Կպարզեցվի էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարությունը

Գործադիրը հավանություն է տվել ««Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրինագծերով առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը: Օրինագծերի փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, հատուցման ոչ ենթակա ծավալը հավասարեցնել տարվա ընթացքում մյուս կողմից ստացված (հանձնված) էլեկտրական էներգիայի ծավալին: Առաջարկվում է սահմանել, որ տարվա արդյունքներով արևային էլեկտրակայանների կողմից հատուցման ոչ ենթակա էլեկտրաէներգիայի ծավալից ավելի առաքված էլեկտրական էներգիան բաշխման լիցենզիա ունեցող անձը ձեռք է բերում հանձնաժողովի կողմից արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանների համար սահմանված գործող սակագներից ամենացածր սակագնին հավասար` վերոհիշյալ 50 տոկոսի չափից ցածր լինելու դեպքում: Օրինագծերի ընդունման արդյունքում միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն և մաքուր («կանաչ») տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական մի շարք նոր հզորություններ, այդ թվում՝ արևային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթևացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Այդպիսով կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման և նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից, կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
Նախատեսվում է կատարելագործել հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը
Հավանության է արժանացել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագծի կարգավորման նպատակը հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների կատարման գործող համակարգը կատարելագործելն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել, որ հարկ վճարողները հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 2017 թ. համար նույնպես կարող են կատարել գծային մեթոդով:
Գործադիրը հավանություն է տվել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգը համապատասխանեցնել առկա միջազգային պահանջներին։ Օրինագծերով նախատեսվում է սահմանել զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց պատկանող գույքի սառեցման պարտականություն, անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մասով համապատասխան շեմից բարձր կանխիկ եղանակով իրականացվող վճարումների սահմանափակում և այլն:
Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ՀՀ կառավարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել