Նորություններ

Թե ինչ եղավ, երբ Էդվարդը որոշեց պատրաստել և իր ընկերներին հյուրասիրել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց

Այսօր` հոկտեմբերի 31-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ Մ. Մելքոնյանի, շարունակվեց ամբաստանյալներ Էդվարդ Բադալյանի, Դավիթ Բաղրամյանի և Հրաչյա Հովսեփյանի թիվ ԼԴ/0155/01/12 քրեական գործի քննությունը:

.

Էդվարդ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի աշնանը Լոռու մարզի Արջուտ գյուղի իր տանը հարակից ձորակում վայրի աճած կանեփ ցեղի խոտաբույսերի թփերից քաղել է տերևներ, սերմեր ու ցողուններ, որոնք տեղափոխել, չորացրել և որպես թմրամիջոց պատրաստելու բաղսդրիչներ՝ պահել է իր տան նկուղային հարկի արհեստանոցում։

 

Այնուհետև, էդվարդ Բադալյանը իր ընկերներ Հրաչյա Հովսեփյանին և Դավիթ Բաղրամյանին 2012 թվականի մարտի 1-ին ժամը 17-ի սահմաններում հրավիրել է իր տուն, ապա թմրամիջոց պատրաստելու, այն վերջիններիս հյուրասիրելու նպատակով հյուրասենյակի վառարանի վրա հիշյալ կանեփ ցեղի խոտաբույսի բաղադրիչները եռացրել է կաթով լի կաթսայի մեջ ու այդպիսով ենթարկելով ջերմային ազդեցության վերջիններիս՝ իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել և պահել է առանձնապես խոշոր չափերով 13,01 գրամ չոր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող 345 մլ ծավալով հեղուկ, որը նույն օրը նրա բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից։

 

Դատական նիստին ներկայացել էր ընթերակա Մ. Պողոսյանը, որին կրկին հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել ամբաստանյալ Դ. Բաղրամյանի պաշտպան Վ. Ավագյանը: Տեղի ունեցավ նրա հարցաքննությունը, որի ընթացքում կատարվեց առերես հարցաքննություն նրա և ամբաստանյալների մասնակցությամբ:

 

Այնուհետև ամբաստանյալ Է. Բադալյանի պաշտպան Հ. Հովսեփյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով: Նա ներկայացրեց, որ խուզարկությունից հետո իր պաշտպանյալին չեն բացատրվել իր իրավունքները, հատկապես պաշտպան ունենալու իրավունքը, և նրա իրավունքների խախտմամբ ձեռք բերված ցուցմունքները հետագայում որպես ապացույց օգտագործվել են նրա դեմ: Ներկայացրեց միջնորդություն այդ ցուցմունքները չհամարել որպես ապացույց իր պաշտպանյալի դեմ: Միջնորդությունը քննարկելու համար դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշելով, որ միջնորդությանը կանդրադառնա դատավճռում:

Հ. Հովսեփյանը  հայտնեց, որ տեղեկություններ ունի, որ խուզարկության ժամանակ որպես ընթերականեր հանդես եկած Մ. Պողոսյանը և Ա. Մատինյանը 01.03.2012թ. դրությամբ, այսինքն` խուզարկության օրը, հանդիսացել են Գուգարքի շրջանի ոստիկանության կաթսայատան աշխատակիցներ, այսինքն` նրանք չէին կարող լինել գործում անշահախնդիր անձինք, որով, ըստ պաշտպանի, խախտվել է ՀՀ. Քր. Օր. 81 հոդվածը: Այդ տվյալները ճշտելու համար պաշտպան Հ. Հովսեփյանը միջնորդություն ներկայացրեց դատարան` հարցում կատարել Սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային բաժին: Միջնորդությունը բավարարվեց:

 

Պաշտպան Հ. Հովսեփյանի մյուս միջնորդությունը վերաբերում էր փորձանմուշ վերցնելու ժամանակ որպես վկա հանդես եկած Արտակ Մելքոնյանին: Մասնավորապես, ըստ պաշտպանի, կասկածի տեղիք է տալիս տվյալ անձի բնակության հասցեն, որն, ըստ իրեն, գոյություն չունի և ընդհանրապես կասկածելի է` նա ներկա եղել է, թե` ոչ: Միջնորդություն ներկայացվեց հաջորդ դատական նիստին հրավիրել Ա. Մելքոնյանին: Այս միջնորդությունը ևս բավարարվեց:

 

 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին, ժամը 16:00-ին:

 

Հանրային թղթակից` Մարիամ Մուրադյան

Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել