«Այնքան «շպրտված» է այս գործը…»․ Մայրը պնդում է, որ 25-ամյա որդու սպանությունը չի բացահայտվել

25-ամյա Արտյոմ Ադանալյանը սպանվել է երեք տարի առաջ Գյումրիում։ Իրավաբան.net-ի հետ զրույցում Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը պատմում է, թե ինչ դժվարությամբ է մեծացրել տղային և ինչ զրկանքներ են կրել, որ նա բարձրագույն կրթություն ստանա․ «Արտյոմս նոր էր վերադարձել Մոսկվայից, երբ այդ դեպքն եղավ: Ավարտել էր Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական բաժինը: Անգլերենով տեխնիկական թարգմանությոններ էր անում»։

Մասնագիտությամբ մանկավարժ տիկին Ռուզաննայի պատմելով՝ ամուսինը հակում ուներ խմելու և սիրում էր շրջապատին հավաքել ու կերուխում կազմակերպել, ինչը դուր չէր գալիս Արտյոմին։

Լուսանկարում՝ Արտյոմ Ադանալյանը

Ըստ մեղադրական եզրակացության,  սպանությունը տեղի է ունեցել Արտյոմի հոր՝ Ավետիք Ադանալյանի տնակում՝ 2014-ի հոկտեմբերի 29-ին կազմակերպված  ճաշկերույթի ժամանակ։  Արտյոմը հորը դիտողություն է արել կենացը ձգձգելու համար։ Ներկաներից Արթուրը միջամտել է՝ «Արտյոմիկ» դիմելով նրան։ Արտյոմն էլ նրան է դիմել՝ «Արթուրիկ»։ Արտյոմի հայրն Արթուրին կանչել է խոհանոց՝ հանգստացնելու համար, սակայն վեճը շարունակվել է: Արթուրն ու Արտյոմը միմյանց հարվածել են։ Այդ ժամանակ Արթուրը ձեռքին եղած դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել Արտյոմին, ինչի հետևանքով  որոշ ժամանակ անց Արտյոմը մահացել է:

Արտյոմին դիտավորյալ սպանելու գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Ամբաստանյալի աթոռին միայն Արթուր Մարտիրոսյանն է։

Ռուզաննա Ադանալյանը պնդում է, որ սպանության մի շարք հանգամանքներ չեն պարզվել, հանցագործությունը չի բացահայտվել։ Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց, թե  նախաքննության ընթացքում ինչ խախտումներ են եղել, ինչպես են խեղաթյուրվել կարևոր հանգամանքներ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են թմրանյութեր

Դեպքի օրը  ժամը 21։30-ի սահմաններում տիկին Ռուզաննան, ով ներկայումս ապրում է Երևանում,  զանգահարել է որդուն, սակայն հեռոսազանգին պատասխանել է Մարիամ Ուստյանը, ով այդ պահին եղել է այդ տնակում։ Նա ասել է, թե Արտյոմն իրեն լավ չէր զգում, տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Ռուզաննան իր աղջկա հետ անմիջապես Երևանից եկել են Գյումրի։  Կեսգիշերին այդ տնակ  է մտել քննիչը և  տան ճամպրուկի միջից հանել է  զգալի քանակությամբ թմրանյութ և դուրս է եկել․ «Մենք վստահ էինք, որ դա Արտյոմինը չէր կարող լինել, բայց թե որտեղից էր հայտնվել մեր տանը… Քննիչը ներս մտավ և առանց խուզարկելու, կարծես տեղն իմանալով՝ մոտեցավ ճամպրուկին և լրագրի մեջ փաթաթած թմրանյութը վերցրեց,  գնաց»,- հիշում է տիկին Ռուզաննան:

Նա պատմեց նաև, որ իր ծանոթներից մեկը տնից սրվակ է գտել և տվել իրեն, որը նա ուղարկել է փորձագիտական կենտրոն, որտեղից էլ պատասխանել են՝ սրվակը հաշիշ ու մարիխուանա է պարունակում: Պահանջել է, որ վկաներից բոլորից վերցնեն համապատասխան անալիզներ՝ պարզելու համար, թե ովքեր են այն օգտագործել, սակայն համապատասխան անալիզները վերցրել են միայն  դեպքից վեց ամիս հետո: Այդուհետև  պատասխանել են, որ թմրանյութը չի կարող այդքան երկար մնալ մարդու օրգանիզմի մեջ:

 

Մայրը պնդում է՝ սպանությունը ոչ թե մեկ անձի, այլ խմբի կողմից է կատարվել

Դեպքի առթիվ գործ է հարուցվել  Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և մեղադրանք է առաջադրվել մեկ անձի: Մինչդեռ գործի նյութերում առկա են փաստեր, որ սպանությունը տեղի է ունեցել խմբի կողմից: Հետևաբար, սկզբից ևեթ գործը պետք է  հարուցվեր Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով (խմբակային սպանություն):

Ռուզաննան պատմեց, որ դեպքի վայրում գտնվել էր ևս մեկ անձ՝ Հովհաննես Թոփչյանը, ով ամբաստանյալ Արթուրի  մտերիմ ընկերն է եղել։ Նրա մասով նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել։ Մասնավորապես,  Հովհաննեսի տանը խուզարկություն է եղել և հայտնաբերվել է նրա բաճկոնը, որի վրա եղել են նույն մանրաթելերը, որոնք եղել են նաև իր տղայի՝ Արտյոմի հագուստի վրա: Նա շեշտեց, որ նշվել է՝ այդ մանրաթելերը կարող էին Հովհաննեսի հագուստից Արտյոմի հագուստի վրա հայտնվել միայն անմիջական փոխադարձ շփման հետևանքով: Ռուզաննան, սակայն, նշեց, որ հետագայում այդ հատվածը դուրս է հանվել գործի նյութերից:

«Իմ հավաստի տվյալներով՝ դեպքի վայրում եղել է նաև Հովհաննեսը: Գործով անցնող  տասներեք վկաներից երկուսին են ցույց տվել Հովհաննես Թոփչյանի լուսանկարը, որոնք հաստատ չէին ճանաչի նրան: Մնացած վկաներին ցույց չէին տվել նրա նկարը: Հովհաննեսի վերաբերյալ քննիչը հարցում է արել և պատրանք է ստեղծել, որ, իբր, նա փորձում է հայտնաբերել Հովհաննես Թոփչյան անձին, բայց չի կարողանում: Բազմաթիվ արձանագրություններ են կատարվել՝ այցելել են բնակարան, սակայն չեն հայտնաբերել նրան:

Լուսանկարում՝ ռետինե ծածկոցը

Հետագայում, երբ նախաքննությունն ավարտին էր մոտենում, ես խնդրեցի, որ անպայման հայտնաբերեն նրան:Անձնագրային տվյալներով հարցում կատարվեց և պարզվեց, որ դեպքի վայրից երկու անց Հովհաննեսը հատել է Հայաստանի սահմանը: Այսինքն, ստացվում է, որ նա փախուստի է դիմել: Ավելի ուշ՝ Հովհաննեսին որպես մասնակից, որպես վկա դուրս էին հանել գործի նյութերից»,-մեզ հետ զրույցում ասաց Ռուզաննա Ադանալյանը:

Անհետացել է իրեղեն ապացույցը, բացակայում են այլ ապացույցներ 

Ռուզաննա Ադանալյանի խոսքով, նախաքննության փուլում թաքցվել է իրեղեն ապացույցներ։ Օրինակ, այն սեղանի, որի շուրջ հավաքված են եղել, ռետինե ծածկոցը անհետացել է դեպքի վայրից: Փորձաքննության են ուղարկվել միայն կոտրված բաժակները, ծխախոտի տուփերը, կոտրված ապակյա շշերը։  Ի դեպ, ռետինե ծածկոցը՝ արյան ինտենսիվ հետքերով, երևում է քրեական գործի դեպքի վայրի լուսանկարներում։

Սպանվածի մայրը նշեց, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև հագուստի կոճակ, սակայն չի բացահայտվել, թե ում է այն պատկանում:

Նա պատմեց, որ գործից բացակայում են նաև սպանության մեջ մեղադրվող Արթուր Մարտիրոսյանի հեռախոսազանգերի վերծանումները. «Այն հարցին, թե ու՞ր են մեղադրյալի հեռախոսային վերծանումները, մեղադրյալը պատասխանել է, թե հեռախոս չի ունեցել, իսկ քննիչը դա ընդունել է որպես արժանահավատ տեղեկություն, ողջամիտ պատասխան»,- ասաց  Ռուզաննան:

Գործի նյութերից բացակայում են դիակի լուսանկարները: Ռուզաննայի խոսքով՝ դա դիտավորյալ հանել են գործի նյութերից, որպեսզի արդար դատավարություն չլինի:

Փորձաքննությունների եզրակացությունները հակասում են մեկը մյուսին

Կատարված դատական փորձաքննությունների արդյունքները հակասական են։ Մասնավորապես, մի փորձաքննության եզրակացությամբ նշվում է, որ սպանվածի միզապարկը դատարկ է եղել, իսկ մեկ այլ փաստաթղթում նշվում է 50մլ մեզի առկայության մասին։ Բացի դրանից՝  դատաբժիշկը նշել է երկկողմանի, իսկ քրեագետը՝ միակողմանի գործիքով վնասվածք:

Հանցագործությունը բացահայտելու միակ հույսը մնացել է դատաքննությունը։ Տիկին Ռուզաննան սակայն անհանգստացած է․ «Ներկա պահին մի ահավոր վիճակ է դատարանում: Բոլոր միջնորդությունները մերժում են: Միջնորդում ենք ամբաստանյալի հեռախոսային վերծանում հանելու վերաբերյալ, մերժում են: Ասում ենք՝ միջնորդենք Հովհաննես Թոփչյանին որպես մասնակից անձի, որպես վկա ներգրավել, մերժում են: Ես չգիտեմ… Վկաները դատարանին կարող են ասել՝ «Հոպար ջան, շտապում ենք, թող գնանք»: Այնքան շատ է անտարբերությունը: Այնքան «շպրտված» է այս գործը… Առայսօր ես չեմ ստացել այն հարցի պատասխանը՝ իմ տղային՝ Արտյոմիս, միևնու՞յն դանակով են մահվան դիտավորությամբ վնասվածք հասցրել, թե՞ երկու տարբեր: Այս հարցն է, որ ինձ տանջում է: Եթե Հովհաննեսը, ում վերաբերյալ հաղորդում եմ տվել դատախազությունում, հայտանաբերվի, ապա ամեն բան «ջրի երես» դուրս կգա»,- խորը վիշտով, սակայն արդարության  հասնելու  վճռականությամբ ասաց Ռուզաննան:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել