ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ավագ մասնագետ, ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի ասպիրանտ
Ռուստամ Մախմուդյան
Փետրվար 2007թ.

Սահմանադրությամբ իրեն իրավական պետություն հռչակած և ժողովրդավարական զարգացման ուղիով ընթացող Հայաստանի Հանրապետությունում տնտեսական, քաղաքական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև միջազգային-իրավական բազմաթիվ խնդիրների լուծման հետ միաժամանակ անհրաժեշտ է ապահովել օրենքի գերակայությունը, մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Վերոհիշյալ հարցերի լուծումը հնարավոր է սոցիալական արդարության սկզբունքների գերակայության հաստատմամբ, իրավապահպան գործունեության գաղափարայնացմանը և հանրային շահերի պաշտպանությանը գերապատվություն տալու կողմնորոշման վերացմամբ, հանրային և մասնավոր շահերի հավասար պաշտպանվածությամբ: Այս իրավիճակում, իբրև առանձնահատուկ մարմին, պարտավոր և ինքնուրույն դեր է վերապահված Մարդու իրավունքների պաշտպանի (Օմբուդսմեն) հաստատությանը, որը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից անձի իրավունքների պաշտպանության իրական դերակատարություն կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ պետական կառուցակարգում այն հաստատված է որպես իշխանություններից անկախ, քաղաքական, գաղափարական, շահադիտական նախահամոզվածությունից ազատ մարմին:
Մարդու իրավունքների Պաշտպանի ինստիտուտը, լինելով նորույթ հայ իրականության մեջ, բնականաբար հեռու է անթերի լինելուց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած փոխհարաբերություններում, և եղած բացթողումները լուրջ կատարելագործման կարիք ունեն: Հարկ ենք համարում նշել առավել էական մի շարք օրենսդրական հակասություններ՝ կապված «Մարդու իրավունքների Պաշտպանի մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Նախ և առաջ կարևոր է անձի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը քրեական գործի վարույթն իրականացնող մարմինների (հետաքննության մարմին, քննիչ, դատախազ, դատարան) կողմից: Նշված ոլորտում նկատելի են զգալի հակասություններ թե՛ օրենսդրության մեջ, թե՛ գործնական աշխատանքում` սկսած քրեական գործի հարուցման փուլից մինչև գործի քննությունը ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից: Մասնավորապես, Պաշտպանին հասցեագրված դիմումների մեջ զգալի թիվ են կազմում այն դիմումները, որոնք վերաբերում են նախնական քննության մարմինների կողմից դիմումատուների պնդմամբ քրեական գործերի հարուցումը մերժելու, ինչպես նաև դրանք չվերացնելու վերաբերյալ դատախազների ու դատարանների որոշումներին: Այս առումով հարկ ենք համարում ներկայացնել գործնական աշխատանքում առաջացող բարդությունները օրենսդրական հակասությունների համատեքստում: Նախ` Քր. դատ. օր. 180-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում: Դրան հակառակ` բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական հետապնդման մարմինների կողմից հաճախակի է խախտվում նշված նորմը: Հաճախ դա պատճառաբանվում է աշխատանքի խիստ ծանրաբեռնվածությամբ, ինչը պատասխանատվությունից ազատելու կամ այն մեղմացնելու միանշանակ հանգամանք չի կարող համարվել: Բացի այդ` բողոքների ստվար մասը վերաբերում է դատախազական թույլ հսկողությանը, դրա ոչ պատշաճ իրականացմանը դատախազների կողմից:
Որոշակի հակասություններ են առաջանում քրեական վարույթն իրականացնող մարմինների վարույթում գտնվող գործերի վերաբերյալ տեղեկություններ կամ փաստաթղթեր պահանջելու ժամանակ: Մասնավորապես, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերն իրավացիորեն սահմանում են, որ բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում կայացնելուց հետո Պաշտպանը, բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով, իրավասու է ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ բողոքին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից և պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, ստանալ բողոքի ուսումնասիրության ընթացքում առաջացած հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ծանոթանալ բողոքին առնչվող ցանկացած նյութի և փաստաթղթի: Դրան հակառակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Նույն օրենսգրքի 1-ին հոդվածը արձանագրում է. «Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով: Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար»: Ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի՝ օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին (հոդված 9, 1-ին մաս): «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն իր հերթին արձանագրում էր, որ դատախազը, քննիչը պարտավոր չեն բացատրություններ տալ իրենց վարույթում գտնվող գործերի, նյութերի վերաբերյալ, ինչպես նաև դրանք տրամադրել ծանոթանալու այլ կերպ, քան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով:
Մեկ այլ հանգամանք ևս. ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի՝ Պաշտպանը, բողոքում բարձրացված հարցերի ուսումնասիրման նպատակով, իրավասու է ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական, կարգապահական, տնտեսական և այլ իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատարանի դատավճիռները, վճիռները, որոշումները օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է գործերի հարուցումը: Ինչպես երևում է, օրենքը չի հիշատակում քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաև կասեցնելու վերաբերյալ որոշումների մասին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ձևավորված պրակտիկան վկայում է, որ կարճված կամ կասեցված քրեական գործերը պահանջելիս առաջանում են խնդիրներ այն հաշվով, որ դրանք կա՛մ ընդհանրապես չեն տրամադրվում՝ հղում կատարելով քրեադատավարական օրենսդրության վրա, կա՛մ էլ նման թույլտվություն տրվում է, սակայն գործի նյութերի ծանոթացումը կատարվում է տվյալ պետական մարմնում: Հետևաբար, ինչպես ՀՀ քր. դատ. օրենսգրքում, այնպես էլ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ:
Մեր խորին համոզմամբ՝ քրեադատավարական գործունեության ոլորտում Պաշտպանին պետք է օժտել խիստ որոշակի լիազորություններով, ինչը պետք է նպատակ հետապնդի ոչ թե փոխարինել քրեական գործի վարույթն իրականացնող մարմիններին (հետաքննության մարմին, քննիչ, դատախազ, դատարան), այլ լրացնել քրեադատավարական ոլորտում անձի իրավունքների պաշտպանության կառուցակարգերը:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել