5 բուհում փորձնական ներդրվել են ուսանողների համար մշակված էթիկայի կանոնագրքեր

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն ընդունել է ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն  Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչին, Եվրոխորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վութովային եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տնօրեն Նինա Փիրումյանին:

Ողջունելով հյուրերին` Վահրամ Մկրտչյանը նշել է, որ նախարարությունը բարձր է գնահատում կրթության ոլորտում Եվրոխորհրդի հետ համագործակցությունը եւ ցուցաբերած աջակցությունը:

Նրա խոսքով` ԵԽ-ի հետ համագործակցությունը հիմնականում ընթացել է երկու ուղղությամբ` «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» եւ «Աջակցություն մարդու իրավունքների կրթությանը եւ ժողովրդավարական դաստիարակությանը Արեւելյան գործընկերության երկրներում» ծրագրերի շրջանակում:

Վահրամ Մկրտչյանը նշել է, որ առաջին ծրագրի խնդիրն էր աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ եւ բարեվարքության մեխանիզմների մշակմանը եւ ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Նրա խոսքով` ծրագրի արդյունքում մշակվել են բոլոր անհրաժեշտ կանոնակարգերը, եւ ներկայումս անհրաժեշտություն կա  դրա արդյունքների ամփոփման եւ գործնական կիրառության:

Երկրորդ ծրագրի շրջանակում իրականացվել է 3 գլոբալ միջոցառում` վերապատրաստումներ, ԵԽ` մարդու իրավունքների կրթության եւ ժողովրդավարական դաստիարակության աջակցման թեմայի շրջանակում հրատարակված նյութերի թարգմանություն եւ այդ նյութերի հիման վրա պիլոտային ծրագրի իրականացում դպրոցներում: Հետեւաբար, ըստ նախարարի տեղակալի` ԿԳՆ-ն շահագրգիռ է վերոնշյալ ծրագրերի շարունակության հարցում:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն իր հերթին նշել է, որ առաջին ծրագրի արդյունքում բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի եւ բարեվարքության ամրապնդման ռազմավարությունների վերաբերյալ բարձրացել է իրազեկության մակարդակը շահառուների շրջանում, ինչպես նաեւ դրանց համար մշակվել են ինստիտուցիոնալ հիմքեր: Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ բուհում փորձնական ներդրվել են ուսանողների, վարչական եւ ակադեմիական աշխատակիցների համար մշակված տիպային էթիկայի կանոնագրքեր:  Բացի այդ, ծրագրի շրջանակում բարձրագույն կրթության կառավարման ոլորտում ստեղծվել է հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը խթանող հաշվետվությունների առցանց հարթակ: Դավիթ Սահակյանը եւս հաստատել է ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը:

ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչի խոսքով` նա Հայաստանում է` արձանագրելու Եվրոխորհրդի հետ իրականացված ծրագրերի ձեռքբերումները եւ նախանշելու ապագա ծրագրերը: Նրա խոսքով` պետության ժողովրդավարության կայացման ճանապարհին  կրթությունն առանցքային դերակատարում ունի, հետեւաբար անհրաժեշտ է ներդրումներ կատարել այդ ոլորտում: ԵԽ-ի Ժողովրդավարության գլխավոր տնօրենը նշել է, որ իրականացված երկու ծրագրերի արդյունքում արձանագրվել են լավ արդյունքներ, եւ ԵԽ-ն պատրաստակամ է լսել ԿԳՆ առաջարկությունները` հետագա համագործակցության վերաբերյալ: Նրա խոսքով` ներկայումս հնարավորություն կա իրականացնել բազմակողմանի ծրագիր` մարդու իրավունքների կրթության եւ ժողովրդավարության ոլորտում: Հանդիպման ավարտին Սնեժանա Սամարժիչ-Մարկովիչը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` Ժամանանակից լեզուների եվրոպական կենտրոնում կառուցողական աշխատանքի համար:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել