Նորություններ

Գնման գործընթացներին մասնակցելու համար որևէ վճար նախատեսված չէ․ պատասխան՝ գործարարի ահազանգին

Գործարարը Bizprotect.am կայքի միջոցով ահազանգել է այն մասին, որ պետական գնման մրցույթին մասնակցելու համար պահանջել են գումար վճարել։ Մասնովարպես, կայքի միջոցով անանուն ահազանգող գրել է․ «Պետական գնումների տենդերներին մասնակցելու համար 50.000 դրամ է պահանջում համակարգը՝ մասնակցության գումար: Արդյո՞ք փոքր և միջին ձեռնարկատերերն էլ պետք է վճարեն, թե՝ ոչ»:

Նշենք, որ հուլիսի 7-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված է անանուն ահազանգման հարթակի ստեղծումը 2018թ.-ին: Սակայն,  «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է Bizprotect.am կայքը, որը ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրներին, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր:

Ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը նշեց, որ այս ահազանգի կապակցությամբ գրություն է ուղարկվել ֆինանսների նախարարություն։ Փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատասխանել է, որ «Գնումների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի գնման գործընթացին մասնակցելու հավասար իրավունք։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գնումների գործընթացին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող անձի մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար։

«Հայտնում ենք, որ գնման գործընթացներին մասնակցելու համար որևէ վճար նախատեսված չէ և որևէ անձի մասնակցությունը գնման գործընթացներին կարող է սահմանափակվել միայն վերոնշյալ հիմքերի առկայության դեպքում»,- պատասխանել է փոխնախարարը։

Միաժամանակ նախարարությունից հայտնել են, որ եթե խոսքը վերաբերում է գնման գործընթացներին մասնակցելու համար միջնորդ կազմակերպությունների կողմից մասնակիցներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով առաջարկվող ծառայությունների մատուցմանը, ապա հայտնում ենք, որ յուրաքանչյուր անձ ինքն է որոշում՝ օգտվել առաջարկվող ծառայությունից, թե՝ ոչ։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել