Նորություններ

«300.000 հազար դոլար է ինձ պարտք». դատարանը չի բավարարել դիմումատուի բողոքը

Լուսիկ Ղազարյանը պնդում է, որ Հրանտ Մանուկյանը, որի հետ համատեղ գործունեություն են ծավալել` զբաղվել կահույքի և տնտեսական ապրանքների վաճառքով, սկսած 2006թ. մինչև 2016թ. փետրվար ամիսը, պարտք է նրան 300.000 դոլար: Իրավաբան.net-ի հետ զրույցում Լուսիկ Ղազարյանի պաշտպանը՝ Մնացական Ղազարյանը նշեց, որ  նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը որոշ սուբյեկտիվ պատճառներով և քանի որ նա անցած տարիների իրեն հասանելիք շահույթը չէր ստացել, բացի օրվա ծախսերից, իսկ մնացած շահույթը վերստին ներդրվել էր բիզնեսի ընդլայնման մեջ, պատասխանողի հետ կատարած փոխադարձ հաշվարկներով պարզվել է, որ շահույթի իր բաժինը կազմում է 480.000 ԱՄՆ դոլար , որից ինքը 180.00  դոլարը զիջել է վերջինին։ Պատասխանողը մնացած 300.000 դոլար գումարը  պարտավորվել է վերադարձնել մաս-մաս՝ տրված պարտավորագրով և պարտքն ամբողջությամբ մարել մինչև 2016 թվականի դեկտեմբեր ամիսը։

«Մեր բիզնեսը երեք փայատեր ուներ, Հրանտը ու նրա եղբայրը՝ Մասիսը: Մենք գործը միասին ենք սկսել, 13 տարի միասին ենք աշխատել: Ընտանիքներով էլ էինք շատ մոտ: Նույնիսկ, երբ իմ տանը վերանորոգում էր սկսվել, մենք տեղափոխվել էինք նրա տուն»,-նշում է տիկին Լուսիկը:

Դիմումատուն նշում է, որ այս ամբողջ ընթացքում Հրանտ Մանուկյանը վճարել է միայն 5000 դոլար, իսկ դրանից հետո երբ հանդիպել է պարտապանի հետ, նա  հրաժարվել է պարտքը մարել և սպառնացել է իրեն սպանել կամ պատժել ընտանիքի անդամներին, եթե ինքը փորձ անի գումարը պահանջել. «Երբ ես հաջորդ անգամ գնացի խանութ, Հրանտը մի քանի տղամարդկանց հետ դուրս եկավ ու սպառնաց, որ եթե մի անգամ էլ խանութ գնամ կամ փող ուզեմ, ապա իմ ընտանիքի ու երեխաների վիճակը լավ չի լինի: Ես սկսեցի հետը վիճաբանել ու այդ ժամանակ նա խանութում վաճառքի դրած լյուստրան շպրտեց վրաս: Այս մասով միայն հինգ ամիս հետո փորձաքննություն անցկացվեց, բայց ոչինչ չպարզեցին: Ես կասկած ունեմ, որ Հրանտը նրանց կաշառել է»:

Տեսնելով, որ սպառնալիքներն ակնհայտ են,  2017 թ. ապրիլի 7-ին ոստիկանության Արագածոտնի բաժնին հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ։ Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Նշենք, որ Հրանտ Մանուկյանը իր անունով չունի գրանցված անշարժ կամ շարժական գույք, այլ ունեցվածք: Նա նաև ասում է, որ 300.000 դոլար պարտքի վերաբերյալ պարտավորագիրը տրամադրել է Լուսիկ Ղազարյանի սպառնալիքների ու ճնշման տակ:

«Պարտավորագիրը ստորագրելուց օրեր հետո ինքը իր ամբողջ ունեցվածքը օտարել է, ԱՁ-ի տերեր է գրանցել ինչ-որ անձանց, որոնք ընդհանրապես կապ չունեին դրա հետ… Ես նրա վրա ճնշում ընդհանրապես չեմ գործադրել, այլ ընդհակառակը: Այդ ժամանակ մենք դեռ նրա տանն էինք ապրում, ինքը ուրախ-ուրախ եկավ, պարտավորագիրը գրեց՝ մի քանի մարդու ներկայությամբ ու գնաց: Ինքը դեռ ասում էր, որ ուրախ ա՝ գործը երկու փայատեր կունենա»,-նշում է Լուսիկ Ղազարյանը:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Գոհարիկ Խաչատրյանի նախագահությամբ, չի բավարարել Լուսիկ Ղազարյանի պահանջը:

Մնացական Ղազարյանի խոսքով՝ նրանք սնանկության վերաբերյալ դիմում են պատրաստում՝ վճռաբեկ դիմելու համար. «Մեծ հույսեր եմ կապում վճռաբեկ դատարանի հետ: Արդարությունը պիտի հաղթանակի»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել