Աշխատանքային պայմանագրի լուծում. ո՞վ իրավունք ունի լուծել Ձեր և գործատուի միջև կնքված պայմանագիրը

Աշխատանքային պայմանագրի լուծում ասելով հասկանում ենք աշխատանքային հարաբերությունների դադարում, ավարտ, իսկ լուծման հիմքերը ամրագրված են Աշխատանքային օրենսգրքում:

Այդ հիմքերից մեկն է՝ աշխատանքային պայմանագիրի լուծումը կողմերի համաձայնությամբ, որի դեպքում մի կողմը գրավոր առաջարկում է մյուս կողմին լուծելու պայմանագիրը: Առաջարկի հետ համաձայնվելու դեպքում մյուս կողմը պետք է յոթ օրվա ընթացքում իր համաձայնության մասին ծանուցի առաջարկ ներկայացրած կողմին: Եթե կողմերը համաձայնվում են լուծել պայմանագիրը, ապա այդ մասին կնքում են գրավոր համաձայնագիր, որում նշվում են պայմանագրի լուծման ժամկետը և այլ պայմաններ, սակայն եթե պայմանագիրը լուծելու առաջարկություն ստացած կողմը նախատեսված ժամկետում չի ծանուցում պայմանագիրը լուծելու իր համաձայնության մասին, ապա աշխատանքային պայմանագրի լուծման մասին առաջարկը համարվում է մերժված:

Իրավաբան Զարուհի Հարությունյանի խոսքով՝ պրակտիկայում հազվադեպ է լինում, որ այդ կարգը պահպանվի: Սովորաբար, կողմերը որոշում են բանավոր, իսկ պայմանագիրն էլ ձևակերպվում է արդեն գործատուի ընդունած անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել նաև  պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում, ինչպես  աշխատողի, այնպես էլ  գործատուի նախաձեռնությամբ:

«Բայց շատերը կարծում են, որ «աշխատողի նախաձեռնությամբ» օրենքում սահմանված աշխատանքային պայմանագրի դադարման հիմքը իրենց իրավունք է վերապահում նախաձեռնել և այլև չներկայանալ աշխատանքի, մինչդեռ գոյություն ունի օրենքով սահմանված ընթացակարգ համաձայն որի՝ աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին»,-նշում է նա:

Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ: Մինչդեռ աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

«Պրակտիկայում կարող ենք հանդիպել դեպքերի, երբ աշխատակիցը այլևս չի ցանկանում աշխատել և զայրացած դիմումը տալիս և դուրս է գալիս աշխատավայրից, կամ, օրինակ, ազատման դիմումը տալու հաջորդ օրը չի ներկայանում աշխատանքի, այս դեպքում արդեն գործատուն կարող է իր նախաձեռնությամբ լուծել աշխատանքային պայմանագիրը Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի առաջին մասի 9-րդ կետով սահմանված հիմքով՝  անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու հիմքով: Իհարկե այս տարբերակը ցանկալի չէ աշխատողի համար, քանի որ աշխատանքային գրքույկում նշվում է, թե ինչ հիմքով է ազատվել աշխատանքից և դա հետագայում նոր աշխատանք փնտրելիս խնդիրներ կարող է առաջացնել»,-մեզ հետ զրույցում նշեց իրավաբան Զարուհի Հարությունյանը:

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել այլ հիմքերով, օրինակ՝ աշխատողի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, աշխատողի մահվան և օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել