Խիստ նախազգուշացում՝ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը՝ մայրաքաղաքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչների և ոլորտի պատասխանատուների հետ շրջայց է կատարել, որի ընթացքում ուսումնասիրվել են Երևանի արտաքին լուսավորության և էլեկտրատրանսպորտային հենասյուների վրա տվյալ ընկերությունների կողմից տեղակայված օպտիկամանրաթելային մալուխների համապատասխանությունը անվտանգության և տեխնիկական պայմանների պահանջներին:

Արձանագրելով ծառայություն մատուցող օպերատորների անփույթ և ոչ հետևողական աշխատանքի հետևանքով առաջացած բազմաթիվ թերությունները՝ քաղաքապետի առաջին տեղակալի հանձնարարությամբ մալուխների մի մասը տեղում ապամոնտաժվել են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Եթե Երևանի քաղաքապետարանը, հանրային պահանջները բավարարելու նպատակով օպերատորներին թույլ է տվել Երևան քաղաքի սեփականությունը հանդիսացող հենասյուների վրա մալուխներ տեղակայել, դա չի նշանակում, որ ով ինչպես կամենա, այնպես էլ պետք է տնօրինի այդ հենասյուները՝ բացահայտ տհաճ և անընդունելի, թափթփված տեսարան ստեղծելով:

Տեխնիկական հստակ պահանջներ կան դրված, որոնք օպերատորները պարտավոր են պահպանել: Բայց, ինչպես տեսնում ենք, ոմանք կամ զլացել կամ էլ ուղղակի անտեսել են հստակ պահանջները, ինչը, բնականաբար, անհետևանք չի կարող մնալ: Հաշվի առնելով նաև մեր համաքաղաքացիների շահերը՝ ովքեր, բնականաբար, չպետք է տուժեն օպերատորների թույլ տված ակնհայտ անբարեխղճության համար, մենք այսօր ձեռնպահ մնացինք այս բոլոր մալուխներն ապամոնտաժելուց՝ պայմանով, որ առավելագույն կարճ ժամկետում կարգի բերեն ամեն ինչ, այլապես կարժանանան ապամոնտաժվածների բախտին», – ընդգծել է Կամո Արեյանը:

Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների ներկայացուցիչները վստահեցրել են, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի հենասյուների վրա տեղակայված իրենց մալուխները կբերեն պատշաճ տեսքի և կհամապատասխանեցվեն անվտանգության ու տեխնիկական պայմանների բոլոր պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել