Նորություններ

Մեղադրանք է առաջադրվել «Սոսե» բարեգործական ՀԿ նախագահին

Այսօր բարեգործական հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու, օգտագործելու համար. այս մասին այսօր հայտարարություն տարածեց Քննչական կոմիտեն:

Նշվում է, որ Եվրամիության կողմից  ֆինանսավորվող երկու դրամաշնորհային ծրագրեր իրականցնելու շրջանակում ՀԿ նախագահի կողմից շուրջ 300 հազար եվրո է հափշտակվել: Այս ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրերից մեկը եղել է «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագիրը:

«Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագիրն իրականացվել է «Սոսե» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից  Իրավաբան.net-ը տեղեկացավ, որ այս ՀԿ-ն հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 11-ին: Ներկայումս ՀԿ նախագահն է Նելլի Սեդրակյանը, ով նախագահությունը ստանձնել է 2016 թվականի հունիսի 24-ին: Մինչ այս ՀԿ նախագահը եղել է Լավուրիկ Մելիքյանը: 

Այս տեղեկություններից ենթադրվում է, որ այսօր մեղադրանք առաջադրվել է Նելլի Սեդրակյանին: Քննչական կոմիտեից տեղեկանում ենք նաև, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նշենք, որ առաջին մեղադրանքով պատիժ է սահմանվում 4-8 տարի ժամկետով ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Իսկ երկրորդ մեղադրանքով պատիժ է սահմանվում տուգանք՝ 200-400 հազար դրամի չափով կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել