Գյումրիում հյուրանոցային նոր համալիր և սպասարկման կենտրոններ կկառուցվեն

Կառավարության որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով կտրամադրվի «Բասենի Գովք» ՍՊԸ-ին` տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման նպատակով: Հիմնավորման համաձայն, ՀՀ վարչապետի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրով նախատեսվում է նախկին «Շիրակ» հյուրանոցի և նրան հարող տարածքում կառուցել նոր հյուրանոցային համալիր և սպասարկման կենտրոններ: Ծրագրով նախատեսվում է շուրջ 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և 100-150 աշխատատեղերի ստեղծում: Ընկերությունը պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում տարածքը կվերադարձնի:
Հավանության է արժանացել ՀՀ 2018-2020 թթ. տարածքային զարգացման գործառնական ծրագիրը (ՏԶԳԾ), որը նպատակաուղղված է Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության արդյունավետ իրականացմանը: Ծրագիրը մշակվել է որպես հետևողական բարեփոխումների տարր՝ հանրապետության ավելի արդյունավետ և հավասարակշռված տարածքային զարգացման համար: ՏԶԳԾ նախատեսում է տարածքային և տեղական մակարդակի ներդրումների և զարգացման ծրագրերում ներգրավել ու ակտիվացնել տեղական դերակատարներին, առաջին հերթին տեղական ինքնակառավարման մարմիններին՝ որպես ծրագրի առաջարկողներ և իրականացնողներ՝ ծրագրերի մրցունակ հայտադիմումների ներքո:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը: «Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գյուղատնտեսության մեջ ավելի քան 20 տարի օգտագործվող հողամասերը կհաշվառվեն որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, իսկ անտառային տնտեսության մեջ օգտագործվող հողերը՝ որպես անտառային հողեր: Արդյունքում կկարգավորվի հողօգտագործումը ՀՀ Սյունիքի մարզի Նորաշենիկ համայնքի վարչական տարածքում, կճշտվի համայնքի հողային հաշվեկշիռը, կհստակեցվեն նաև համայնքի կադաստրային քարտեզում առկա անճշտությունները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ նման անճշտություններ առկա են նաև այլ համայքներում: Կարևորելով այդ գործընթաց՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել դրա իրականացման հստակ ժամանակացույց, քանի որ առկա է բազմաթիվ բազային տվյալների ճշգրտման խնդիր:

ՀՀ կառավարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել