանը նրան»,- ասաց  Մարինե Ֆարմանյանը:

Պաշտպանը ուշադրություն հրավիրեց լազերային սկավառակի վերաբերյալ զննության արձանագրությանը: Նա նշեց, որ ներքին դիտման լազերային սկավառակում առկա են 2 ձայնագրություն, որոնցից մեկում Արթուրն էր, իսկ մյուսում՝ Գևորգը: Տեսագրությունն ավարտվել է միանգամից՝ կարծես դիտավորությամբ այն անջատելու միտումով:

Մարինե Ֆարմանյանն ասաց նաև, որ իրականությունը դիտավորյալ թաքցվել կամ խեղաթյուրվել է. «Այս գործի պարագայում  պետք է տեղի ունենար առևանգմանը զուգորդված սպանություն, սակայն այս դեպքում Արթուրը Կարենին առևանգելու միտում չի ունեցել, և Կարենն ինքնակամ է նստել Արթուրի ավտոմեքենան»,-հավելեց պաշտպանը:

Ավարտելով խոսքը՝ նա  դիմեց դատարանին և ասաց, որ ակնկալում է արդար և անկողմնակալ դատավճիռ:

Պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նշվեց, որ Գևորգ Զոհրաբյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասաց, որ Կարենն իր բնակարանն իր կամքով և ցանկությամբ է նվիրել Գևորգին:

Պաշտպանն ասաց նաև, որ նախնական սպանության մտադրություն ամբաստանյալ Գևորգը չի ունեցել: Նա նույնպես նշեց, որ ամբաստանյալները  Կարենին սպառնալիքներով մեքենան չեն նստեցրել, այլ նա ինքն է իր կամքով նստել այդ մեքենան:
Ներկայացրեց Սևան գնալու ճանապարհին տեղի ունեցածը, որտեղ Գևորգ Զորհրաբյանը Արթուր Միհրանյանի և Կարեն Վարդանյանի թողել է միասին  և այլ մեքենայով վերադարձել Երևան և չի պատկերացրել, որ Արթուրի ու Կարենի միջև կարող է վեճ լինել ու սրվել այդ աստիճանի:

Ամբաստանյալներին ևս պաշտպանական ճառի հնարավորություն տրվեց: Արթուր Միհրանյանն ասաց. «Բազմիցս ասել եմ՝ սպանությունը կատարել եմ ես ինքս, և Գևորգը ոչ մի մեղք չունի»: Գևորգ Զոհրաբյանը հրաժարվեց պաշտպանական ճառով հանդես գալ:

Այդուհետև, վերջին  խոսք ասելու հնարավորություն տրվեց, որից Գեւորգ Զոհրաբյանը կրկին  հրաժարվեց: Ամբաստանյալ Արթուր Միհրանյանն էլ դիմելով դատարանին՝ ասաց. «Խնդրում եմ արդարացի դատավճիռ, ես սխալվել եմ…»:

Քիչ առաջ պաշտպան Մարինե Ֆարմանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանին և
Արթուր Միհրանյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ Գևորգ Զոհրաբյանի նկատմամբ պատիժ սահմանելով 24
տարի ազատազրկման ժամկետով և 1 միլիոն դրամի չափ տուգանք, իսկ Արթուր Միհրանյանին՝ 22 տարի
ազատազրկման ժամկետով և նույնպես 1 միլիոն դրամ տուգանքի չափով:

Լուսանկարում՝ սպանված Կարեն Վարդանյանը

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել