Նորություններ

Դատախազությունը որոշել է հիշեցնել տուժող կողմի այն իրավունքների մասին, որոնք արդեն իսկ իրացվում են

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին:

Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի և մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը և հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին այն դեպքում, երբ տուժող կողմն արդեն իսկ օգտվում է այդ իրավունքներից:

Հիշեցնենք՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր, ապա 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել  էր և տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել:

Ա. Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեպքից օրեր անց և պարբերաբար հրապարակումներ արել գործի ընթացքի վերաբերյալ:

Քրեական գործ էր հարուցվել և Ա. Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի, և նրա մահվան դեպքի առթիվ:

Ծեծկռտուքի գործով վարույթն իրականացնող մարմինը նախ Ա. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր վերջինիս մահվան հիմքով, ապա հաշվի առնելով ծեծկռտուքի ընթացքում Անզոր Կարապետյանի ստացած վնասվածքները՝ վերջինիս տուժող էր ճանաչել և 2016 թ. ապրիլի 26-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճել՝ ծեծկռտուքի մյուս մասնակիցների գործողությունները որակելով որպես անհրաժեշտ պաշտպանություն:

Եվ միայն Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի կողմից քեական գործը կարճելու մասին 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկելուց հետո գործն ուղարկվեց նախաքննության:

Իսկ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցվել էր քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննության արդյունքներն ստանալու հաջորդ օրն իսկ՝ առանց դրանք քննության առարկա դարձնելու: (Անզոր Կարապետյանի մահվանից 9 ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով արձանագրվել էր, որ նրա ունեցած անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ինքնասպանության հանգեցնել):

Ավելի ուշ դրա վերաբերյալ տուժող կողմի միջնորդություններին ի պատասխան հայտնել էին, որ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսված է, սակայն ամիսներ անց կրկնակի հարցումներից հետո պարզվել էր, որ այն կրկին կասեցվել է, և միջնորդության քննության արդյունքում «էական հանգամանքներ չեն պարզվել»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին 2016 թ. սեպտեմբերի 14-ի որոշման դեմ դատարան ներկայացված բողոքում դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ կարևոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել՝ վկայակոչելով մի շարք փաստեր:

Քրեական գործը կասեցնելու որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համանուն նյութ հրապարակեց, որում ներկայացված էին բացթողումները և նշվում էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը որոշել է արձագանքել gala.tv-ում հրապարակված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այս նյութին և «պարզաբանում» ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել