Նորություններ

Անվանացուցակ չներկայացրած փոխադրողները չեն կարողանա հատել Ռուսաստանի սահմանը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության  միջև ավտոմոբիլային տրանսպորտով  միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին»  նոր համաձայնագիր։ Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։

Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պարտավոր են տեղեկատվական օպերատորների հետ կնքել համաձայնագիր, ըստ որի՝ մինչև երթը սկսելը պետք է տրամադրեն տրանսպորտային միջոցի անձնակազմի և ուղևորների անվանացուցակը: Հակառակ դեպքում հնարավորություն չեն ունենա հատել տվյալ երկրի սահմանը:

Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես երկու երկրների լիազոր մարմինների կողմից հաստատված փաստաթղթերով (չվացուցակի, երթուղու սխեմայի, փոխադրավարձի վերաբերյալ) թույլտվությունների բնօրինակների հիման վրա։

Երկու երկրների օրենսդրության համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն միայն ավտոկայարաններից։ Լիազոր մարմինների կողմից թույլտվություններ կտրամադրվեն այն փոխադրողներին, որոնք ավտոկայարանների հետ կունենան սպասարկման պայմանագրեր։

Փաստաթղթով սահմանվում է նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու կարգը։ Ըստ այդմ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն  միայն լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։

ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է  դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։

Թույլտվություն տրամադրելու համար պարտադիր պայման է սահմանվում, որ տվյալ փոխադրումը լինի զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակով և չկրի կանոնավոր բնույթ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել